×


Ո՞վ կզարմացնի Էմմիին, Անդրեին, Գարիկին եւ Եգոր Գլումովին :)

“X Factor” երաժշտական նախագծի 3-րդ եթերաշրջանը շուտով կմեկնարկի: Մասնակիցների հայտագրումից հետո սկսվել է լսումների փուլը, որը մի քանի օրից կցուցադրվի “Շանթ”-ի եթերում: BRAVO.am-ը նախքան հեռարձակումը բացահայտում է, թե այս անգամ ովքեր են ժյուրիի կազմում: Եվ այսպես, պատասխանատու դերը ստանձնել են Եգոր Գլումովը, Էմմին, Անդրեն եւ Գարիկ Պապոյանը: 

\"X Factor 3\" նախագծի ժյուրիի կազմը


Հեռուստաշոուի պրոդյուսեր եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ ժյուրիի անդամների վերջնական ընտրությունից առաջ տարբեր երգիչների ու երաժիշտների անուններ են քննարկվել.“Մենք ցանկանում էինք, որ կազմում թարմ մտածելակերպով երիտասարդ երգչուհի լինի: Էմմին բացի երիտասարդ ու գեղեցիկ լինելուց, նաեւ փորձառու երգչուհի է”:

Առաջին եթերաշրջանում ժյուրիի կազմում են եղել Նաիրա Գյուրջինյանը, Գիսանե Պալյանը, Գարիկը եւ Եգոր Գլումովը, իսկ երկրորդում` Նաիրա Գյուրջինյանը, Գարիկը, Անդրեն եւ Գիսանե Պալյանը.“Նախագծի կանոնների համաձայն` ժյուրիի անդամներին ընտրելիս հաշվի ենք առնում, որ երաժշտական տարբեր ժանրեր սիրեն եւ ներկայացնեն` էստրադայից մինչեւ դասական ու ռոք, նաեւ կարողանան միասին աշխատել”,-նշել է Աննան:

Շուտով կմեկնարկի “X Factor” երաժշտական նախագծի 3-րդ եթերաշրջանը


Էմմին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` թեեւ առաջին անգամ է նման ձեւաչափի նախագծի ժյուրիի կազմում, վստահ է իր ուժերի վրա.“Ութ տարեկանից բեմում եմ, անցել եմ բավական երկար ուղի, գիտեմ` ինչ է պետք եիտասարդներին, որ կարողանան ճիշտ ճանապարհ ընտրել, կարող են ինձ վստահել: Կփորձեմ սկսնակ երգիչներին հնարավորինս օգտակար լինել, որ հասնեն իրենց երազանքին”:

Երգչուհու խոսքով` դժվարանում է մասնակիցներին մերժել.“Յուրաքանչյուրին պետք է տալ փորձելու հնարավորություն եւ չկաշկանդել, բայց միեւնույն ժամանակ, եթե զգում ես, որ մարդը տաղանդ չունի, ավելի լավ է միանգամից ասել այդ մասին, որ նա չհայտնվի այն մասնակիցների տեղում, ովքեր ձայնային լավ տվյալներ ունեն”:

Եգոր Գլումովն արդեն “վաստակավոր” ժյուրիի անդամ է, նա բազմիցս մասնակցել է “Շանթ”-ի նախագծերին. “Համոզված եմ` այս անգամ էլ կլինեն տաղանդներ, որ մեզ կզարմացնեն, հնարավոր է` վերջին օրն այնպիսի մասնակից գա, որ բոլորս շշմենք:): Իհարկե, հաղթողը միայն մեկն է, եւ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի նախագծից դուրս մնալուն”,-նշել է ռադիոհաղորդավարը` հավելելով, որ կապ է պահպանում առաջին եթերաշրջանի եզրափակչի մասնակիցների հետ.“Փորձում եմ նրանց օգտակար լինել, ի վերջո, “GigaBeat”-ի Բագրատը դարձել է իմ սանիկը: Տղաները տարբեր հարցերով դիմում են ինձ, հաճախ ենք շփվում”:

Շուտով կմեկնարկի “X Factor” երաժշտական նախագծի 3-րդ եթերաշրջանը


Նշենք, որ “X Factor”-ի առաջին եթերաշրջանի հաղթող է դարձել Վրեժ Կիրակոսյանը, իսկ երկրորդ “X Factor”-ը Կիմ Գրիգորյանն է.“Այս բոլոր նախագծերը նրանց տալիս են հայտնի դառնալու հնարավորություն, իսկ թե հետագայում ինչպես կաշխատեն ու կօգտագործեն այդ ձեռքբերումը, մի քիչ էլ նրանցից է կախված”,-նշել է Աննա Թադեւոսյանը:

Բրիտանական հեռուստանախագծի հեղինակները հայկական տարբերակի 3-րդ եթերաշրջանում նորամուծություն են արել.“Ժյուրիի տուն”/“Judge House”/ եւ թատրոնի փուլերի փոխարեն ավելացել է “4 աթոռի պայքար” փուլը.“Շատ հետաքրքիր եւ դրամատիկ փուլ է, որը փոխում է ծրագրի ողջ ընթացքը. կարծում եմ` հեռուստադիտողները շատ կհավանեն”,-ասել է պրոդյուսերը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է “Շանթ” հեռուստաընկերությունը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին