×


Թագուհի Վարդանյան.“Հայաստանում մեծամասնությունն ինձ չի ճանաչում”

Շուրջ 14 տարի Թագուհի Վարդանյանը Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստաալիքների եթերում վարել է հեղինակային հաղորդումներ, իսկ այսուհետեւ նրա նախագծերը կցուցադրվեն նորաբաց “Panarmenian” հայկական հեռուստաալիքով: Հաղորդավարուհին այս օրերին Երեւանում է եւ BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր այցի նպատակի եւ “ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ”-ի հետ համագործակցության մասին:

Թագուհի Վարդանյանը


“TAG. Short Stories”. աշխատանքային այս վերնագիրն ունի նոր ծրագրերից մեկը, որի շրջանակում Թագուհին կներկայացնի տարբեր քաղաքներում նկարահանված կարճ պատմություններ: Այն Միացյալ Նահանգներում կհեռարձակվի հունվարի կեսից. “Կներկայացնեմ տարբեր թեմաներ, տարբեր ապրելակերպ ու միջավայր: Կունենա ռեալիթի-շոուի եւ վավերագրական տարրեր, շեշտադրել ենք մշակութային, սոցիալական եւ համամարդկային թեմաները: Մի քանի թողարկում նվիրված է Երեւանին: Կարծում եմ` Գլենդեյլի հայությանը հետաքրքիր կլինի տեսնել Երեւանն իմ աչքերով` իմ դպրոցը, կոնսերվատորիան, թե ինչպես եմ տարիներ անց հանդիպում իմ վաղեմի ծանոթներին, նրանց տրամադրությունը, խնդիրներն ու փոփոխությունները: Միգուցե նաեւ Հայաստանում հեռարձակվի, դեռ հստակ պայմանավորվածություն չկա”:

Թագուհի Վարդանյանը


15 տարի Լոս Անջելեսում բնակվող հաղորդավարուհին երկար բացակայությունից հետո առաջին անգամ է Հայաստանում.“Հեռուստաեթերում աշխատելն ինձ օգնել է պահպանել ու նաեւ զարգացնել հայերենիս իմացությունը: Ամերիկայի հեռուստադիտողն ավելի շատ կարիք ունի լսել հայերեն գրագետ խոսք: Հավատացած եմ, որ լեզվամտածողությունը պայմանավորված է մարդու տեսակով: Ցավոք, երեխաներս այդքան լավ չեն խոսում հայերեն, որքան կցանկանայի, իսկ պատճառն ամերիկյան դպրոցում սովորելն է”:

Թագուհի Վարդանյանը


Թագուհին սովորել է Երեւանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում, նվագել է Օհան Դուրյանի նվագախմբում, այնուհետեւ մեկնել է Միացյալ Նահանգներ: Ինչպես պատմել է, հեռուստատեսությունում աշխատող ընկերուհու առաջարկով է պատահաբար հայտնվել այս ոլորտում.“Իսկ մինչ այդ ջութակի եւ դաշնամուրի դասեր էի տալիս աշակերտներիս, բայց աստիճանաբար առաջին մասնագիտությունս մղվեց երկրորդ պլան”, - նշել է նա եւ հավելել.“Հայաստանում մեծամասնությունն ինձ չի ճանաչում: Նպատակ ունենք աշխատանքս սոցիալական ցանցերի միջոցով ներկայացել հայաստանցիներին: Խորին համոզմունք ունեմ, որ այսօր առանց համացանցի գրեթե հնարավոր չէ երիտասարդներին հետաքրքրել”:

BRAVO.am
Լուսանկարները` Արմեն Աղայանի եւ Թագուհի Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW