×


Ինչպես է անցել «Պլյուս-մինուս» ներկայացման պրեմիերան

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում երեկ Մկրտիչ Արզումանյան-Հովհաննես Ազոյան դուետի նոր ներկայացման առաջնախաղն էր: Երկար դադարից հետո Մկոն եւ Հովոն հանդիսատեսին, որոնց շարքում էին նաեւ Արցախի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինվորները, ներկայացան նորովի՝ իրենց «պլյուսներով» եւ «մինուսներով»: Նախքան պրեմիերան, ստեղծագործական եւ դերասանական կազմը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Պլյուս-մինուս» ներկայացման պրեմիերային


«Պլյուս-մինուս»-ը լի է քաղաքական սատիրայով, կենցաղային եւ սոցիալական հումորով.«Թեեւ սա դասական ներկայացում չէ, այլ շոու է, բայց գռեհկություն եւ լկտիություն չկա»,-նշել են տղաները:

Ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով` շոուի անվան ընտրությունը պատահական չէ.«Ներկայացման սկզբում հանդիսատեսը կտեսնի պլյուսը, որին կհաջորդեն մինուսներն՝ իրենց պլյուսներով»: Հովհաննես Ազոյանն էլ կեսկատակ-կեսլուրջ հավելել է.«Ներկայացման «պլյուսը» ես եմ, «մինուսը»` Մկոն»:

«Պլյուս-մինուս» ներկայացման պրեմիերային


Մկրտիչ Արզումանյանը, ով նաեւ ներկայացման համապրոդյուսերն է, նշել է, որ իրենց գերխնդիրն է մարդկանց ժպիտ պարգեւելը.«Իհարկե, այս ներկայացումից հետո մեր երկրի բոլոր խնդիրները չեն լուծվելու, բայց կարող եմ վստահեցնել, որ գոնե երկու ժամ կկարողանան մոռանալ իրենց հոգսերի մասին»:

Շոուն վարում է Գրիշա Աղախանյանը, ներկայացման մեջ զբաղված է նաեւ Էվա Խաչատրյանը.«Գրիշա Աղախանյանն այն եզակի դերասաններից է, ով ունի ուրույն ձեռագիր եւ ինքնատիպ իմիջ: Էվա Խաչատրյանն էլ չափազանց հմայիչ եւ տաղանդավոր դերասանուհի է»,-ասել է պրոդյուսեր Արման Միտոյանը` հավելելով, որ սիրված եւ ճանաչված դերասաններին հանդիսատեսը կտեսնի նոր եւ անսպասելի կերպարներում:

«Պլյուս-մինուս» ներկայացման պրեմիերային


Էվա Խաչատրյանը հպարտ եւ ուրախ է պրոֆեսիոնալ թիմում աշխատելու համար. «Շնորհակալ եմ գործընկերներիս իմ բոլոր մերժումները, «բզիկներն» ընդունելու եւ բեմում ինձ հետ ընդհանուր հայտարարի գալու համար»,-նշել է դերասանուհին:

 «Պլյուս-մինուս»-ի ցուցադրություններ առաջիկայում նախատեսված են նաեւ Հայաստանի մարզերի, Արցախի եւ սփյուռքի հանդիսատեսի համար: Ներկայացումը  հեռուստատեսային տարբերակ չի ունենա.«Այս կարգի շուոները նպատակահարմար է դիտել դահլիճում, հույզերը հանդիսատեսը կկարողանա ստանալ միայն իրական շփումից»,-ասել է Մկրտիչ Արզումանյանը:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին