×


Ինչու են վարկաբեկում Շուշաննա Թովմասյանին

Մի շարք նախագծերից հայտնի Շուշաննա Թովմասյանը շատ կարճ ժամանակում կարողացավ գրավել հեռուստադիտողների սրտերն ու երկրպագուների մեծ բանակ հավաքել: «Դժվար ապրուստ», «Տնփեսա», այժմ էլ «Երանի» սերիալի գլխավոր հերոսուհին մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, վերջին օրերին, սակայն, մեկը մյուսի հետեւից հրապարակվում են նրան վարկաբեկող նյութեր: 

Շուշաննա Թովմասյանը


Դերասանուհին, ով մշտապես զերծ է մնացել իր հասցեին հնչած հերյուրանքները եւ ապատեղեկատվությունը մեկնաբանելուց, BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում հայտնել է իր մտահոգությունները.«Նման անհեթեթ նյութերի հեղինակներին ես միշտ արհամարհել եմ, փորձել եմ ժամանակս անիմաստ բաների վրա չծախսել: Հասկանում եմ՝ ոչ միշտ է, որ մարդիկ ունակ են հասկանալ արհամարհանքի իմաստը: Այս պարագայում, կարծում եմ, արժի մեկ անգամ համապատասխան պատասխան տալ ու հնարավորություն ընձեռել վերջիններիս ուղղվելու ու մի փոքր բարիանալու: Ինչքա՞ն կարելի է դիտումներ ու լայքեր հավաքել նման նյութերի միջոցով: Միթե չի կարելի դա ավելի գեղեցիկ ու ճիշտ ձեւով անել»:

Շուշաննան ընդունում է առողջ քննադատությանը.«Երբեք ագրեսիվ չեմ վերաբերվել իմ հասցեին հնչած մասնագիտական կարծիքին: Ով ասաց, որ բոլորը պետք է հավանեն ու սիրեն ինձ ու իմ կատարած աշխատանքը: Ամեն ինչ իր չափի մեջ է գեղեցիկ: Երբ լսում եմ արածս գործի մասին կշռադատված բացասական կարծիք, նորմալ եմ ընդունում եւ ինչ-որ կերպ հաշվի նստում դրա հետ, բայց նմանատիպ պարապ մարդկանց գրառումները, որոնք, վստահ եմ, պատվիրված են, միայն նողկանք են առաջացնում»:

Շուշաննա Թովմասյանը


Նա կոչ է անում ուսումնասիրել իր կենսագրությունը եւ նոր իրեն անդրադառնալ. «Վերջին օրերին կայքերում տեղ գտած հրապարակումները ծայրից ծայր ապատեղեկատվություն են: Գոնե որոշ կայքերի կեղծ էջերը փորձառու կերպով անեն իրենց գործը. գրում են բաներ, որոնց մասին ես քանիցս տարբեր հարցազրույցներում խոսել եմ: Նույնիսկ կրկնվելու վախ ունեի, բայց պարզվում է` որոշ մարդկանց մոտ դեռ տեղ չի հասել»:

Նա նաեւ հետեւյալն է ասել.«Հասկանում եմ՝ դաշտն ազատ է, ոչ մի կերպ չի վերահսկվում, բայց ո՞ւր են տվյալ լրատվամիջոցների խմբագիրները: Հասկացանք, խոսքի ու մամուլի ազատություն է, բայց այդ ազատությունն էլ պետք է իր սահմանն ունենա: Պետք է կարողանան թացը չորից տարբերել ու գոնե մեկ տոկոս հավաստի նյութ հրապարակել: Շատ վատ է, որ չկա մի օղակ, որը կվերահսկի այդ անիմաստ մականուններով օգտատերերի գրած ստատուսները»:

Մեզ հետ զրույցում Շուշաննան վերջին անգամ անդրադարձել է նաեւ իր ու երգիչ Մարտ Բաբայանի հարաբերություններին ու տարածված այն գրառումներին, թե իբր երգիչն իրեն օգտագործել է տեսահոլովակի հեղինակությունը բարձրացնելու համար. «Այս թեման ինձ համար շատ ծիծաղելի է: Ի՞նչ է նշանակում օգտագործել է: Դերասանուհի եմ եւ այսօր Մարտի, վաղն էլ մեկ այլ երգչի կամ երգչուհու տեսահոլովակում կարող եմ նկարահանվել, ուրեմն նրանք ինձ օգտագործո՞ւմ են: Հաճախ եմ տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ ստանում, որոնք պրոդյուսերիս հետ քննարկում ենք ու հասկանում՝ արժի ընդունել, թե՝ ոչ: Մարտն ինձ համար շատ հարազատ մարդ է, ես ու իմ պրոդյուսերն իր եւ իր պրոդյուսերի՝ Սոֆյայի հետ հիանալի հարաբերություններ ունենք, դրա համար էլ որոշեցինք ընդունել նրանց առաջարկը: Կարծում եմ՝ համագործակցությունը ոչ միայն կայացել է, այլ նաեւ զգալի հաջողությունների հասել, քանի որ մի քանի ամսում հոլովակը ռեկորդային դիտումներ է գրանցել»:

Շուշաննա Թովմասյանը եւ Մարտ Բաբայանը


Հարցին` այս խնդիրն իրավական դաշտ կտեղափոխի եւ կփորձի օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկել իրեն վարկաբեկողներին, Շուշաննան պատասխանել է.«Ցավոք, դատի տալ հասկացողությունը մեր երկրում զարգացած չէ, բայց կարծում եմ` այդ օրն էլ կգա. առաջինը կլինեմ ես, թե իմ գործընկերներից մեկը, հաստատ դա կանենք ու, վստահ եմ, հաջողության կհասնենք: Այս անգամ կսահմանափակվեմ այս նյութով՝ հույս ունենալով, որ մարդկանց մեջ բարություն կարթնանա ու մի բան գրելուց առաջ գոնե մի փոքր կմտածեն»:

Զրույցի վերջում Շուշաննա Թովմասյանն ասաց, որ թեեւ այս շրջանում իր գրաֆիկը բավական խիտ է, սիրով է կատարում իրեն վստահված աշխատանքը. «Շնորհակալ եմ պրոդյուսեր Էդգար Ավագյանին եւ ռեժիսոր Վահե Սայանին մինչ օրս ինձ վստահված գլխավոր դերերի համար: Չեմ կարծում, որ դերերս վատ կերտելուց հետո նման պրոֆեսիոնալ թիմի կողմից երկրորդ եւ երրորդ կերպարը մարմնավորելու առաջարկ կստանայի: Շնորհակալ եմ իմ թիմին՝ ինձ վստահելու ու մշտապես օժանդակելու համար»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշաննայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW