×


Ի՞նչ անարդարության է բախվել Աննա Գրիգորյանը

Հաղորդավարուհի-մոդել Աննա Գրիգորյանը վերջերս Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մասնակցում էր “Miss Asia Pacific World 2014” գեղեցկության մրցույթին: Աշխարհի 50-ից ավելի երկրից գեղեցկուհիները մրցել են մի քանի փուլով, թեեւ Աննան մրցանակային տեղ չի զբաղեցրել, բայց ձեռնունայն չի վերադարձել:

Աննա Գրիգորյանը


“Առաջինը ներկայացա դիզայներ Վահան Խաչատրյանի երեւակայությամբ կարված զգեստով, որը նախկինում կրել է Լուսինե Թովմասյանը: Երկրորդ փուլի համար “Victoria’s Secret”-ի շոուներից հայտնի հրեշտակային թեւերով զգեստս պատրաստել էր Արայիկ Գաբաջյանը, իսկ երեկոյան կանաչ զգեստիս հեղինակը դիզայներ Մարինե Մկրտչյանն է: Հետաքրքիր այցելություններով օրեր էին, մեծ փորձ եմ ձեռք բերել”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Մրցույթի շրջանակում անցկացվել է նաեւ երգի, պարի, նկարչության “Սուպեր տաղանդ” փուլը, մեր հայրենակցուհին կատարել է Ալիշա Քիզի “A Woman's Worth” երգը եւ արժանացել “Miss Grand Vocal” մրցանակին.“Շնորհակալ եմ երաժիշտ Lazzaro-ին, բոլորից գաղտնի ենք պատրաստվել: Չնայած` վատառողջ էի եւ ձայնալարերս լավ վիճակում չէին, կենդանի ձայնով երգեցի: Ելույթիցս այդքան էլ գոհ չեմ, բայց հաճելի էր արժանանալ ժյուրիի հավանությանը”:

Աննա Գրիգորյանը


“Luxury Group”-ի կազմակերպած “Elite Model Look Հայաստան 2013”-ի հաղթող Աննա Գրիգորյանն այս, ինչպես նաեւ Չինաստանում կայացած “Elite Model Look 2013” մոդելային մրցույթին մասնակցելու հրավերը ստացել է վրացական “IC Model Management” մոդելային գործակալությունից, որի հետ պայմանագիր ունի:

Նրա խոսքով` առաջարկն ընդունելու հիմնական շարժառիթը հետաքրքրասիրությունն էր.“Գեղեցկության մրցույթի երբեւէ չէի մասնակցել եւ բացասական էի վերաբերվում` համարելով, որ բոլոր աղջիկները գեղեցիկ են, հաղթողներ ու պարտվողներ չպետք է լինեն: Բայց որոշեցի ուժերս փորձել, հատկապես վերջին շրջանում մոդելինգով ավելի լրջորեն եմ զբաղվում”:

Աննա Գրիգորյանը` Սեուլում


22-ամյա Աննան պատմել է, թե ինչն է խոչընդոտել իր հաղթանակին.“Գաղտնիք չէ, որ գեղեցկության մրցույթները լիովին արդար պայմաններում չեն անցնում: Չէի մտածում առաջին հորիզոնականի մասին, քանի որ հաղթողի երկիրն իր կապերն է օգտագործում, իսկ ես մեկնել էի միայնակ: Իրականում չէի կարծում, թե ամեն ինչ արդար է լինելու, բայց նաեւ չէի սպասում, որ կողմնակալությունն այդքան բացահայտ կլինի: Մրցույթի ավարտից հետո ժյուրիի անդամներից եւ աղջիկներից մի քանիսը մոտեցան ինձ եւ ասացին` եթե արդար անցկացվեր, ես կհաղթեի”:

Աննա Գրիգորյանը շարունակում է աշխատել որպես մոդել, հաղորդավարուհի եւ շուկայագետ, ինչպես հայտնել է մեզ հետ զրույցում, ամռան ընթացքում հանգստի չի մեկնի, առաջիկայում էլ նոր նախագծեր կներկայացնի:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին