×


Էվա Ոսկանյան.«Մենք ընկերացանք, չնայած՝ պետք է իրար դեմ պայքարեինք»

«Ուկրաինայի ձայնը 7»-ի հայ մասնակիցներ Լուսինե Քոչարյանի եւ Էվա Ոսկանյանի մասին արդեն պատմել ենք: Նրանք, հաղթահարելով «Կույր լսումներ» փուլը, միասին բեմ են բարձրացել «Մենամարտ» փուլում։ «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալայի թիմի աղջիկները երգել են «How Deep is Your Love» հիթը, որն ընտրվել է մարզչի եւ հեռուստանախագծի կազմակերպիչների կողմից։ Ուկրաինական «Ձայն»-ում այժմ պայքարը շարունակում է Լուսինեն, իսկ Էվայի հետ զրուցել ենք կադրից դուրս կատարվածի մասին։

Լուսինե Քոչարյանը եւ Էվա Ոսկանյանը


Ինչպես BRAVO.am-ին հայտնել է Էվան, երգի ընտրությունն իր սրտով չի եղել.«Այս երգը նախատեսված է դիսկոտեկներում պարելու համար, իսկ ձայնի մրցույթին, կարծում եմ, համապատասխան չէ։ Փոփ ոճում բազմաթիվ երգեր կան, որոնք վոկալն արտահայտելու հնարավորություն են տալիս։ Այնուամենայնիվ, ես այս փուլի համար տատիկիս մահվանից օրեր անց նորից մեկնեցի Կիեւ. իրավունք չունեի հրաժարվելու, չգնալ չէի կարող»։

Տեսանյութում ակներեւ է, որ Էվան չի տխրում, այլ ժպիտով է բեմից հեռանում.«Ես իսկապես ուրախ էի: Ամեն ինչ տանում էր դրան, տրամադրված էի, որ իմ վերջին ելույթն է։ Ուրախ եմ, որ Լուսինեն անցավ հաջորդ փուլ, նա Կիեւում է ապրում, նրա համար այնտեղ նոր «դռներ» կբացվեն, հանդիսատեսը կճանաչի ու կհետեւի նրա գործունեությանը։ Անձամբ սպասում եմ Լուսինեի հայկական երգերի սկավառակին, նույնիսկ մի փոքր հատված լսել եմ»։

Էվա Ոսկանյանը եւ Ջամալան


Կադրից դուրս Էվան եւ Լուսինեն մտերմացել են.«Երբ նախագծի ժամանակ ամուսնուս հետ լսեցինք հայկական երգի առաջին հնչյունները, վերեւի հարկից վազեցինք դեպի բեմ, որ տեսնենք՝ ով է երգում։ Այդ օրվանից ընկերացանք, բայց, ըստ ձեւաչափի, մեզ ասում էին, որ պետք է ցույց տանք, թե իրար դեմ ենք ու մրցենք։ Ի դեպ, նախագծում եւս երկու հայ կա՝ Եկատերինա Մարգարյանը եւ Նարեկ Գեւորգյանը։ Նրանց հետ ջերմորեն շփվել ենք, յուրաքանչյուրն իր տեսակի մեջ առանձնահատուկ է։ Չգիտեմ՝ արդյոք հայ լինելու հանգամանքն է, բայց հոյակապ մարդիկ են, մրցույթից ինձ մնաց մարդկային շփումը։ Իմ կյանքում ձեռք եմ բերել այդպիսի գանձեր»։

Ռոք-երգչուհի, դաշնակահար Էվան այժմ Երեւանում է, երբեմն ելույթ է ունենում ակումբներում եւ պատրաստվում է նորություններ ներկայացնել։

BRAVO.am
Լուսանկարները՝ Էվա Ոսկանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին