×


Ինչպես են պատրաստվում «Ամեն» շոուի երեւանյան պրեմիերային

Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում այս օրերին ստեղծագործական բուռն փորձեր են։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, դասական երգչախումբ, փոփ եւ ֆոլկ համույթներ, պարային անսամբլ, ակրոբատներ եւ ճանաչված օպերային կատարողներ. ավելի քան 250 հոգուց կազմված թիմով պատրաստվում են «Ամեն» էպիկական դրամայի երեւանյան պրեմիերային։ BRAVO.am-ը ներկա է եղել փորձերից մեկին եւ հունիսի 23-ին կայանալիք առաջնախաղից առաջ պարզել որոշ մանրամասներ։

«Ամեն» էպիկական դրամայի փորձերին


«Ամեն» երաժշտական-դրամատիկ ներկայացման սյուժեի հիմքում հայ ժողովրդի պատմության հիմնական դրվագներն են, որ կներկայացվեն վիզուալ պատկերների, երաժշտության ու պարի լեզվով, ամեն դետալ հիմնված է խորհրդանշական կերպարների վրա։ Ինչպես պարզեցինք, 3 գործողությամբ ներկայացումը կընթանա առանց դադարի՝ շուրջ 100 րոպե տեւողությամբ։ Բեմում ծավալվող պատմությունը կուղեկցվի էկրանին ցուցադրվող անիմացիայով։

Նախագծի գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանը դահլիճում հետեւում էր բեմական փորձերին, իսկ զրույցի ժամանակ նշեց, որ դրանք սպասվածից ավելի լավ են անցնում.«Բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ ու պարողներ են, ուստի միմյանց հեշտ են ընկալում։ Կարեւորում եմ ե՛ւ երաժշտական մասը, ե՛ւ շոուն։ Կարծում եմ՝ արվեստասերները կհավանեն, որովհետեւ արվեստի տարբեր ճյուղերը համադրված են մեկ ներկայացման մեջ։ Փորձում ենք մաքսիմալ չքնաղ բեմադրություն ստանալ»։

Այս շոուի ստեղծման համար սկսել են աշխատել երեք տարի առաջ, ժանրային առումով այն նորամուծություն է.«Քանի որ նախագիծն արվում է մեծ մասամբ հայերի ջանքերով, որոշեցինք, որ հայ հանդիսատեսն առաջինը պետք է դիտի։ Առաջին եւ միակ ցուցադրությունից հետո կսկսվեն հյուրախաղերը Հայաստանից դուրս»։

Արաքսյա Մուշեղյանը, Գրիգոր Խաչատրյանը եւ Հասմիկ Չախմախչյանը


«Ամեն» շոուին կհնչի ամբողջովին նոր գրված երաժշտություն, որի կոմպոզիտորն ու երաժշտական պրոդյուսերն Արաքսյա Մուշեղյանն է.«Հիմա երաժիշտները փորձում են ներդաշնակ հնչողություն ստանալ։ Դասական ու էլեկտրոնային գործիքները համատեղ են հնչելու, այդ պատճառով կարեւոր է օրգանական հնչողությունը, որ ունկնդիրը մեծ բավականություն ստանա»,-պատմեց նա։

Արաքսյայի խոսքով՝ շոուն ստեղծելիս նպատակ են ունեցել ընդլայնել հանդիսատեսի շրջանակները, որպեսզի այս պատմությունը հետաքրքիր լինի մարդկանց՝ անկախ ազգությունից. «Գիտեք, հանդիսատեսն ազգությամբ չի որոշվում. երաժշտությունը կամ հավանում են, կամ՝ ոչ։ Երբ մեզ որեւէ երգ դուր է գալիս, չենք մտածում՝ ով է ստեղծել կամ ինչ լեզվով է, պարզապես հավանում ու լսում ենք։ Ես վրդովվում եմ, երբ ասում են՝ հայ հանդիսատեսն անճաշակ է, ցածրորակ երաժշտությունն ընդունում է, քանի որ ունենք բծախնդիր ու կրթված երաժշտասերներ։ Լավը գնահատող հանդիսատեսի համար էլ փորձում ենք հնարավորինս բարձրակարգ շոու ստեղծել։ Յուրաքանչյուր հատվածը մաս-մաս հավաքվում է, որ ամբողջական դառնա։ Այսպիսի էպիկ դրամա ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում չի եղել, սա առաջինն է, շատ ռիսկային է, իսկ նոր բան ստեղծելու համար անհրաժեշտ է ռիսկի դիմել»։

«Ամեն» էպիկական դրամայի փորձերին


Պարային շոուն վստահված է Նոր Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային անսամբլին, որի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը խորեոգրաֆներից մեկն է։ Ինչպես նա է պատմել BRAVO.am-ին, խմբի համար այս թեմատիկայով 4-րդ ներկայացումն է, սակայն նախորդների հետ կապ չունի. բոլորովին նոր շոու են պատրաստում.«Քանի որ ներկայացվում է ժողովրդի պատմությունը, մասնակցում են տարբեր տարիքի պարողներ՝ մեր խմբի 40 պարողներն ու Գեւորգ Գինոսյանի կրկեսային դպրոցի չորս ակրոբատները։ Մենք հաճույք ենք ստանում, կարծում եմ՝ մեկ նախագծում հավաքված են հրաշալի տեխնիկական ու պրոդյուսերական անձնակազմ, լավագույն երաժիշտներն ու արտիստները, այնպես չէ, որ հայերով հավաքվել ու նոր ներկայացում ենք անում։ Սա միջազգային մասշտաբի ծրագիր է»։

Օգոստոսին «Ամեն» շոու-ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում, այնուհետեւ նախատեսում են հյուրախաղեր խոշորագույն քաղաքների՝ Լոնդոնի, Պեկինի, Տոկիոյի, Նյու Յորքի բեմահարթակներում: 

«Ամեն» էպիկական դրամայի փորձերին


Նախագծին մասնակցում են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր՝ Էդուարդ  Թոփչյան (Հայաստան), «Հովեր» պետական կամերային երգչախումբ, գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան (Հայաստան), Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային անսամբլ, Երեւանի Մալունցյանի անվան արվեստի դպրոց - վոկալ համույթ (Հայաստան), Հրաչուհի Բասենց (Գերմանիա), Բարսեղ Թումանյան (Հայաստան, Ղազախստան), Ջուլիետ Գալստյան (Շվեյցարիա), Ռոզի Անուշ Սվազլյան (ԱՄՆ, Իտալիա), Հասմիկ Թորոսյան (Իտալիա, Հայաստան), Հովհաննես Այվազյան (Հայաստան), Բեռչ Քարազյան (Հայաստան), Դավիթ Բաբայանց (Հայաստան), դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը եւ ուրիշներ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին