×


Ի՞նչ “հետաքննություն” են իրականացնում Աննա Էլբակյանը, Համո Ադիյանը, Շողեր Գրիգորյանը եւ մյուսները

“Մենք եւ նրանք. հետաքննություն”. այսպես է կոչվում “Էդգար Էլբակյան” թատրոնի նոր ներկայացումը, որը բարձրաձայնում է Հայոց Ցեղասպանության մասին: Առաջնախաղը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

“Մենք եւ նրանք. հետաքննություն” ներկայացման պրեմիերային


Երկու գործողությամբ ներկայացման կազմում են Աննա Էլբակյանը, Համո Ադիյանը, Շողեր Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Դավիթ Գասպարյանը, Տաթեւ Հոռոփյանը եւ այլք:

Ըստ ներկայացման գործողությունների՝ այժմյան հայկական թատերախումբը մեկնում է Թուրքիա՝ ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության մասին թուրքական արխիվները: Նրանք բեմադրում են Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որի միջոցով ծավալվում է եղելությունը: Պատմությունները կապված են անցյալի եւ ներկայի հետ, որի ընթացքում հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է տրանսֆորմացիայի ենթարկվում ժամանակը:

Ներկայացումը բեմադրել է Արմեն Էլբակյանը, ով նշել է՝ Հայոց ցեղասպանության մասին մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն ապրիլին, այլեւ յուրաքանչյուր ամիս. “Նպատակ ունենք բեմից խոսել այն մասին, թե ինչպես ենք ապրել մեկ դար առաջ եւ ինչպես ենք հիմա ապրում: Լացացնելու, խղճահարություն առաջացնելու կարիք չկա: Պետք է գիտակցենք վաղվա օրը` իմանալով, թե ովքեր են մեր հարեւան երկրները, ինչպես ենք շարունակելու հարաբերությունները: Մենք դատապարտված ենք ապրելու դժվար հարեւանների հետ, պետք է կարողանանք ճիշտ ապրել”:

“Մենք եւ նրանք. հետաքննություն” ներկայացման պրեմիերային


Պիեսը ստեղծելու համար թատրոնի գրական մասի վարիչ Տիգրան Քելեմյանն օգտվել է տարբեր աղբյուրներից ու փաստաթղթերից. “Թատերախմբի Թուրքիայում հայտնվելը հնարված իրավիճակ է, ինչը բեմում այս թեմայի մասին բարձրաձայնելու մեր լուծումն էր, դրա համար էլ կոչվում է հետաքննություն: Շատ հարցերի մասին ենք խոսում՝ Արցախյան խնդրից մինչեւ մեր ապրած տարիները, մեր վիշտը եւ այդ վշտի մեջ մեր լինելիությունն ու ամրությունը”:

Համո Ադիյանը թուրք պաշտոնյայի կերպարում է: Իմանալով այդ մասին՝ սկզբում բացասական է արձագանքել, բայց հետո համաձայնել է. “Դերասանի համար փորձ է ամեն տեսակ կերպարում լինելը: Լինելով հայ՝ չէի պատկերացնում, թե ինչպես եմ ժխտելու Ցեղասպանությունը, ծանր մասն իմ ուսերին էր. բեմում կռիվ էի տալիս հայերի հետ, իսկ հանդիսատեսին՝ փորձում հավատացնել, որ թուրք եմ: Բայց իմ կերպարի հետաքրքիր կողմն այն է, որ հայերի միջոցով բացահայտում է, որ իր տատիկը հայ է, ունի հայկական արմատներ, բայց չի ուզում իր համոզմունքներից հետ կանգնել ու պաշտպանում է թուրքերին: Չգիտեմ՝ որքանով ստացվեց, բայց ինձ համար հետաքրքիր փորձություն էր”:

“Մենք եւ նրանք. հետաքննություն” ներկայացման պրեմիերային


Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանն առաջին անգամ էր այս թատրոնում խաղում, բայց Էլբակյանների հետ առաջին անգամ չի աշխատում, քանի որ նա Մայր թատրոնում ընդգրկված է Արմեն Էլբակյանի բեմադրած “Մուսա լեռան օրը” ներկայացման կազմում. “Իմ դերում պետք է լիներ Լիլի Էլբակյանը, սակայն նրա զբաղվածության պատճառով Արմեն Էլբակյանն ինձ հրավիրեց: Այս թեմայի մեջ Էլբակյանը կոտրեց շատ կարծրատիպեր ու փոքր բեմի համար ավելի թատերային դարձրեց: Միշտ կարդացել եմ “Նեմեսիս” գործողության մասին, բայց չեմ հասկացել իմ դիրքորոշումը, բայց հայ հերոսներին, հատկապես Սողոմոն Թեհլերյանին համակրել եմ”:

Շողերը մեզ հետ զրույցում պատմել է, որ Ֆրանսիայում թատերական կրթություն ստանալու ժամանակ ունեցել է թուրք համակուրսեցի. “Երբ ինձ տեսավ, ասաց, որ, կարդալով իմ ազգանունը, սպասում էր մեր հանդիպմանը: Մենք խոսում էինք Ցեղասպանության մասին, նա անընդհատ պնդում էր, որ պատերազմ է եղել, հայերի կողմից դիմադրություն է եղել, շատ թուրքեր են սպանվել: Այդ տղան առաջարկեց, որ միասին խաղանք ֆրանսիական մի պիեսում, բայց չհաղթահարեցի ու չցանկացա խաղալ, չնայած որ կիրթ եւ լավ մարդ էր: Թուրքերն ունակ չեն ընդունելու մեղքն ու իրենց վրա վերցնելու մեկուկես միլիոն հայի արյունը”:

“Մենք եւ նրանք. հետաքննություն” ներկայացման պրեմիերային


Խոսելով ներկայացման մասին հնչած կարծիքներից ու գնահատականներից՝ Արմեն Էլբակյանը նշել է, որ պրեմիերային ներկա են մտերիմ ու հարազատ մարդիկ եւ քննադատություն դեռ չի լսել. “Ներկայացումը ճաշի նման է, դեռ պետք է եփվի, հետագայում ավելի բազմաշերտ կդառնա”:

“Մենք եւ նրանք. հետաքննություն” ներկայացուը “Էլբակյան” թատրոնի խաղացանկում կլինի սեպտեմբերից:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին