×


Ինչի՞ մասին է Ժակլին Սարխոշյանի “Երազ”-ը

“Ես գալիս եմ, մայրիկ” բարեգործական ակցիայի շրջանակում օրերս տեղի է ունեցել բալետային ներկայացման պրեմիերա, որը բեմադրել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակլին Սարխոշյանը:

“Երազ” բալետ-ֆանտազիայի պրեմիերային


Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացած միջոցառման առաջին մասում ներկայացվել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի մտահղացմամբ ստեղծված “Երազ” բալետ-ֆանտազիան, որի երաժշտությունը գրել է հենց ինքը` բժիշկը, իսկ գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը: “Երկու տարի աշխատել ենք երաժշտության վրա, հետո երկու ամիս աշխատել են պարողները, եւ այս ամենն ամփոփվել է 45 րոպեում”, - բեմից նշել է Էդուարդ Համբարձումյանը:

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանը եւ գործիքավորող Վահան Նահապետյանը


Նրա որոշմամբ` խնդրի շուրջ մարդկանց ուշադրությունը հրավիրելու համար ընտրվել է պարի, երաժշտության եւ ավազե նկարչության լեզուն: Բալետային համերգի ողջ ընթացքում հանդիսատեսը դիտել է ավազի անիմացիա, որը նկարում էր Մոսկվայից ժամանած Արտյոմ Ներսեսը: Բալետ-ֆանտազիային նաեւ մասնակցել են Օպերայի եւ բալետի թատրոնի պարողները:

“Երազ”-ի գլխավոր հերոսուհին երիտասարդ գործունյա նկարիչ է, սակայն տառապում է միայնությունից եւ փրկությունը գտնում է արվեստի մեջ: Երբ նա գտնում է իր ասպետին, չի բավարարվում իրականությամբ. անուրջների ասպետը կտավում կատարյալ է, ավելի առնական ու հզոր, իսկ երիտասարդն իր իդեալը չէ: Կինը հետապնդում է իր իդեալին, որին մարմնավորել է Ռուբեն Մուրադյանը: Նկարչուհին շարունակում է երազել` ի վերջո գտնելով դրական ելք:

“Երազ” բալետ-ֆանտազիայի պրեմիերային


1 գործողությամբ բալետ-ֆանտազիայի բեմադրիչ եւ սցենարի հեղինակ Ժակլին Սարխոշյանը, որը նաեւ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, նշել է` ներկայացումն իր մասին չէ, բայց իր հետ կապ ունի:). “Ամեն կին իր կյանքում ապրում է սեր, հիասթափություն, ցավ… Ներկայացումը նվիրված է այն կանանց, որոնք չեն կարողանում հղիանալ: Լավատեսական ավարտ ունի. ի վերջո կինը հղիանում է, կարծում եմ` եթե ցանկությունը մեծ է, այն կիրականանա”:

37-ամյա պարուհին հուզված եւ անհանգիստ էր ոչ միայն իր, այլեւ երիտասարդ պարողների համար, որոնց հետ երկու ամիս շարունակ պարապել է եւ ոգեւորել. “Երեխաների համար շատ էի անհանգստանում, իմ կատարումից էլ շատ էի մտածում նրանց մասին, թեեւ աշխատելիս գիտեի, ով ինչ կերպար կարող է մարմնավորել եւ առաջադրանքներս ճիշտ կատարել”:

“Երազ” բալետ-ֆանտազիայի պրեմիերային


Ժակլինը հույս ունի, որ պրեմիերայով չեն սահմանափակվի եւ հանդիսատեսին կրկին կներկայացնեն իրենց “Երազ”-ը:

Նշենք, որ “Ես գալիս եմ, մայրիկ” ակցիայի նպատակն անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքներին օգնություն տրամադրելն է, ուստի միջոցառման երկրորդ հատվածում բժիշկների ներկայությամբ քննարկում է ծավալվել անպտղության, սոցիալական անապահովության թեմաների շուրջ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին