×


Ինչո՞ւ են հայուհիները չափն անցնում շպարվելիս :)

Դիմահարդարումը գեղեցկությունն ընդգծելու արվեստ է: Հաճախ կարելի է լսել կարծիքներ, թե հայուհիները երբեմն չափն անցնում են շպարվելիս: BRAVO.am-ի հետ զրույցում “Make-Up Studio”-ի դիմահարդար Աշխեն Կոստանդյանը նշել է, որ դրան նպաստում է նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը:):

Առօրյա դիմահարդարում


“Հարելով ե՛ւ ասիական, ե՛ւ եվրոպական մշակույթներին` մեր աղջիկները սիրում են ավելի պատրաստված տեսքով դուրս գալ փողոց: Անշուշտ, կողմ եմ խնամված տեսք ունենալուն, սակայն մեր օրերում հաճախ կարելի է հանդիպել աղջիկների, որոնք առավոտյան տնից դուրս են գալիս երեկոյան դիմահարդարմամբ: Սա վկայում է, որ նրանք  կամ պարապ են, կամ էլ ինքնահաստատված չեն, որովհետեւ “make-up”-ն օգտագործում են որպես այցեքարտ, իսկ այն խնամված մաշկն առավել գեղեցիկ ցույց տալու եւ ոչ թե ծածկելու կամ դեմքին այլ արտահայտություն տալու համար է”,-ասել է դիմահարդարը:

Աշխենի խոսքով` հայուհիները մեծ գումարներ են ծախսում թանկարժեք կոսմետիկական միջոցներ ձեռք բերելու համար, որոնցից օգտվելու ձեւն անգամ չգիտեն, սակայն առավել կարեւոր է, որ օգտագործեն խնամքի միջոցներ` երիտասարդությունը, մաշկի թարմությունը պահպանելու համար:

Երեկոյան դիմահարդարում


“Դիմահարդարումն առանց խոսքերի հաղորդագրություն է, տպավորություն ստեղծելու միջոց, իսկ առաջին տպավորությունն, ինչպես գիտեք, կարեւոր է: Երեկոյան դիմահարդարման ժամանակ պետք է ստանալ հայացք, կերպար, որն ամբողջական է դարձնում կնոջ տեսքը: Ի տարբերություն ցերեկայինի, երեկոյան դիմահարդարման դեպքում թույլատրելի են թարթիչները, վառ երանգների ստվերաներկերը, փայլերը, որովհետեւ արհեստական լույսերի, տեսախցիկների հետ աշխատելիս կինն այս դեպքում առավել գեղեցիկ կարող է ներկայանալ: Իսկ ահա առօրյա դիմահարդարման ժամանակ բացառվում են այդպիսի շեշտադրումները, ընդհակառակը, երբ առկա է բնական լույս, ցանկալի է, որ կինը բնական տեսք ունենա, անգամ ծակոտիները երեւան եւ ոչ թե դիմակը”,-նշել է դիմահարդարը:

Ամենօրյա դիմահարդարման մասին խոսելիս Աշխենը շեշտել է, որ նախընտրելի է նուրբ ընդգծել դիմագծերը` թաքցնելով այն խնդիրները, որոնք խնամքի միջոցներով հարթել չի ստացվել.“Յուրաքանչյուր կին ունի այս կամ այն խնդիրը եւ դրանով հանդերձ գեղեցիկ է: Եթե մաշկն ամեն օր չի մաքրվում, լվացվում, խոնավացվում, պաշտպանվում արեւից, եւ սննդակարգը նորմալ չէ, ապա դիմահարդարումը կծառայի ոչ թե գեղեցկացնելուն, այլ խնդիրները քողարկելուն”:

Երեկոյան դիմահարդարում


Դիմահարդարը հատկապես երիտասարդ աղջիկներին խորհուրդ է տալիս խուսափել ծանր դիմահարդարումից եւ լինել բնական.“Ուզում եմ, որ չթերագնահատեն իրենց: Ի տարբերություն մյուս ազգերի, հայուհիներն ունեն շատ գեղեցիկ, ընդգծված դիմագծեր: Հայի աչքերն իսկապես ամենագեղեցիկն են եւ պետք չէ թաքցնել այդ խորությունը, չքնաղությունը սեւաներկերի տակ”:



Տեքստը` Ա. Կարապետյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին