×


Թամար Կապրելյանն՝ ամուսնու հետ

Թամար Կապրելյանն` իր նոր աշխատանքի եւ ամուսնության մեկամյակի մասին

Թամար Կապրելյանը Հայաստանում՝ Ազատի ջրամբարում, տեսահոլովակ է նկարահանել հայկական հայտնի երգի հիման վրա։ Ամերիկաբնակ հայ երգչուհին «Նուբարի բոյը չինար է» երգը ներկայացնում է նոր մեկնաբանությամբ։ Նախքան պրեմիերան Թամարը ներկայացրել է իր կատարումը՝ երգի խոսքերի ուղեկցությամբ։

BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ այս երգը կատարում է  ԴերՀովայի ընտրությամբ.«Ցանկանում էինք ձայնագրել ժողովրդական երգ, որը սիրված է հայերի կողմից, նաեւ այնպիսի երգ, որը շատ չի կատարվել։ Ես իսկապես սիրում եմ հայերեն երգել, Լարիսայի հետ «Սարերի հովին մեռնեմ» զուգերգից հետո սա առաջին հայկական երգն է, որը մենակ եմ կատարում։ Ինձ համար կարեւոր էր, որ իմ տարբերակը լինի թարմ ու նոր շնչով։ Դեռեւս միայն դրական կարծիքներ եմ լսել, կարծես, հավանել են, ինչն ինձ շատ է ուրախացնում»։

Թամար Կապրելյանը` նոր տեսահոլովակի նկարահանումներին


Թամարն ու ԴերՀովան միմյանց վաղուց են ճանաչում ու շփվում։ Երգչուհու առաջարկով երաժիշտն այս ամռանը միացել է «Թումո»-ի երաժշտական «Նվակ» կրթական ծրագրին.«Միասին աշխատում ենք նոր սերնդի հետ՝ փնտրելով նոր տաղանդներ։ ԴերՀովան հրաշալի երգահան ու պրոդյուսեր է, կրեատիվ է, նաեւ պատրաստ է լսել արտիստների տեսակետը»։

Երգչուհին այժմ Նյու Յորքում է, Հայաստան կվերադառնա դեկտեմբերին, նաեւ ծրագրել է հունվարին ու փետրվարին Երեւանում լինել.«Մի շարք անելիքներ ունեմ այդտեղ։ ԴերՀովայի հետ աշխատում ենք տարբեր նախագծերի վրա, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել»։

2016 թվականի հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայում պսակադրված Թամարն օրեր առաջ ամուսնու հետ նշել է ամուսնության առաջին հոբելյանը.«Այս մեկ տարին արագ ու հագեցած անցավ։ Տոնական օրն անցկացրել ենք Նյու Յորքում գտնվող մեր սիրելի ֆրանսիական ռեստորանում՝ ընթրելով ու գինի ըմպելով»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Թամար Կապրելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին