×


Ինչպես են անցնում «Թաքնված սեր» սերիալի նկարահանումները

«Տելեմունդո» հեռուստաընկերության ռեյտինգային նոր սերիալներից մեկի հայկական ադապտացիան «Թաքնված սեր» անվանմամբ նախորդ շաբաթվանից «Շանթ»-ի եթերում է: BRAVO.am-ն օրերս ներկա է եղել սերիաներից մեկի նկարահանումներին, զրուցել է ռեժիսորի եւ դերասանների հետ:

Սոֆյա Պողոսյանը` «Թաքնված սեր» սերիալի նկարահանումներին


«Սյուժեի հիմքում եղբայրների վրեժն է, որը վերածվում է մեծ սիրո: Վրեժխնդիր լինելու նպատակով տղաներն աշխատանքի են անցնում աղջիկների տանը, սակայն նրանց միջեւ սիրային պատմություններ են սկսվում: Բացի գլխավոր կերպարները, ունենք երկրորդական դերերով հանդես եկող դերասաններ, ովքեր իրենց գույնով եւ բնութագրով շատ մեծ դեր ունեն այս սերիալում»,-նշել է ռեժիսոր Մհեր Խաչատրյանը:

Ռեժիսորից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչպես են ընտրվել դերակատարներն ու ինչպես է ընթանում աշխատանքը նրանց հետ.«Քասթինգը բավական երկար է տեւել. փորձել ենք հիմնականում փորձառու դերասանների ընտրել, շատ լավ կազմ ունենք: Շատերի հետ արդեն աշխատել էի, իսկ նոր անդամների հետ էլ հեշտ ենք լեզու գտնում»:

Մուրադ Նադիրյանը եւ Նելլի Խերանյանը` «Թաքնված սեր» սերիալի նկարահանումներին


Նելլի Խերանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ սերիալային 3 տարվա դադարը պայմանավորված է եղել առաջարկների բացակայությամբ.«Իսկ այս դերը շատ հավանեցի: Դիտել եմ նաեւ բնօրինակը, գիտեմ` խաղալու բան կա, ինչը շատ կարեւոր է: Պետք է նաեւ կերպարը հետաքրքիր լինի եւ տարբերվի իմ մյուս դերերից: Մեկ ամիս է` աշխատում եմ «Շանթ»-ի հետ, հուսամ` երկարատեւ համագործակցություն կլինի, քանի որ պրոֆեսիոնալ թիմ կա եւ մեր երամի մարդիկ են հավաքված»:

Դերասանուհին իր նոր կերպարը բացասական չի համարում.«Թեեւ ճիշտ է` սկզբում փորձում եմ ցանկացած գնով փրկել ընտանիքս, վատ քայլերի եմ դիմում: Ընդհանրապես, կանանց պատմությունները հետաքրքիր են, իսկ այս դեպքում կին է, որին դավաճանում են, ով աղջիկներ ունի, թուլություններ, ճակատագրի կողմից անակնկալներ: Երբ 40-ն անց կնոջ կյանքում վայրիվերումներ են լինում, կերպարն ավելի հետաքրքիր է դառնում: Կարծում եմ` դիտարժան լինի: Առաջին սերիան նայել եմ որպես հեռուստադիտող, եւ այն ինձ հետաքրքրեց»:

«Թաքնված սեր» սերիալի նկարահանումներին


Անդրադառնալով իր եւ հերոսուհու նմանություններին` Նելլի Խերանյանը նշել է. «Մեր ներաշխարհները տարբեր են, բայց դա շատ ավելի հետաքրքիր է դարձնում խաղս: Միակ նմանությունն այն է, որ ե՛ւ կյանքում եմ աղջիկների մայր, ե՛ւ սերիալում»:

Ավագ եղբոր դերակատար Աշոտ Տեր-Մաթեւոսյանը նախորդ` «Ուրիշի հոգին» սերիալից հետո դադար չի վերցրել ու զուգահեռաբար նկարահանվել է նաեւ նոր նախագծում.«Եղել է շրջան, երբ նկարահանվել եմ ոչ միայն երկու սերիալներում, այլեւ «Սահմանին» ֆիլմում: Ժողովրդական մի քիչ կոպիտ խոսք կա`«Ինչքան էշի բեռը ծանր է լինում, այնքան ավելի լավ է գնում»:): Ուրախանում էի, որ մեկ օրվա ընթացքում հասցնում եմ մի քանի բան անել, ազատ օրերն ու ժամերը տանել չեմ կարողանում»:

Աշոտի խոսքով` այդ դեպքում այնպիսի առաջարկ է ստացել, որ չի կարողացել մերժել.«Սցենարն ու դերասանական, տեխնիկական կազմը թույլ չտվեցին դադարի մասին մտածել: Հանգստանալ միշտ էլ կհասցնեմ, իսկ քանի դեռ եռանդ ու ցանկություն կա, պետք է աշխատել: Կարծում եմ` դեռ չեմ հոգնեցրել հեռուստադիտողին»:

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը` «Թաքնված սեր» սերիալի նկարահանումներին


Դերասանը նշել է, որ հետաքրքրությամբ է խաղում Դավիթի դերը.«Երբ ավագն ես, ու ծնողներն էլ չկան, բնականաբար, նաեւ հոր պարտականություններն ես կատարում: Եղբայրներիդ հետ խորհրդակցելով` վերջնական որոշումն ինքդ ես կայացնում: Այսօր արդեն արձագանքներ եմ լսել, որ շատ լավ եղբայրության օրինակ ենք: Գնելին վաղուց եմ ճանաչում, միասին աշխատել ենք, իսկ Դավիթի հետ սերիալի շրջանակում եմ ծանոթացել, բայց էլի հաճելի է միասին խաղալը: Ուրախ եմ, որ հիմնականում դերասաններ են հավաքված, բացի այդ, ոգեւորող է տարիքով ավելի ավագ սերնդի հետ աշխատելը, օրինակ` Դավիթ Հակոբյանի հետ ոչ միայն նկարահանվելն է հաճելի, այլեւ շփվելը: Նելլի Խերանյանի հետ էլ նույն նախագծում հանդես գալն ուրախալի է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին