×


Ինչն է Անդրեին երկար պահում Միացյալ Նահանգներում

Անդրեն տեւական ժամանակ է` Միացյալ Նահանգներում է: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է, թե ինչով է զբաղված օվկիանոսի հակառակ կողմում, բացահայտել է, թե իր կյանքում ինչով է աչքի ընկել անցնող տարին, նաեւ պատասխանել է ընտանիք կազմելու մասին մեր հարցին:

Անդրեն


-Հնարավո՞ր է` հաստատվեք ԱՄՆ-ում: Մի փոքր կխոսե՞ք ամերիկյան ու հայաստանյան կյանքի տարբերությունների, թերությունների ու առավելությունների մասին: 

-Այստեղ եմ աշխատանքի բերումով: Շուտով արդեն ականատես կլինեք, թե ինչն է ինձ այսքան երկար պահում ԱՄՆ-ում: Բացի այդ, այստեղ եմ համերգների հրավերներով: Անչափ ուրախ եմ, որ կարող եմ երգել տեղի հայերի եւ իմ երգերը գնահատող այլազգիների համար: Ինչ վերաբերում է հայաստանյան եւ ամերիկյան կյանքի տարբերություններին, բնականաբար, այս երկու երկիրը ներկայացնում են տարբեր մշակույթներ եւ տարբեր մտածելակերպեր, բայց սա չի նշանակում, որ մեկը մյուսից առավել է, եւ կամ թե Հայաստանն ինձ համար ինչ-որ բանով զիջում է ԱՄՆ-ին: Այստեղ տարածությունն ու ազատությունն է ավելի շատ, սակայն այն ջերմությունն ու օդը, որի կարիքն ունեմ, կարող եմ գտնել միայն հայրենիքում:

-Ի՞նչը կամ ո՞ւմ եք ամենաշատը կարոտել Հայաստանում: Կպատմե՞ք վերջին շրջանի Ձեր համերգներից:

-Բնականաբար, առաջնահերթ կարոտել եմ ընտանիքս` ծնողներիս, քրոջս եւ փոքրիկ զարմուհուս` Վիկտորիային: Չնայած` համացանցի միջոցով ամեն օր շփվում ենք եւ «տեսնվում», դա չի կարող որեւէ կերպ փոխհատուցել իմ կարոտը: Կարոտել եմ նաեւ ընկերներիս, իմ երեւանյան առօրյան, բայց շատ շուտով կվերադառնամ եւ ինչ-որ կերպ կաշխատեմ լրացնել այդ կարոտը… Այնպես ստացվեց, որ այստեղի համերգները 10-15 օրվա տարբերությամբ են կայանում, այդ պատճառով չեմ կարողանում ընթացքում գալ Հայաստան, քանի որ թռիչքը շատ երկար է տեւում: Համերգներով հանդես եմ եկել ԱՄՆ տարբեր քաղաքներում: Դրանք դեռ ընթացքի մեջ են:

- Անցնող տարին ստեղծագործական առումով ինչպե՞ս ես գնահատում:

-2015-ն ինձ համար հաղթական տարի եմ համարում: Նախ` մինչ տարվա մեկնարկը հաղթեցի “X Factor”-ում` որպես պրոդյուսեր. իմ երեք թիմակիցներն էլ անցան եզրափակիչ փուլ, որոնցից Վահե Մարգարյանը դարձավ հաղթող: Հաղթարշավը շարունակվեց հաջորդիվ` նոր երգեր, տեսահոլովակներ, համերգային շրջագայություններ: Հաղթանակ եմ համարում նաեւ Սիբիլի հետ իմ զուգերգը, որը կոչվում է «Սեր»: Այս երգը հնչել է Թուրքիայում, եւ ինձ համար հաղթանակ է այն փաստը, որ հայկական երաժշտությունը ինչ-որ կերպ քարոզվում է այդ երկրում: Այնտեղ էլ ունենք հայրենակիցներ, որոնք կարոտ են մեր մշակույթին: Իսկ  2016-ը, կարծես, ավելի թեժ տարի է լինելու. նոր նախագծեր ու շատ հետաքրքիր մտքեր ունեմ:  Հուսամ` այն, ինչ մտածում եմ, կկարողանամ իրականացնել եւ մատուցել իմ երկրպագուներին:

Անդրեն


-Երեւանյան մենահամերգի ե՞րբ սպասի հանդիսատեսը: Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում: 

-Երեւանյան մենահամերգի մասին դեռեւս նույնիսկ մտածելու ժամանակ չունեմ: Կարճ ժամանակով կգամ Հայաստան, սակայն հունվարի կեսերից կրկին պետք է մեկնեմ Միացյալ Նահանգներ: Առայժմ դրսի համերգային շրջագայություններով եմ զբաղված: Կարծում եմ` օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներն, իրոք, կարիք ունեն հայկական երաժշտության. ինչ-որ չափով փորձում եմ մեղմել նրանց կարոտը: Իսկ նոր երգեր եւ տեսահոլովակներ, անշուշտ, սպասվում են:

-Ամանորը որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք դիմավորելու: Ինչպե՞ս եք պատրաստվում տոներին եւ ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

-Ամանորն ինձ համար խորհրդանշում է նոր կյանքի, նպատակների ու փոփոխությունների սկիզբ: Կարծում եմ` որտեղ էլ լինենք, պետք է բարձր տրամադրությամբ դիմավորենք տարին, որպեսզի այն նույնկերպ շարունակվի: Ես աշխատանքի բերումով Ամանորի գիշերը չեմ լինի ընտանիքիս հետ, ինչի համար տխրում եմ, բայց նրանց կմիանամ մի քանի օրից եւ, կարծում եմ, էլ ավելի բարձր տրամադրությամբ միասին կշարունակենք տոնել տարվա ամենասպասված, հրաշքներով լի տոնը:

-Անձնական ի՞նչ նորություններ ունեք: Եվ ընդհանրապես, ի՞նչ եք կարծում, ընտանիք կազմելու համար կա՞ հստակ տարիք:

-Կարծում եմ` ընտանիք կազմելու ամենակարեւոր նախապայմանը սերն է, ոչ թե ժամանակը: Ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում, իսկ թե որքանով է իմ սկզբունքն արդարացված, դա արդեն ժամանակը ցույց կտա…

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  Կարեն Աղասյանի/AK.Photography/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին