×


Թամարա Ստեփանյանը

Թամարա Ստեփանյանի ֆիլմերը՝ Հայաստանի մասին ու հայրենիքից չկտրվելու համար

Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» վավերագրական ֆիլմը դարձել է ֆրանսիական Ամյենի կինոփառատոնի մրցանակակիր: Երիտասարդ ռեժիսորն իր կյանքի մեծ մասը հայրենիքից դուրս է անցկացրել, սակայն հայկականն իր կինոյում մեծ տեղ ունի. նա իր արվեստով հիշում եւ հիշեցնում է Հայաստանի մասին:

Այս անգամ փառատոնին իր ֆիլմը ներկայացնելիս նա հպարտություն է զգացել, երբ լեցուն դահլիճում է անցել դիտումը, օտարազգիները հետաքրքրվել են մեր երկրով ու մի շարք հարցեր տվել։ Ամյեն գողտրիկ քաղաքում փառատոնն անցկացվում է ամեն տարի նոյեմբերին, այն Ֆրանսիայում ամենահին եւ ամենամեծ կինոփառատոններից մեկն է։

BRAVO.am-ին տված հարցազրույցում փարիզաբնակ ռեժիսորը պատմել է այս պատվավոր մրցանակի եւ իր գործունեության մասին։ «Բնականաբար, հաղթանակները հաճելի են, բայց ինձ համար շատ կարեւոր է, որ կարողանում եմ իմ երկիրը ներկայացնել: Մենք՝ արվեստագետներս, կարծես դեսպաններ լինենք, որ ներկայացնում ենք մեր երկիրը»,-նշել է նա:

Թամարա Ստեփանյանը դարձել է Ամյենի կինոփառատոնի մրցանակակիր


Այս կինոնկարով Թամարան ցանկացել է ներկայացնել «օդից կախված» իրավիճակը. թեեւ խոսվում է այն մասին, թե ինչու եւ ինչպես են հայերն արտագաղթել ու հասել Ֆրանսիա, սակայն ֆիլմը ցույց տալիս, թե ինչ իրավիճակ է ստեղծվում, երբ մարդը հայտնվում է երկու երկրների արանքում։

«Իհարկե, ֆիլմում հերոսները խոսում են իրենց խնդիրների մասին. ամեն մեկն իր պատճառն ունի գաղթելու, բայց ես ավելի շատ փորձել եմ ցույց տալ այդ սպասումը, որի մեջ հայտնվում են մարդիկ՝ գաղթական լինելով։ Նրանք թողնում են ամեն ինչ, հասնում են որեւէ երկիր, հանձնում իրենց փաստաթղթերը, իսկ թե ինչ կլինի հետո, պարզ չէ։ Նրանց հարցով զբաղվելու համար հանդիպումը կարող է նշանակվել ասենք երկու տարի հետո, իսկ մինչ այդ նրանք աշխատելու իրավունք չունեն, մնում են օդից կախված եւ անհասկանալի սպասման մեջ»։ Սեւ ու սպիտակով արված այս ստեղծագործության մեջ խորհրդանշական է ծովը. նկարահանումներն իրականացվել են Մարսելում։

Կադր «Ձյուն կար» ֆիլմից


«Ձյուն կար» ֆիլմը դեռ շարունակում է իր հաղթարշավը: Հիշեցնենք, այն այս տարի մրցանակ էր շահել նաեւ երեւանյան «Ոսկե ծիրան» փառատոնում։ Իսկ Թամարան արդեն սկսել է իր նոր վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Այս անգամ նա պատմելու է հայկական գյուղերից մեկի՝ Լիճքի մասին, որը վերածվել է «կանանց կղզու». տղամարդիկ գնում են արտերկրյա աշխատանքի, իսկ կանայք մնում միայնակ` վերցնելով ընտանիքի ամբողջ հոգսը։

Ռեժիսորը նշում է, որ իրեն հաճախ են հարցնում, թե արդյոք կրկին Հայաստանի մասին է լինելու հաջորդ ֆիլմը։ Ասում է՝ ուզում է անպայման կապ պահպանել հայրենիքի հետ, իսկ նկարահանումների գալով՝ եւս մեկ անգամ հայրենիքում լինելու առիթ է «շահում». «Ես նկարում եմ ֆիլմեր այնպիսի թեմաներով, որոնք ինձ հոգեհարազատ են, այդ հարցերն իրոք ինձ հուզում են եւ հոգուցս են բխում, բացի այդ, միշտ ցանկանում եմ իմ երկրի հետ կապ պահպանել»։

Թամարա Ստեփանյանը ծնվել է Հայաստանում` արվեստագետների ընտանիքում, երկար տարիներ ապրել եւ կրթություն ստացել Լիբանանում, մասնագիտական կրթություն է ստացել նաեւ Դանիայում, իսկ սերը նրան տեղափոխել է Փարիզ, որտեղ էլ այժմ բնակվում եւ ստեղծագործում է։

Տեքստը՝ Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանի/Bravo.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Թամարա Ստեփանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին