×


Էվա Խաչատրյան.«Այնքան ոգեւորված էի, որ առաջինը մայրիկիս պատմեցի»

Էվա Խաչատրյանը BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում ներկայանում է հարսի կերպարում։ Երեւանի կամերային թատրոնի դերասանուհին սիրում է կերպարանափոխվել, մեկ զգեստի փոխարեն նախընտրեց երկուսը կրել՝ լուսանկարահանման ընթացքում ոգեւորելով իր հետ աշխատող թիմին եւ ստեղծելով աշխույժ մթնոլորտ։ Նկարահանման ավարտից հետո 25-ամյա Էվայի հետ զրուցել ենք անձնական թեմաների շուրջ։

Էվա Խաչատրյանը


Հարսի կերպարում իմ առաջին ֆոտոշարքն է
, բայց ճերմակ շոր կրել եմ դպրոցական տարիներին, երբ ինձ փորձում էի մոդելային ասպարեզում ու մասնակցում գեղեցկության մրցույթների։ Նաեւ մի քանի անգամ մասնակցել եմ հարսանյաց զգեստների ցուցադրությունների։

Թեթեւ նկարահանում էր, հաճույք էի ստանում ընթացքից։
Այնքան ոգեւորված էի, որ մայրիկիս առաջինը պատմեցի ու հեռախոսով արված լուսանկարները ցույց տվեցի։ Պետք է խոստովանեմ, որ ինձ ոգեւորեցին դիզայներ Սվետլանա Բեգոյանի մտքերն ու զգեստների շքեղությունը։ Կազմվածքս ընդգծող զգեստն ինձ ավելի հարազատ թվաց, էլեգանտ էր. գաղտնիք չէ, որ սիլուետային գծերը կնոջն ավելի հետաքրքիր են դարձնում։
   
Ես դեռ չունեմ այն հարցի պատասխանը, թե երբ կամուսնանամ։ Ապագա ամուսնուս հետ պետք է հոգեպես ներդաշնակ լինեմ, որ առանց խոսքի էլ հայացքով իրար հասկանանք. հոգիների կապը կբերի ամուսնության։ Անկեղծ ասած, իմ կողքին շատ ազատ մտածողությամբ տղամարդ եմ պատկերացնում, կապանքներից ու կարծրատիպերից դուրս, որ առյուծի հոգի ունենա։ Կարծում եմ՝ ուշ կգտնեմ նրան, բայց այնքան եմ հավատում, որ մեկ օր կհանդիպեմ նրան։

Էվա Խաչատրյանը


Իմ կյանքում եղել է այնպիսի հարաբերություն, որ մտածում էի՝ ընտանիք կկազմեմ։ Խենթ, երեխայական սիրահարվածություն էր, որն ուզում էինք արագ ամրացնել նշանադրությամբ` ծնողների համաձայնությունը ստանալու համար, բայց չստացվեց։ Որքան խենթ ու արագ սկսվեց, այնպես արագ էլ ավարտվեց։ Սիրո հարցում զույգը պիտի միմյանց ընկալի ու հասկանա, ճանաչի ու իսկապես սիրի, այդ դեպքում կլինի կայուն ընտանիք` առանց ստի ու խաղի։

Սնահավատություն է, թե նախքան հարսանիքը չի կարելի հարսանեկան զգեստ կրել։
Ինձ համար հարսի զգեստով ամուսնանալն այնքան էլ կարեւոր չէ։ Ավելի կարեւոր է ճիշտ մարդու հանդիպել, թեկուզեւ առանց հարսանիքի երջանիկ ընտանիք կազմել։ Երբեւէ չեմ երազել ճերմակ զգեստի մասին, դեռ դպրոցական տարիքից տարբերվել եմ իմ մտածողությամբ ու շարժուձեւով։ Սիրում եմ տարբերվել, թեպետ մեկ-մեկ խոչընդոտ էր լինում, որովհետեւ «սովետական» մտածողություն կար, որ քիչ-քիչ պակասում է։ Կարծում եմ՝ տարբերվող մտածողությամբ մարդը մեկ քայլ առաջ է մյուսներից, այսինքն՝ ամբոխից։

Էվա Խաչատրյանը


Այժմյան դպրոցական աղջիկներն ավելի ազատ են, իսկ ես «սպիտակ ագռավ» էի։  Մի քանի դպրոց եմ փոխել, վերջին դպրոցում խիստ կանոնակարգ էր, իսկ ես բարձրակրունկներով դասի էի գնացել… Նույնիսկ տարել են տնօրենի մոտ` հոնքերս հանելու համար։ Բայց կողմ եմ կարգապահությանը, ընդունում եմ համազգեստը, ինչը հավասարություն է բերում։

Դեռահասության տարիքում աղջկական խառնվածք չեմ ունեցել, ավելի ագրեսիվ էի ու տղային բնորոշ բնավորությամբ։
8-րդ դասարանից հետո աստիճանաբար ձեւավորվեց իմ եսը. մինչ այդ եղել եմ խենթ, դասերից փախչող, կռիվ անող ու ծեծող աղջիկ։ Հիմա էլ նպատակասլաց ու պայքարող եմ, նպատակներիս միշտ հասնում եմ իմ տրամադրվածությամբ ու աշխատասիրությամբ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Զգեստները՝  Սվետլանա Բեգոյանի
Վարսահարդարումն ու դիմահարդարումը՝ «Beauty by Julhakyan's»/Նանո Ջուլհակյան, Լիանա Այվազյան/
Նկարահանման վայրը՝ «Meloman» ռեստորան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին