×


Ինչ են ցանկանում Օպերային թատրոնի արտիստները

Օրեր առաջ BRAVO.am-ն անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած նախատոնական համերգին, որտեղ օպերային եւ էստրադային երգիչները հանդես են եկել համատեղ կատարումներով, այսօր էլ Ամանորին ընդառաջ ներկայացնում ենք թատրոնի տնօրենի եւ արտիստների բարեմաղթանքները:

Ռուբեն Ասատրյանը


Ռուբեն Ասատրյան, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ

Սիրելի, պաշտելի երկիր Հայաստան, շարունակիր անխախտ պահել խաղաղ կյանքդ: Թող Նոր տարին լինի բազում ձեռքբերումների եւ ստեղծագործական նվաճումների տարի մեր երկրում: Ցանկանում եմ, որ հետայսու նույնպես մեր երկրում հավերժ խաղաղ նոր տարիներ նշենք: Սերն ու բարիքը թող թեւածեն Հայաստան աշխարհում:

Արմենուհի Սեյրանյանը


Արմենուհի Սեյրանյան, մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Հարգելի հանդիսատես, սիրելի ժողովուրդ, մեծարգո արվեստասեր հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ մեր հայրենիքին խաղաղություն եւ բարգավաճում: Թող գալիք տարին լինի արվեստի, բարիքի ու մեր բոլոր ցանկությունների իրագործման տարի, իսկ մենք էլ մեր հերթին կաշխատենք լավագույնս ներկայացնել մեր մշակույթն ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:

Սոնա Վարդանյանը

Սոնա Վարդանյան, առաջատար մենապարուհի

Ի սրտե շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ անցնող տարին տանի բոլոր տխրություններն ու դժվարությունները, իսկ նոր տարին իր հետ հաջողություն եւ խաղաղություն բերի: Ցանկանում եմ  հաճելի անակնկալներով եւ վառ տպավորություններով լի տարի: Թող բոլորիս օջախները լցվի սիրով եւ երջանկությամբ:

Աննա Մնացականյանը

Աննա Մնացականյան, մեներգչուհի

Մի հեքիաթային խորհուրդ կա տարեվերջյան այս օրերին... Հետադարձ հայացք ես ձգում անցած տարվան ու փորձում  արժեւորել ապրածդ ամեն օրը, գնահատական տալ այս կամ այն իրավիճակին, իմաստավորել ու մտովի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվեցին կյանքի այդ ժամանակահատվածում... 2015 թվականից վերցնելով ամենաջերմ ու բարի հույզերը`  լավի ու բարու սպասումով մտնենք 2016 թվական... Թող իրականանան բոլորիս ամենանվիրական իղձերը, սերն ու խաղաղությունն իշխեն ամբողջ աշխարհում, երջանկությամբ ու բերկրանքով լցվեն բոլորիս սրտերը... Արվեստագետի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ստեղծագործելու եւ արարելու հնարավորությունը... Թող որ ունենանք այդ պատիվը ապրելու եւ ստեղծագործելու խաղաղ ու բոլորիս համար թանկ մեր հայրենիքում:

Սյուզաննա Փիրումյանը


Սյուզաննա Փիրումյան, առաջատար մենապարուհի

Յուրաքանչյուր նոր տարվանից սպասելիքները շատ են, սակայն ամենակարեւորը, կարծում եմ, ցակնացած հայի համար խաղաղությունն է: Ցանկանում եմ, որ մեր Հայաստան աշխարհում Նոր տարում թեւածի խաղաղությունն ու սերը: Սեր, անսահման սեր ու երջանկություն եմ ցանկանում բոլորիդ, եւ թող Նոր տարին լինի խաղաղության ու սիրո տարի:

Մագդա Մկրտչյանը


Մագդա Մկրտչյան, մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

 Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող Նոր տարին բարեբեր լինի բոլորիդ համար, տարվա ընթացքում բազում գեղեցիկ եւ հիշարժան պահեր եմ ցանկանում: Ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ ցանկանում իմ կոլեգաներին, իսկ հայ զինվորին խաղաղ ծառայություն, որպեսզի հետայսու նույնպես մեր երկրի սահմանները լինեն խաղաղ եւ անառիկ: Շնորհավոր տոնդ հայ զինվոր, շնորհավոր տոնդ Հայաստանի քաղաքացի…

Աննա Վեքիլյանը


Աննա Վեքիլյան, առաջատար մենապարուհի

Ի սրտե շնորհավորում եմ բոլորի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Թող որ այս տարին յուրաքանչյուրի համար լինի վերելքների, նորանոր ձեռքբերումների եւ երջանկության տարի։ Թող արվեստի կենարար շունչը թեւածի Հայաստանում, իսկ մենք էլ մեր հերթին ամեն ինչ կանենք, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում բարձր տրամադրություն փոխանցենք մեր հանդիսատեսին: Բոլորին մաղթում եմ առողջություն, խաղաղություն, սեր եւ հավատ:

Ինգա Կարապետյանցը


Ինգա Կարապետյանց, մեներգչուհի

Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Թող տարին եռանդ, սեր, հավատ պարգեւի բոլորիս: Գալիք տարին լինի լուսավոր, երազանքների իրագործման եւ ներդաշնակ տարի: Եվ թող խաղաղության աղավնին դյութիչ երաժշտության ներքո թեւածի ամբողջ աշխարհում, իսկ մեր սահմաններն էլ լինեն հավետ անառիկ:

Մերի Հովհաննիսյանը


Մերի Հովհաննիսյան, առաջատար մենապարուհի

Հարգելի հանդիսատես, ցանկանում եմ, որ  2016 թվականը իր հետ բերի երջանկություն, առողջություն եւ խաղաղություն: Թող իրականանան բոլորի երազանքները եւ հեքիաթն այցելի յուրաքանչյուրին: Ցանկանում եմ, որ սերն ու երջանկությունը թեւածեն մեր երկրում:

Անահիտ Մխիթարյանը

Անահիտ Մխիթարյան, մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Իմ խորին համոզմամբ` Նոր տարին ամենասիրելի ու սպասված, խորհրդավոր ու հեքիաթային տոնն է, որ գալիս է բոլորիս կամքից անկախ, իր ժամանակին, սեփական քայլքով: Եվ ամեն ագամ բերում է իր հետ նորանոր հույզեր, նորացված հույսեր ու ջերմ սպասումներ: Թող գալիք տարին բերի մեր ազգին հոգեկան անդորր ու բարօրություն, ողջախոհ քայլեր կատարելու ի վերուստ տրված մեծ իմաստնություն: Թող լինի առողջության, երջանկության եւ սիրո տարի, ու ամեն մի մարդ, որպես նվեր, կատարված տեսնի իր հոգու թաքուն անկյունում փայփայած գողտրիկ երազանքը: Նվիրական իղձերի անակնկալ իրականացումը թող հաճելիորեն խանդավառի բոլորի հոգիները:

Սեւակ Ավետիսյանը

Սեւակ Ավետիսյան, առաջատար մենապարող

 Ցանկացած Նոր տարի իր հետ նոր երազանքների, նոր ձեռքբերումների իրագործման դռներ է բացում: Ցանկանում եմ, որ մեր երկիրն այս տարի առավել հզոր լինի, առավել ուժեղ լինի եւ որ յուրաքանչյուր հայ ընտանիքում երջանկությունն անպակաս լինի: 

Հասմիկ Հացագործյանը

Հասմիկ Հացագործյան, մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի խաղաղության եւ բարության տարի, մարդկանց դեմքերին ժպիտը չպակասի, իսկ Աստծուց խնդրում եմ առողջություն եւ անփորձանք ծառայություն մեր զինվորներին: Թող նոր տարին բարության ու սիրո տարի լինի, իսկ մեր թատրոնում էլ նոր ներկայացումներ լինեն, որպեսզի լավագույնս ներկայանանք մեր հանդիսատեսին:

Անդրանիկ Արզումանյանը

Անդրանիկ Արզումանյան, թատրոնի տնօրեն

Անցնող տարին մեր թատրոնի համար լի էր ձեռքբերումներով եւ պրեմիերաներով: Վստահ ենք, որ նոր տարում նույնպես հանդիսատեսի դատին կհանձնենք նոր ներկայացումներ: Մենք գիտենք, որ հանդիսատեսի ակնկալիքները մեծ են հատկապես մեր թատրոնից, եւ այս հանգամանքն էլ իր հերթին առավել պարտավորեցնող է: Ցանկանում եմ, որ Նոր տարին իսկապես լինի բարիքի եւ արվեստով լեցուն տարի: Մենք էլ մեր հերթին վստահեցնում ենք, որ նոր ու բարձրարժեք բեմադրություններով կներկայանանք՝ բարձր պահելով Հայաստանի գլխավոր թատրոնի անունը:

Վիլեն Գալստյանը

Վիլեն Գալստյան, գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ

Ամփոփելով 2015 թվականը` կարող եմ ասել, որ մեր թատրոնն ունեցավ բազմաթիվ ձեռքբերումներ, նոր ներկայացումներ, սակայն չպետք է գոհանանք եղածով, եւ վստահ եմ, որ նոր տարում կլինեն նոր ներկայացումներ: Ժամանակն է, որպեսզի հաջորդ տարի խաչատրյանական “Դիմակահանդեսը” ներկայացվի մեր թատրոնում, եւ մենք այդ ուղղությամբ ամեն ինչ կանենք: Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին՝ ցանկանալով խաղաղություն եւ անսահման երջանկություն:

Պերճ Քարազյանը

Պերճ Քարազյան, առաջատար մեներգիչ,  ՀՀ վաստ. արտիստ

Ի սրտե շնորհավորեւում եմ ողջ հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով առաջին հերթին խաղաղություն, մեր զինվորներին՝ անփորձանք ծառայություն՝ կոչ անելով միասնության եւ համախմբվածության: Թող Նոր տարին բարության եւ ներողամտության սերմանման տարի լինի համայն մարդկության համար:

Տեքստը եւ լուսանկարները` Օպերային թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին