×


Ի՞նչ է պակասում Թինա Քեյին լիովին երջանիկ լինելու համար

Պարուհի եւ օդային ակրոբատ Թինա Քեյն ուղիղ երկու տարի վայելում է մայրության բերկրանքը: Առաջնեկի` Կամիլլա-Էսմեռալդայի տարեդարձի օրը BRAVO.am-ը նրանց լուսանկարել է մանկական ժամանցի վայրում, որտեղ աղջնակն իրեն ուրախ էր զգում, վերջում էլ չէր ցանկանում հեռանալ:

Թինա Քեյը` դստեր հետ


Փոքրիկի տարեդարձը սկսվել է մանկապարտեզում.“Երեխաների եւ նրա համար հրավիրել էինք մուլտհերոսների: Բոլորը ոգեւորված երգեցին, շուրջպար բռնեցին, տորթիկն էլ համտեսեցին, իսկ երեկոյան ամենամտերիմ ընկերներով ու հարազատներով տանը շարունակեցինք նշել: Հուզիչ էր, երբ Կամիլլան, տեսնելով իր երկրորդ տորթը, հիշեց, որ առավոտյան երեխաները երգել են “Happy Birthday to You”, եւ սկսեց հստակ արտաբերել այդ բառերը` չնայած դեռ վարժ չի խոսում: Հաճելիորեն զարմացել էի”:

Պարուհին մեր իրականացրած լուսանկարահանումից հետո հասցրել է լինել դեսպանատանը. մի քանի օրից պատրաստվում է մեկնել Իսպանիա. “Հրավեր ունեմ, բացի այդ կհանգստանամ, սակայն Ամանորին կվերադառնամ Հայաստան, որ Կամիլլայիս հետ նշեմ: Երեւանում աղջիկս հաճախ ներկա է իմ ելույթներին, իսկ երբ երկրից դուրս եմ, “skype”-ով ենք խոսում. ինձ տեսնելով` սկսում է էկրանը համբուրել:): Վերջերս 9 օրով Անգլիա էի մեկնել, խելագարվում էի կարոտից, առաջին անգամ էի նրան երկար ժամանակով թողել մայրիկիս մոտ”:

Թինա Քեյը` դստեր հետ


Թինան մայրանալուց հետո շարունակում է դասավանդել երեխաներին` ուսուցանելով տարբեր պարաոճեր ու ակրոբատիկա, նաեւ իր խմբի հետ ելույթ է  ունենում կորպորատիվ միջոցառումներին.“Իմ աշխատանքային ժամերն այնպես են, որ չեմ հասցնում անընդհատ աղջկաս կողքին լինել, բայց առավոտյան ինքս եմ կերակրում, հագցնում ու մանկապարտեզ տանում: Նրան հիմնականում խնամում է մայրս, ամուսինս Ուկրաինայում է: Այժմ քույրս է Անգլիայից եկել, նա էլ է ինձ շատ օգնում”:

Թինա Քեյը` դստեր հետ


Ինչպես նախորդ տարիներին, այս Ամանորի գիշերը եւս պարուհին իր խմբի հետ կաշխատի.“Դեռ մանկության տարիներից չեմ հիշում դեպք, որ տանը նշեմ: Ինձ նման մարդկանց ավելի լավ է աշխատել: Մոսկվայից ունեմ հրավեր, մեծ սիրով կուզեի չմեկնել, բայց մյուս կողմից էլ տանը նստելը հաճելի չէ: Ինձ այսօր միայն ժամանակն է պակասում լիովին երջանիկ լինելու համար, կուզեի, որ գրաֆիկս ավելի թեթեւ լիներ, շատ ժամանակ անցկացնեի բալիկիս եւ հարազատներիս հետ: Կամիլլայի ծննդից հետո շատ բան է փոխվել. հիմա կա մեկը, որին պարտավոր եմ հասցնել իր նպատակներին եւ ապահովել անհոգ մանկություն”:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Նկարահանումն իրականացվել է “Ամերիկանո” ժամանցի կենտրոնում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին