×


Ինչպես են ընդունել Հայկ Պետրոսյանին եւ Նարինե Դովլաթյանին Ֆրանսիայում

Այս ամիս Հայկ Պետրոսյանը եւ Նարինե Դովլաթյանը ելույթներ են ունեցել Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքում: Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը, երգիչները հրավերը ստացել էին Երեւանի Արաբկիր վարչական շրջանի եւ Պլեսի Ռոբինսոն քաղաքի համագործակցության արդյունքում:

Նարինե Դովլաթյանը եւ Հայկ Պետրոսյանը


Հայկ Պետրոսյանը BRAVO.am-ին ասել է, որ մասնակցել են քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին եւ դրական տպավորություններով վերադարձել.«Թեեւ փոքր, բայց ամուր հայկական համայնք ունենք այնտեղ, եւ շատ ջերմ ընդունեցին մեզ ոչ միայն տեղացիները, այլեւ տեղի հայերը»:

Նա թեեւ մեծացել է Փարիզում, բայց վերջին անգամ 7 տարի առաջ էր եղել այնտեղ. «Եկա Հայաստան, ծառայեցի հայոց բանակում ու այդպես էլ չստացվեց կրկին մեկնել: Այս կարճ ճանապարհորդությունն առիթ ընձեռեց հանդիպել Փարիզի ընկերներիս: Եվ ամենակարեւորը` քույրս այնտեղ է սովորում: Արդեն 4 տարի է՝  նրան չէի տեսել: Տեսա, ինչի համար անչափ ուրախ եմ»:

Նարինե Դովլաթյանը, Հայկ Պետրոսյանը եւ Ալեքսանդր Մհերյանը


Պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանի խոսքով` Պլեսի Ռոբինսոնում հաճախ են մշակութային տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվում.«Հայկի եւ Նարինեի ելույթները մեծ ոգեւորությամբ ընդունվեցին տեղացիների կողմից: Անչափ հաճելի է, երբ օտարազգիները գնահատում եւ սիրում են աշխատանքդ»:

Նա խոսեց նաեւ հուլիսի 4-ին Տիկնիկային թատրոնում սպասվելիք «Շնորհակալ ենք հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» բարեգործական համերգի մասին: Սեւակ Ամրոյանը, Նարինե Դովլաթյանը, Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը եւ Քրիստ Մանարյանն, ով վերջին ամիսներին առաջնագծում էր, կներկայանան հայրենասիրական երգերի ծրագրով.«Ինչպես նախորդ, այս համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի զինվորների ընտանիքներին: Թեեւ ահռելի գումարներ չեն հավաքվում, բայց ուրախ ենք, որ կարողանում ենք թեկուզ փոքրիկ ներդրում ունենալ հայրենիքի պաշտպանների ընտանիքներին օգնելու հարցում»:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Մհերյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին