×


Ինչպես են Օպերային թատրոնում նշել Նոր տարին

Ճեմասրահում երեկոյան հագուստով հանդիսականներ, դիմակներով պարահանդես, Ամանորի զարդարանքներով բեմ, նախատոնական տրամադրություն` ահա այսպիսի մթնոլորտ էր երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ օպերային եւ էստրադային երգիչները ներկայացել են համատեղ կատարումներով։                                                                                                                  

Տոնական համերգ` Օպերային թատրոնում


Տոնական համերգի նախաձեռնողն ու պրոդյուսերը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն էր։ Երկու մասից բաղկացած համերգի ընդմիջմանը երկրորդ հարկի ճեմասրահում հանդիսավորությամբ վառվել են Օպերային թատրոնի տոնածառի լույսերը։

Համերգավարներ Գայանե Ասլամազյանն ու Ստեփան Ղամբարյանը, ողջունելով հանդիսատեսին, նշել են, որ առաջին անգամ հնչում են զուգերգեր տարբեր ժաներերի կատարողների կողմից.«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցնող տարվա ընթացքում նշվեց Կոմիտասի 145-ամյակը, մեր երեկոն մեկնարկում ենք կոմիտասյան մշակումով»,-հայտարարել են նրանք ու բեմ հրավիրել Անուշ եւ Ինգա Արշակյաններին, որոնք Օպերային թատրոնի երգչախմբի հետ կատարել են «Էսօր ուրբաթ է» ստեղծագործությունը։ Ելույթ են ունեցել Անահիտ Մխիթարյանը, Պերճ Քարազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արամոն ու Էմմա Պետրոսյանը, Էրիկ Կարապետյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Առնոլդ Քոչարյանը, Քրիստինե Սահակյանը, Դավիթ Բաբայանցը, Հովհաննես Այվազյանը, Սոֆիա Թումանյանը, Գրետա Բագիյանը, Աննա Այվազյանը եւ ուրիշներ։

Օպերային թատրոնում նշել են Նոր տարին


Բեմում են եղել թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը եւ բալետային թատերախումբը, հնչել են Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, Ալեքսանդր Հարությունյանի, Արմեն Տիգրանյանի ու այլ կոմպոզիտորների հայտնի գործեր։

BRAVO.am-ի հետ զրույցում Ինգա Արշակյանը նշել է, որ հաճույքով են մասնակցում ամփոփիչ տոնական համերգին.«Արտերկրում սիրված եւ ընդունված ձեւաչափ է, երբ օպերային եւ էստրադային կատարողները միասին են երգում։ Ուրախ ենք, որ նախագծի հեղինակ Արմեն Մարտիրոսյանի գաղափարը իրականացավ: Նա ունի այդպիսի կրեատիվ պոռթկուներ, մենք էլ հրաշալի համերգի մասնակիցն ենք։ Դասական երաժիշտների հետ ելույթ ունենալը մի այլ հաճույք է»։

Արամոն եւ Էմմա Պետրոսյանը


Անուշն էլ նշել է, որ ուսանողական տարիներին երբեւէ չէր պատկերացնի, որ նման պատվի կարժանանա.«Մեր կատարումներից մեկի դիրիժորը մեր երաժշտական ուսումնարանի նախկին տնօրենն է՝ Աթանես Առաքելյանը, որին շատ եմ գնահատում։ Մեզ համար սա Ամանորի լավագույն  նվերներից է. պատիվ է ելույթ ունենալ ուսուցչի, մեծ արտիստի հետ»։

ՀՀ վաստակավոր արտիստուհի, դրամատիկ սոպրանո Մարինե Դեինյանի փոխանցմամբ՝ թատրոնում նախատոնական միջոցառումներ կազմակերպելու ավանդույթ չունեն, բայց այս անգամ դեկտեմբերի 29-ին կհավաքվեն ժամանցի վայրերից մեկում.«Ունեմ գլխավոր մի շարք դերերգեր, բայց տարվա անակնակալն ինձ համար «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերում լինելն էր, որի առաջարկը ստացա իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյից։ Ընդամենը մեկ օր առաջ տեղեկացա, հաջորդ օրը երգեցի ու մեծ հաճույք ստացա»։

Տոնական համերգ` Օպերային թատրոնում


Արծվիկ Դեմուրչյանն իր գործընկերների հետ կատարել է Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից կվարտետ.«Օպերային թատրոնի վերջին համերգները տպավորիչ էին։ Ինձ համար բեղմնավոր տարի էր, մի քանի  մասնակցություն ունեմ ներկայացումներում։ «Անուշ» օպերայում Անուշի դերերգն եմ կատարում, նաեւ երգում եմ «Կարմեն», «Տրավիատա» ու այլ օպերաներում»։

Օպերային երգչուհի Գրետա Բագիյանն էլ այսպես է գնահատել տարին.«Մի քիչ խառն էր, նոր գեղարվեստական ղեկավար ունեցանք, որոշ փոփոխություններ եղան։ Հունվարից կսկսենք նոր բեմադրություններ, շուտով կնշենք Նոր տարին, բայց պետք է ասեմ, որ կոլեգաներով իրար «տանել չենք կարողանում ու նախանձում ենք»:): Իսկ իրականում մտերիմներով Ամանորին իրար տուն ենք այցելում»։

Համերգը եզրափակվել է բոլոր մասնակիցների ելույթով. նրանց կատարմամբ հնչել է Լուիջի Դենցայի «Funiculi, funicula» ստեղծագործությունը։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին