×


Էռնա Միրզոյանը

Էռնա Միրզոյանը՝ թուրք ժյուրիից մրցույթի հրավերի եւ իր տարիքի մասին

Էռնա Միրզոյանը շուտով կներկայանա նոր երգերով, նաեւ կթողարկի իր առաջին տեսահոլովակը։ «Արցախի ձայներ»-ի անդամ երգչուհին վաղ տարիքից մասնակցել է տարբեր մրցույթների, այնուամենայնիվ «Նոր ալիքը» համարում է իր կյանքի ամենալուրջ մրցույթը։ Ի դեպ, նա մասնակցել է մանկական «Նոր ալիք»-ի ընտրական փուլերին, սակայն չի հասել եզրափակիչ, իսկ 2017-ին Սոչիում կայացած մեծահասակների մրցույթում, լինելով ամենակրտսեր մասնակիցը, հաղթանակ գրանցեց։

BRAVO.am-ի հետ զրույցում Էռնան պատմել է, որ «Նոր ալիք»-ից հետո իր կյանքն ավելի հետաքրքիր ու լեցուն է դարձել.«Իզուր չէ, որ կոչվում է «Նոր ալիք». նոր հնարավորություններ ու առաջարկներ են լինում։ Մրցույթից հետո հասունացել ու մեծացել եմ, հաղթելուց բացի լավ փորձ էր, ինչն օգնում է յուրաքանչյուր հարցում, նույնիսկ մարդկանց հետ շփվելիս»։

Էռնա Միրզոյանը


Էռնան այդ հաղթանակից հետո եւս մեկ առաջին հորիզոնական է գրավել։ Լիտվայի Կաունաս քաղաքում վերջերս մասնակցել է «Կաունասի տաղանդ» միջազգային մրցույթին՝ կատարելով Բրունո Մարսի «24K magic» հիթն ու Ալեքսանդր Դնեպրովի եւ Թաթա Սիմոնյանի «Армения моя» երգը.«Փոփ ժանրում մոտ 70 մասնակից կար՝ անհատներ ու երգչախմբեր՝ Իտալիայից, Խորվաթիայից, Մալթայից եւ այլ երկրներից։ Հաճելի էր, որ հաղթելուց հետո ժյուրիի անդամների կողմից իրենց կազմակերպած փառատոններին ու մրցույթներին մասնակցելու առաջարկներ ստացա, որոնք պետք է քննարկեմ մեր պրոդյուսերի՝ Լիրա Քոչարյանի հետ։ Նույնիսկ թուրք ժյուրիի անդամը հրավիրեց Թուրքիայում անցկացվող ինչ-որ մրցույթի, քանի որ չեմ գնալու, չհետաքրքրվեցի մանրամասներով։ Նա առաջին օրը տարօրինակ հայացքով էր նայում, բայց ինձ մոտ հարց չէր առաջացել, թե ով է, միայն վերջում իմացա, որ թուրք է»։

19-ամյա երգչուհին իր տարիքի մասին ժպիտով է խոսում.«Ցավոք, 19 տարեկան եմ, կուզեի ավելի փոքր լինել կամ իմ տարիքին համապատասխան երեւալ, որովհետեւ մարդիկ չեն հավատում, որ արդեն չափահաս եմ, անձնագիր են պահանջում։ Երբ «Հայաստանի ձայնը» նախագծին էի մասնակցում, հաճախ ասում էին՝ ով է այն փոքր աղջիկը, որ մասնակցում է մեծերի մրցույթին։ Ամեն մեկն իր յուրահատկությունն ունի, երեւի փոքր երեւալն էլ իմ առանձնահատկությունն է:)»։

Էռնա Միրզոյանը


Էռնան նաեւ տեղեկացրել է, որ «Արցախի ձայները» այս օրերին ելույթներ ունեն Երեւանում, բացի այդ ձայնագրում են նոր երգեր.«Երեւան-Ստեփանակերտ «տրանզիտի» մեջ ենք, հաճախ ենք լինում Երեւանում։ Հիմա միասին քննարկում ենք մեր հետագա երգերի ոճը, որ հանդիսատեսին նորություններ մատուցենք»։

BRAVO.am
Լուսանկարները` Էռնա Միրզոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին