×


Ինչպես է անցել «Սոսե»-ի փակումը

«Սոսե» փառատոնն այս տարի կինոսերներին ներկայացել է 38 երկրում պատրաստված 104 ֆիլմով։ Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, «Առնո Բաբաջանյան» փոքր համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի մրցանակաբաշխությունն ու փակումը։ Մրցութային ծրագրերի հաղթողներին որոշել են միջազգային հանձնախումբն ու ժյուրին, որոնցում ընդգրկված են եղել նաեւ հայ մասնագետները՝ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, դերասան Դավիթ Հակոբյանը, կինոգետ Անետա Երզնկյանը։

«Սոսե» փառատոնի փակմանը


3-րդ անգամ անցկացվող կինոփառատոնի հիմնադիր-նախագահ Ռիտա Խալաթյանը BRAVO.am-ին հայտել է, որ բացման ու փակման արարողությունները որոշել են կազմակերպել առանց ֆիլմերի ցուցադրման.«Փառատոնի ժամանակ կարեւոր է, որ մասնակիցները ծանոթանան, շփվեն, իսկ բեմից նույն տեքստերը չկրկնվեն։ Անկեղծ ասած` վախեցանք, որ ֆիլմը ձանձրալի կլինի. առանց այդ էլ հանդիսատեսը համբերատար չէ, անվանակարգերն էլ շատ էին»։

Ռեժիսոր Աննա Բայաթյանը եւ Լիլիթ Ծատուրյանը


Մրցանակակիրների թվում հայեր չկան, իսկ միջազգային ֆիլմերի հաղթողները ներկա չէին միջոցառմանը.«Ցավոք, փառատոնը չկարողացավ հոգալ արտերկրի մասնակիցների ծախսերի գոնե կեսը, որ այցելեն Հայաստան, կուղարկենք նրանց մրցանակները։ Բայց այս տարի հանդիսատեսի հոսքը, նախորդ տարիների համեմատ, ավելի շատ էր։ Կուզեի՝ ուսանողությունը հետաքրքրվեր։ Փառատոնն աճելու շատ տեղ ունի, ինձ առայժմ չի գոհացնում, երբ գոհացնի, կփակեմ, որովհետեւ չի կարելի գոհանալ արած աշխատանքով. միշտ պետք է ձգտել ավելիին։ Հաջորդ տարի մի քիչ այլ ձեւաչափով կներկայանանք»։

Հաղթող ֆիլմերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին