×


Էվա Խաչատրյանը՝ իր կնքահոր եւ դաժան իրավիճակի մասին

Շուտով մեծ էկրան կբարձրանա «Շեն կենաս» կատակերգությունը: Խաղարկային ֆիլմը ԵԹԿՊԻ Արմեն Էլբակյանի արվեստանոցն ավարտած ուսանողների համատեղ աշխատանքն է, հիմնական կազմում համակուրսեցիներն են եւ նրանց ընկերները։ Սցենարի համահեղինակն ու բեմադրող ռեժիսորն Ալբերտ Եզակյանն է, երկրորդ ռեժիսորն Էդուարդ Աբրահամյանն է։ Դերակատարներն են Հակոբ Հակոբյանը, Էվա Խաչատրյանը, Հրանուշ Չիչակյանը, Մեսրոպ Աբտոյանը, Աննա Մանուչարյանը, Համո Ադիյանը, Արմինե Գաբրիելյանը եւ այլք։

«Շեն կենաս» կատակերգության նկարահանումներին


Լիամետրաժ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ավանդական ու պահպանողական Շենկենաս գյուղում, որտեղ բարեկամների մոտ արձակուրդի են գալիս մայրաքաղաքի աղջիկները։ Քույրերը ոչ միայն չեն ցանկանում ինտեգրվել գյուղական միջավայրում, ավելին՝ ուզում են «քաղաքաֆիկացնել» իրենց բարեկամուհուն՝ Հրիկին: Մինչդեռ Լեռնիկը՝ գյուղի երիտասարդներից մեկը, որը սիրում է Հրիկին, դեռ մանկուց հակակրանք ունի քաղաքի բնակիչների հանդեպ: Նրա անբաժան ընկերները՝ Մոսոն ու Սամոն, փորձում են համոզել, որ ո՛չ քաղաքը, ո՛չ գյուղը չեն կարող փոխել մարդկային հատկությունները։

Գլխավոր դերակատարներից Էվա Խաչատրյանը BRAVO.am-ին պատմել է «Շեն կենաս»-ի ստեղծման մասին.«Շատ դժվարություններ ենք ունեցել՝ դադարներով ու վերանկարահանումներով։ Կուրսեցիներով նախաձեռնել ենք դեռ երեք տարի առաջ, ուս ուսի տված ոգեւորված աշխատել ենք։ Ինձ համար ուղղակի ֆիլմ չէ, որում նկարվել եմ. հագուստից, գրիմից սկսած՝ ամեն մանրուք միասին ենք որոշել։ Դերասան լինել չի նշանակում միայն քո կերպարը կերտել. աշխատել ենք կադրից դուրս, բոլորիս ներդրումն ու, բառի բուն իմաստով, քրտինքը կա. օրինակ՝ ես դաշտում նկարահանման ժամանակ անընդհատ ընկնում էի դաշտում, շոգ եղանակին չոր խոտերից մարմինս քերվել էր։ Այնքան դաժան վիճակում էի, որ ուզում էի լաց լինել:)»։

Էվա Խաչատրյանը՝ կնքահոր՝ Ալբերտ Եզակյանի հետ


Էվան մասնակցել է մոնտաժային աշխատանքին եւ վերջնարդյունքն արդեն դիտել է։ Նրա փոխանցմամբ՝ ֆիլմը մարդկային ջերմ ու պարզ հարաբերությունների մասին է. «Գլամուրային աղջկա դերում եմ: Երբ քրոջս՝ Աննա Մանուչարյանի մարմնավորած կերպարի հետ գնում ենք գյուղում ապրող մեր բարեկամուհու տուն, սկսվում են արկածները։ Գյուղի բնակիչներն ուրախությամբ մեզ ընդունեցին. հիմնականում նկարահանող խմբի բարեկամների տներում ենք եղել, բայց բոլորն էլ հյուրասիրում էին ու աջակցում։ Գյուղի երեխաները եւս նկարվել են որոշ տեսարաններում»։

Ի դեպ, օրեր առաջ՝ Սուրբ Հարության տոնին, ռեժիսոր Ալբերտը դարձել է Էվայի կնքահայրը.«Մենք դեռ ուսանողական տարիներից մտերիմ ենք։ Վերջին ամիսներին մկրտվելու ցանկություն ունեի, բայց հատուկ որեւէ խնդրով պայմանավորված չէր։ Արարողությունը զուսպ ու փոքր էր, ներկա էին միայն հարազատներս։ Այս ֆիլմի համար սրտացավ եմ, Ալբերտի հետ մտերմությունը նաեւ ինձ դրդեց, որ կադրից դուրս մասնակցեմ ստեղծման ընթացքին»։

BRAVO.am
Լուսանկարները` Էվա Խաչատրյանի եւ Ալբերտ Եզակյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին