×


Էվա Ոսկանյանի հարսանեկան հոլովակը եւ կյանքն ամուսնությունից հետո

Երաժիշտներ Էվա-Լեւոն զույգի ամուսնությանը BRAVO.am-ն անդրադարձել է, նաեւ պատմել ենք երգչուհու՝  «Ուկրաինայի ձայնը» նախագծին մասնակցության մասին: Նախորդ աշնանը պսակադրված զույգը հրապարակել է հարսանիքի հետաքրքիր դրվագները ներկայացնող տեսանյութ, որը կգտնեք նյութի վերջում:

Լեւոն Հախվերդյանը եւ Էվա Ոսկանյանը


Դաշնակահար, ռոք-երգչուհին օրեր առաջ Թբիլիսիում մասնակցել է «Ֆենիքս» միջկովկասյան երաժշտական մրցանակաբաշխությանը, որին ներկայացել է նաեւ «Ոստան Հայոց» ռոք խումբը.«Բացմանն առաջարկեցին ելույթ ունենալ ժողովրդական երգով, ես էլ կատարեցի «Դլե Յաման»-ը, որի ակուստիկ տարբերակը մշակել էի դեռ տարիներ առաջ, երբ Բեռլինում մասնակցում էի մրցույթ-փառատոնի։ Հետագայում նպատակ ունեմ «Դլե Յաման»-ը ձայնագրել ու հոլովակով ներկայացնել»։

Երաժիշտ-ամուսիններն այս շրջանում ակումբային փոքր համերգներ են ունենում։ Ծրագրավորող Լեւոնն, աշխատելով իր հիմնական մասնագիտությամբ, նաեւ միասին ելույթներ է նախաձեռնում.«Առավոտից գիշեր աշխատում է, ես էլ հաճախ նրան չեմ տեսնում, բայց նորաստեղծ ընտանիք ենք, աշխատում ենք, որ ոտքի կանգնենք։ Նա է կազմակերպում փորձերը, հավասարակշռված է, ես ավելի պայթուցիկ եմ։ Ծայրահեղ մաքսիմալիստ եմ, «ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով եմ ապրում, կարող եմ շուտ ոգեւորվել եւ շուտ մարել։ Նա սթափ է դատում, համբերատար երկար պարապում եւ արդյունքի է հասնում։ Իմ կողքին լինելով՝ Լեւոնը փորձում է մի կերպ կառավարել իմ պայթյունները:)»։

Էվա Ոսկանյանը եւ Լեւոն Հախվերդյանը


Ինչպես Էվան է նշում, երբեւէ չի պատկերացրել, որ ամուսնանալուց հետո այլեւս չի աշխատի.«Չեմ ընդունում, որ ես տանը կնստեմ, եւ ամուսինս ինձ կպահի։ Հիմնական աշխատանքս Երեւանի խամաճիկների թատրոնում է, զբաղված եմ մանկական ներկայցումներում եւ երաժշտական ձեւավորմամբ։ Մեր ակումբային ելույթները հաճախակի չեն լինում, սխալ եմ համարում երգելն ամենօրյա աշխատանք դարձնելը։ Դրա փորձն ունեցել եմ. վեց ամիս անընդմեջ երգում էի, մինչեւ հասկացա, որ որակից գրեթե ոչինչ չի մնացել»։

Աշխատանքի բերումով զույգը հաճախ է արտերկրում լինում, բայց տեղափոխվելու մտադրություն չունեն.«Չեմ կարող չասել՝ իմ արածը Հայաստանից դուրս ողջունվում է, իսկ այստեղ մեծ հաշվով ոչ ոքի պետք չէ։ Ծայրահեղ իրականության մեջ ապրելով՝ մտածում ենք՝ ինչպես անենք, ինչքան աշխատենք, բայց երկուսս էլ կարծում ենք, որ մեր երկրում պետք է ստեղծենք, թեկուզ շատ դժվարությամբ»։

Bravo.am
Լուսանկարները` Էվայի եւ Լեւոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին