×


Ժամանակային էքսկուրս «Բամբիռ»-ի համերգին

Բամբիռները երեկ այս տարվա իրենց վերջին ելույթն են ունեցել։ «Գոյ» թատրոնում կայացած համերգին ներկա էին ֆոլկ-ռոք խմբի տարբեր սերունդների երկրպագուները, քանի որ բեմում էին ինչպես խմբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանը, նույն ինքը` Ջագը, այնպես էլ նոր սերնդի տղաները։

Ջագն ու «Բամբիռ»-ի նոր սերունդը


Համերգը մեկնարկեց «Եկեք երգենք հենց այնպես» ստեղծագործությամբ, որին հաջորդեցին «Լուցկիներով աղջիկը», «Ալաբալանիցա»-ն, «Դղյակ»-ը, «Գողի կյանքը», «Ալավերդի»-ն եւ հայտնի ու սիրված այլ գործեր։

«Jag Bambir Teatron»-ն աչքի ընկավ իր ձեւաչափով․բացի այն, որ համերգի ընթացքում հանդիսատեսը թատերաերաժշտություն վայելեց, նաեւ ժամանակային հետաքրքիր էքսկուրս կատարեց՝ «ճամփորդելով» անցյալից մինչեւ ապագա. յուրաքանչյուր ստեղծագործություն հնչեցնելուց առաջ Ջագը ներկայացնում էր դրա նախապատմությունը՝  պատասխանելով հանդիսատեսին հետաքրքրող հարցերին։

Գագիկ Բարսեղյանը` Ջագը


Երեւակայական ճամփորդությունը սկսվեց նախորդ դարի 70-ականներից ու ավարտվեց գալիք տարվա գարնանը, երբ պարզ դարձավ, որ խումբը հեղինակել է շեքսպիրյան «Լիր արքա» բեմադրության երաժշտությունը։ Ի դեպ, ռեժիսորը «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանն է, իսկ ներկայացումը բեմականացվում է Գյումրու դրամատիկական թատրոնում։

«Առաջին անգամ է, որ ներկայացման պրեմիերայից առաջ մենք հնչեցնում ենք դրա երաժշտությունը։ Բայց սա, իհարկե, միքս արված փոքրիկ հատված էր»,-համերգից հետո BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Ջագը։

«Բամբիռ» խմբի համերգին


Հիշեցնենք, որ երկու տարուց խումբը կնշի գործունեության 40 տարին, եւ մեր հարցին, թե արդյոք այդ կապակցությամբ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են, նոր սերնդի «Բամբիռ»-ի վոկալիստ, Ջագի որդի Նարեկ Բարսեղյանը հետեւյալը պատասխանեց․ «Դեռ չգիտենք` հատուկ հոբելյանին կնվիրենք, թե ոչ, բայց ներկա դրությամբ միաժամանակ երկու նոր սկավառակ ենք պատրաստում»:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին