×


Էմմա Բալբաբյան.“Ցանկանում էի պարզել, թե ամերիկյան հաղորդավարներն ինչ գաղտնիքների են տիրապետում\"

“Բուդուար” եւ “7 երգ” հաղորդումներից հայտնի Էմմա Բալբաբյանը Միացյալ Նահանգներում էլ շարունակում է գործունեությունը հեռուստատեսության ոլորտում: Շուրջ երեք տարի Գլենդեյլում բնակվող հաղորդավարուհին BRAVO.am-ին պատմել է իր մասնակցությամբ նոր նախագծերի մասին եւ ոչ միայն:

Էմմա Բալբաբյանը


-Նախորդ տարի հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ “ARTN Shant TV”-ով հեռարձակվում է Ձեր հեղինակային “Fashion with Emma” հաղորդումը: Ի՞նչ ճակատագիր ունեցավ նախագիծը:

-Այն այսօր էլ եթերում է, նաեւ վերսկսել եմ “7 երգ” երաժշտական հաղորդումը: Իսկ գործընկերոջս` Գեւորգ Եղիազարյանի հետ “Նոր օր”-ի շրջանակում յուրաքանչյուր օր մեկ ժամ ուղիղ եթերում հետաքրքիր փաստեր ու նորություններ ենք հաղորդում հայերենով, ինչն ամենակարեւորն է արտերկրում:

-Ամերիկյան հեռուստաշուկա մուտք գործելու ցանկություն ունե՞ք:

-Նման մտադրություն կա: Ժամանակի խնդիր է: Արդեն ավարտել եմ “Modeling and Actig” դպրոցի դասընթացները, որոնց հաճախում էի դերասանական հմտություն ձեռք բերելու, ինչպես նաեւ պարզելու համար, թե ամերիկյան հաղորդավարներն ինչ գաղտնիքների են տիրապետում:

Էմմա Բալբաբյանը


-Տարբերություն տեսնո՞ւմ եք հայաստանյան եւ ամերիկյան հեռուստադիտողների միջեւ:


-Իհարկե: Լոսանջելեսյան հայ հեռուստադիտողն ավելի մոտ է հաղորդավարին: Գուցե պատճառը կարոտն է, չգիտեմ, կամ գուցե հայերեն մաքուր խոսքի պակասը. հաղորդման ավարտից հետո անմիջապես զանգահարում են եւ գովեստի ջերմ խոսքեր ասում, կամ էլ փողոցում կարող են մոտենալ ու համբուրել: Հայաստանյան հեռուստադիտողը թե՛ ալիքների, թե՛ հաղորդումների ավելի մեծ ընտրություն ունի, այդ իսկ պատճառով գուցե ամեն հաղորդման կամ հաղորդավարի մասին կարծիք չարտահայտի: Շատ եմ կարոտել Հայաստանի հեռուստադիտողին:

-Ի՞նչ է Ձեզ համար նորաձեւությունը էկրանի հակառակ կողմում:

-Թե՛ էկրանին, թե՛ նրա հակառակ կողմում նորաձեւությունն ինձ համար ապրելակերպ է: Եթերում եւ հատկապես “Fashion with Emma” հաղորդումը վարելիս պարտավոր եմ լինել նորաձեւ, որովհետեւ գիտակցում եմ, որ հեռուստատեսությունը կրթող համակարգ է: Եթերից դուրս գրեթե նույնն եմ, ինչ էկրանին: Չեմ շպարվում, բայց իրերս եւ հագուստս ինձ հետ քայլում են նորաձեւության տենդենցներին զուգահեռ, սակայն երբեք չեմ դառնում դրա գերին: Նորաձեւությունն այնքան իմն է, որ որոշեցի հենց եթերով խոսել այդ անեզր աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների  մասին:


-Հետեւո՞ւմ եք հայաստանյան նորաձեւությանը:

-Ուրախ եմ, որ հայ աղջիկներն ավելի խնամված են դարձել եւ սկսել են կոկիկ հագնվել: Չցանկանալով նեղացնել որեւէ մեկին` պետք է անկեղծ լինեմ: Կան դիզայներներ, ովքեր լուրջ քայլերով առաջ են գնում: Նրանց աշխատանքներում տեսնում եմ ձեռագիր, ինչը շատ կարեւոր է: Իսկ այն, որ այսօր յուրաքանչյուր երկրորդը Հայաստանում ցանկանում է որպես դիզայներ ներկայանալ, մեղմ ասած, անլուրջ է: Նայում ես այդ մարդուն, նորաձեւ ոչ մի իր չի կրում… Արդեն իսկ անհասկանալի է` ինչպես կարող է նա ոճ թելադրել կամ կրթել:

-Բավական հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեք: Մտերիմների, հարազատների եւ ընկերների համար ազատ ժամանակ մնո՞ւմ է:

-Շատ քիչ: Եթե մնում էլ է, փորձում եմ անցկացնել ամուսնուս, նրա ընկերների, հարազատների հետ: Իմ ընտանիքը, ընկերները, բարեկամները հիմնականում Հայաստանում են:

-Հարմարվե՞լ եք ամերիկյան ապրելակերպին:


-Այո, այն էլ ինչպես:

Էմմա Բալբաբյանը


-Այն շա՞տ է տարբերվում երեւանյանից:

-Այլ մոլորակ է: Շատ եմ ճամփորդել, բայց ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է` մարդիկ, սնունդը, երթեւեկությունը, օրենքները, օրենքի ուժը, նախասիրությունները, ապրելակերպը: Պետք է այդ ռիթմի մեջ լինես, որ հասցնես:

-Այս ընթացքում երբեւէ չե՞ք այցելել Հայաստան:

- Դեռ ոչ, բայց կարծում եմ` ինձ համար այդքան սպասված այցը չի ուշանա:

-Ընտանիք, հարազատներ, ընկերներ, սիրելի աշխատանք արդեն իսկ ունեք: Ի՞նչ եք երազում այսօր:

-Երազում եմ, որ ինձ հարազատ մարդիկ միշտ առողջ լինեն եւ իմ կողքին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիանա Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին