×


Էվա Ոսկանյանը՝ «Ուկրաինայի ձայն»-ի, մեղրամիսը զոհաբերելու, հիասթափության եւ Ջամալայի մասին

«Ուկրաինայի ձայնը» նախագծի 7-րդ եթերաշրջանին մասնակցում է երեւանցի ռոք-երգչուհի, դաշնակահար Էվա Ոսկանյանը։ Կույր լսումների փուլին նա կատարել է Զեմֆիրայի «Любовь, как случайная смерть» երգը, իսկ մարզիչներից նրա ելույթի ժամանակ պտտվել է «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող երգչուհի Ջամալան։ BRAVO.am-ի հետ զրույցում Էվան պատմել է իր մասնակցության իրական նպատակի մասին։

Էվա Ոսկանյանը


Երգչուհին շատ է սիրում «Օկեան Էլզի» ռոք-խումբը եւ մենակատար Սվյատոսլավ Վակարչուկին, որը մի քանի եթերաշրջան մարզիչների շարքում էր, ի սկզբանե  որոշել էր մասնակցել հենց նրա հետ շփվելու համար.«Ելույթիս օրը տեղեկացա, որ Վակարչուկը չի լինելու, բայց արդեն ուշ էր: Այդ փաստից մի քիչ հիասթափված ելույթ ունեցա, բայց ամեն դեպքում պատասխանատվությունը մեծ է, պետք է շարունակել»։

Էվան խոստովանում է, որ չէր ցանկանում՝ իր ելույթի ընթացքում որեւէ մեկը շրջվեր. «Հաջորդ փուլեր անցնելը նշանակում է՝ կամ պետք է երկար մնալ Կիեւում, կամ անընդհատ գնալ-գալ, ինչը կապված է ֆինանսի ու հնարավորությունների հետ։ Եթե Վակարչուկը լիներ, իմ նպատակն ավելի արդարացված կլիներ, կարծում էի՝ շարունակելն անիմաստ է»։

Էվա Ոսկանյանն՝ ամուսնու հետ


Հոկտեմբերի 1-ին ամուսնացած Էվան ամուսնու հետ Կիեւ է մեկնել հարսանիքից օրեր անց.«Կոպիտ ասած՝ մեր մեղրամիսը «զոհաբերեցինք» հանուն այս մրցույթի։ Կարող էինք այլ երկիր մեկնել ու հանգստանալ։ Այս դեպքում ամեն օր առավոտից մինչեւ գիշեր մասնակցում էի փորձերին։ Կույր լսումներից հետո տատիկս՝ Էլդա Գրինը, մահացավ։ Ես, իմանալով, որ նա կտրուկ վատացել է, ավիատոմս գնեցի ու վերադարձա Երեւան: Ինձ համար ցավալի է, որ տատիկս չի լսի ելույթս։ Նա միշտ ինձ աջակցում էր, դժվար պահերին հույս էր տալիս եւ ամենաշատն էր հետաքրքրված իմ երգելով ու հաջողություններով, ինձնից էլ շատ։ Նա ամենամեծ ավանդն ունի նրանում, թե ով եմ ես հիմա՝ մարդկային եւ մասնագիտական առումով»։

Էվա Ոսկանյանը եւ Ջամալան


Ջամալան Էվային ընտրելուց հետո եթերում նշում է, որ ադրբեջանցի մասնակից ունի, ցանկանում է նրանց ծանոթացնել.«Շփվելիս շատ տարօրինակ զգացողություն ունեի։ Անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելիությունից՝ ես մարդասեր եմ, բայց թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ ներքուստ անբացատրելի բան եմ զգում, երբ իմ տարածքում են հայտնվում։ Երաժշտական տարբեր հարթակներում առնչվել եմ, պայմաններն այնպիսին են եղել, որ շփվում ենք որպես երաժիշտներ։ Ակնհայտ լարվածություն չկար, փորձում էի չկենտրոնանալ։ Ոչ մի ուրիշ թեմայի ժամանակ չկար, Ջամալայի հետ եւս չենք խոսել խնդրի մասին։ Նա լավ թիմային աշխատանք է կատարում, շատ հաճելի է իր հետ աշխատել»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Էվա Ոսկանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին