×


Թբիլիսիում նշել են Միքայել Արամյանցի 170-ամյա հոբելյանը

Հայ մեծ գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակին նվիրված հանդիսություններն ավարտվեցին Թբիլիսիում։ Դրանք մեկնարկել էին Արցախում՝ նրա ծննդավայրում, շարունակվել քաղաքամայր Երեւանում։

Թբիլիսիում նշել են Միքայել Արամյանցի 170-ամյա հոբելյանը


Միքայել Արամյանցի ծննդյան 170-ամյակի ոգեկոչումը սկսվեց Թբիլիսիի սուրբ Էջմիածնեցոնց եկեղեցում հոգեհանգստի կարգով, որին ներկա էին նաեւ այս օրերին հանդիսություններին մասնակցող Միքայել Արամյանցի ծոռը՝ Ալեքսանդր Ջանոեֆը՝ իր տիկնոջ՝ Աննայի հետ: Նրանք հատուկ այս նպատակով ժամանել էին Լոնդոնից։ Այստեղ են նաեւ հյուրեր Երեւանից, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր հոգեւոր արարողությունից հետո տեղափոխվում են «Հայարտուն» մշակութային կենտրոն։

Օրվա բանախոսները՝ «Հայարտուն»  մշակութային կենտրոնի ղեկավար Լեւոն Չեդիլյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը, Վրաստանի մտավորականների միության ներկայացուցիչ Գենիկ Թադեւոսյանը, գրող-հրապարակախոս Սամվել Պողոսյանը, պատմաբան-տարեգիր Սարգիս Դարչինյանը եւ ուրիշներ գնահատանքի ջերմ խոսքեր են հնչեցնում իրենց մեծ հայրենակցի մասին, որի համար ողջ կյանքում հիմնական սկզբունք դարձավ՝ վաստակածիցդ բաժին հանիր կարիքավորին, դժվարության մեջ գտնվողին։ Հիշեցին նրան որպես «Թիֆլիսի տոհմային պատվավոր քաղաքացու», ով կառուցեց, շենացրեց իր սիրելի քաղաքը։

Թբիլիսիում նշել են Միքայել Արամյանցի 170-ամյա հոբելյանը


Սարգիս Դարչինյանը մեր թղթակցի հետ ունեցած զրույցում ասաց, որ իր արխիվային նոր որոնումների արդյունքում հնարավոր է եղել պարզել այն հասցեն, ուր Թավրիզից գալուց հետո ապրել է Միքայել Արամյանցը: Այն գտնվում է հայկական նրբանցքում, ոչ հեռու Սուրբ Նշան եկեղեցուց: Նա ասաց, որ նորահայտ փաստաթղթեր կան՝ կապված Արամյանցի հիվանդանոցի հետ:

Այնուհետեւ պատմաբան Վահե Անթանեսյանը ներկայացրեց նոր լույս տեսած «Միքայել Արամյանց. Կյանքի եւ գործունեության դրվագներ» գիրքը, ուր հեղինակը փորձել է փաստական նյութերի հիման վրա կերտել տաղանդավոր գործարարի, շռայլ բարերարի, բարի մարդու կերպարը։

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը


Ավելի ուշ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը, ով այս հոբելյանական հանդիսությունների նախաձեռնողներից եւ կազմակերպիչներից մեկն է, ներկայացրեց «Միքայել Արամյանց. Մեծ սիրտ ունեցող հայը» տեսաֆիլմը, որը պատրաստվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության օգնությամբ ու աջակցությամբ։ «Տեսաֆիլմը նպատակ ունի ամբողջական եւ համապարփակ պատկերացում տալ մեր հայրենակցի եւ նրա գործունեության մասին,-ասում է Սերգո Երիցյանը,- ֆիլմի հեղինակները գնացել են բոլոր հնարավոր հասցեներով՝ փորձելով հնարավորինս վերականգնել նրա ապրած ժամանակաշրջանի պատկերը: Ներկայացրել են Միքայել Արամյանց մարդ անհատականությանը, հոգատար հորը: Այս առումով հետաքրքիր է այն նամակագրությունը, որ հայրը ունեցել է դստեր՝ Աննայի եւ փեսայի՝ Ալեքսանդր Ռոտինյանցի հետ»:

Այնուհետեւ ներկաներին դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Նա ողջունեց հոբելյանն անցկացնելու նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն պետք է շարունակել, դեռ ավելին՝ 2013 թվականը պետք է լինի հայ անվանի բարերարների գործի փառաբանման ժամանակաշրջան, որովհետեւ միայն այդ կերպ հնարավոր կլինի հիշել նրանց ու նրանց գործերը եւ դասեր քաղել այդ ամենից: Նոր սերունդը պիտի շարունակի տեղեկանալ, իմանալ նրանց մասին:

Թբիլիսիում նշել են Միքայել Արամյանցի 170-ամյա հոբելյանը


Հուզիչ ու հետաքրքիր էր նաեւ Միքայել Արամյանցի ծոռան՝ Ալեքսանդր Ջանոեֆի եւ թիֆլիսահայերի հետ հանդիպումը: Փոխադարձ ջերմություն դրսեւորելով՝ Ալեքսանդր Ջանոեֆը ասաց, որ շատ ուրախ ու երջանիկ է, քանի որ միանգամից այսքան բարեկամներ եւ հարազատներ ձեռք բերեց: Ինքն ավելի, քան վստահ է, որ Թիֆլիսը դեռ երկար հիշելու է իր պապին, իսկ ինքը պատեհ առիթը բաց չի թողնելու՝ Թիֆլիս այցելելու, գնալու պապի ոտնահետքերով:

Թբիլիսիում գտնվելու օրը Ալեքսանդր Ջանոեֆը  եղավ Արամյանցին առնչվող  մի քանի հասցեներում, հանդիպումներ ունեցավ բնակարանների բնակիչների հետ: Օրինակ՝ տներից մեկում, որը վեր էր ածվել հյուրանոցի, տերը՝ Գուգուցիա Չխեկվաձեն շատ ջերմորեն ընդունեց թանկագին հյուրերին եւ իրեն փոխանակված հուշերը պատմեց նրա պապի՝ Միքայել Արամյանցի մասին: Հանդիսության մասնակիցները ներկա եղան Սուրբ Էջմիածնեցոնց եկեղեցու տեր Սամվել քահանա Թորոսյանի կողմից մատուցած հոգեհանգստի կարգին, այցելեցին Խոջիվանքի պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցեցին հայոց մեծերին: 

Սոնա Երիցյան
Թբիլիսի- Երեւան
Լուսանկարները՝ Լեւոն Ակուլյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW