×


Էվելինա Շահիրյանի՝ սիրով լի եւ ծաղիկների «ծովով» 75-ամյակը

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երեկ տոնական մթնոլորտ էր, իսկ առիթը՝  ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի ծննդյան հոբելյանը։ Մշտապես գեղեցիկ ու խնամված դերասանուհին 75-ամյակը նշեց իր արվեստը գնահատողների ծափահարությունների ներքո եւ ընդունելով գործընկերների շնորհավորանքները։

Էվելինա Շահիրյանը եւ Արման Մարգարյանը


Թատրոնի աստիճաններին լսեցի դահլիճ շտապող երեկոյան զգեստներով կանանց խոսակցությունը՝ «Ոնց ա զգացվում, որ մեր Էվելինային բոլորն են սիրում: Այնպիսի տպավորություն ա՝ ամբողջ Երեւանը ստեղ ա։ Ախր Էվելինան բացի գեղեցկուհի լինելուց, նաեւ բարի ա ու տաղանդավոր»:

Մի քանի րոպեից մեկնարկեց հոբելյանական միջոցառումը:Դահլիճում տեղադրված էկրանին ցուցադրվեց դերասանուհու կյանքի ամենակարեւոր պահերի մասին պատմող տեսանյութը, որից հետո Էվելինա Շահիրյանի թոռներն ու ծոռը բեմ հրավիրեցին նրան։

Գոհար Իգիթյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Էվելինա Շահիրյանի թոռնիկները


Տոնական երեկոյի հատուկ հյուրերից էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Դերասանուհուն շնորհավորելու էր եկել նաեւ Արմեն Ամիրյանը.«Կան մարդիկ, ում հանդեպ ժամանակն անզոր է, որովհետեւ հենց այդ մարդիկ են ժամանակ ստեղծում։ Ձեր դերերից յուրաքանչյուրը լույս է ճառագում։ Ու քանի որ դուք Ձեր գործունեությունը հեռուստատեսությունից եք սկսել, շնորհակալ եմ, որ կարող եմ Ձեզ գործընկեր համարել»,- ասաց Մշակույթի նորանշանակ նախարարը՝ Էվելինա Շահիրյանին պարգեւատրելով «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: Թատերարվեստում նշանակալի ավանդի համար դերասանուհին պարգեւատրվեց նաեւ Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Էվելինա Շահիրյանը տասնյակ դերեր է մարմնավորել թատրոնում եւ կինոյում։ Նա այն եզակի արտիստներից է, ով միշտ առանձնացել է գեղեցիկ արտաքինով եւ յուրահատուկ ոճով։ Դերասանուհուն հարցրի միշտ խնամված ու գեղեցիկ լինելու մասին.«Այն, ինչ ունեմ, մայրիկիս ու հայրիկիս տվածն է, գաղտնիք չունեմ։ Յուրաքանչյուր կին պիտի միշտ խնամված լինի, ներքուստ զգա, որ կին է։ Գեղեցիկ ես մնում, երբ ներսից չես չարանում։ Ամեն ինչ կարողանում եմ հասցնել. միշտ համատեղել եմ աշխատանքն ու ընտանիքը, ի դեպ, մեկը մյուսի հաշվին չեմ արել»։

Էվելինա Շահիրյանը եւ Արմեն Ամիրյանը


Ու չնայած՝ Էվելինա Շահիրյանը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին, մեզ անդադար «ընդհատում էին» գործընկերների շնորհավորանքները, ջերմ գրկախառնություններն ու ծաղիկների «ծովը».«Լիովին երջանիկ եմ: Տեսեք, թե ինչքան լավ մարդկանցով եմ շրջապատված։ Հրաշալի ընտանիք ունեմ ու շարունակում եմ աշխատել։ Այսօր տխրության պահեր էլ կան, որովհետեւ գիտակցում եմ՝ կյանքիս բավական մեծ հատվածն արդեն անցել է։ Վստահ եմ՝ այս երեկոն դեռ երկար կմնա ինձ հետ։ Այնքան հաճելի է շրջապատված լինել սիրելի մարդկանցով: Հավատացեք՝ յուրաքանչյուր լավ խոսք ինձ ոգեւորում է»։

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն՝ մաղթելով նոր դերեր, առողջություն եւ հավերժ երջանկություն։

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին