×


Ինչպես է անցել «The Band»-ի համերգ-շնորհանդեսը

«The Band»-ի վոկալիստ Կարինե Առուստամյանի ու երաժիշտների համար մարտի 13-ը սպասված օր էր։ Խմբի անդամները «Կամի» ակումբ էին հրավիրել գործընկերներին ու մտերիմներին` ներկայացնելու առաջին պաշտոնական տեսահոլովակը եւ մասնակցելու «Էթնո-ֆանկ» էքսպերիմենտալ նախագծի առաջին համերգին:

«The Band»-ը


Ակումբներում հաճախ ելույթ ունեցող «The Band»-ի փակ համերգ-շնորհանդեսի առաջին հատվածում հյուրերը դիտել են երաժիշտների փորձարարությունը՝ «Նարե, Նարե» ժողովրդական երգի եւ Բեյոնսեի «Beautiful Liar» ու «Naughty Girl» երգերի միախառնումից ստացված երգի տեսահոլովակը։ Այնուհետեւ կենդանի նվագակցությամբ ունկնդրել են ազգագրական հնչյուններից ու հայտնի հիթերից ստեղծված շուրջ 12 երգ։

Երաժշտությունն ու բեմն իր ապրելակերպը դարձրած Կարինեն իրեն համարում է ոչ թե անհատ երգչուհի, այլ խմբի մի մասնիկը.«Առանց բենդի չեմ պատկերացնում իմ գործունեությունը, որովհետեւ կենդանի նվագակցությամբ երգելն ամեն ինչ արժե։ Այս ամենն ինձ համար աշխատանքից ավելին է, բեմում երգելն օրվա ամենահետաքրքիր մասն է, միշտ վայելում եմ այդ պահը։ Խումբը ստեղծել եմ դաշնակահար եւ վոկալիստ Հովսեփ Երեմյանի հետ, նա ժողովրդական երգերը շատ գեղեցիկ է կատարում», - համերգից առաջ BRAVO.am-ին պատմել է երգչուհին։ 

Սոֆի Մխեյանը, Կարինե Առուստամյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Հայկական մոտիվներով տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում։ Ռեժիսորն Արսեն Երեմյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, պարը բեմադրել է Հովհաննես Սարգսյանը։ Երգչուհու զգեստները պատրաստել է դիզայներ Անուշ Հովհաննիսյանը։ Կարինեի փոխանցմամբ` նկարահանումը տեւել է մոտ 17 ժամ, աշխատել է 60-ից ավելի մարդ. «Մեր առաջին ծավալուն աշխատանքն է, այնքան սպասված էր, որ ամեն ինչ արել ենք շատ մեծ սիրով։ Շեշտը դրված է ոչ միայն երգի, այլեւ պարի վրա, կարելի է ասել՝ այստեղ առաջին անգամ աղջիկները «Բերդ» են պարում»։
 
Երաժիշտներն արդեն ձայնագրել են մի քանի երգ «էթնո-ֆանկ» նախագծի համար եւ նախատեսում են շուտով սկավառակ թողարկել.«Ժողովրդական երգերը գրեթե չեն հնչում ակումբներում, կան էթնո-ջազային գործիքային խմբեր, բայց վոկալային խմբեր չկան։ Մենք նպատակ ունենք, որ երիտասարդությունը նաեւ ակումբերում լսի ժողովրդական երգերը։ Այս գաղափարը ամրապնդվեց Քաթարում, երբ մեզ հարցնում էին՝ ինչպիսին է ձեր երկիրը, ինչ ազգային երգեր ունեք եւ այլն։ Մենք արտերկրում չենք տարբերվի ոչ մի բանով, եթե կատարենք հայտնի հիթեր, դրա համար էլ նախընտրում ենք դրանց հետ միքսել հայկականը»։

Կարինե Առուստամյանը


Ակտիվ հանդիսատեսով ու երաժշտական ռիթմերով երեկոյի վերջին հատվածում կտրվել է տոնական տորթը եւ ներկաները պարել են Dj Smoke-ի հնչեցրած սեթերի ներքո։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին