×


Ինչպես է անցել Լիլի Էլբակյանի բեմադրած «Դեկամերոն»-ի պրեմիերան

Լիլի Էլբակյանն իր ուսանողուհիների հետ բեմադրել է «Դեկամերոն»-ը՝  բեմականացնելով նովելներից մի քանիսը։ Իտալացի գրող, վաղ վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ Ջովանի Բոկաչչոյի հանրահայտ գործն ընդգրկվել է Էդգար Էլբակյանի անվան թատրոնի խաղացանկում։ Ներկայացման պաշտոնական պրեմիերային ներկա է եղել BRAVO.am-ը։

«Դեկամերոն» ներկայացման պրեմիերային


Այս ներկայացումն ի սկզբանե եղել է ուսանողական աշխատանք: Արմեն, Աննա եւ Լիլի Էլբակյանները դասավանդում են Երեւանի մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնում, եւ «Դեկամերոնը» եղել է նրանց ավարտական կուրսի դիպլոմային աշխատանքը։

Մեկ գործողությամբ ներկայացման դերասանախմբում տասն աղջիկ են՝ Տաթեւ Հոռոփյանը, Նարե Հովհաննիսյանը, էմմա Սարդարյանը, Սյուզաննա Կոստանյանը, Տաթեւ Սուքիասյանը եւ ուրիշներ։ Բեմում միայն սեւ ու սպիտակ գույներն են, մյուս «գույներով» բեմը լցնում են երիտասարդ դերասանուհիները. խաղարկային պատմություններում կերպարանափոխվում են՝ խաղալով նաեւ արական սեռի կերպարներ։

«Դեկամերոն» ներկայացման պրեմիերային


BRAVO.am-ի հարցին, թե ինչու են ընտրել «Դեկամերոն»-ը, Լիլին նշել է, որ այն միշտ արդիական է, քանի որ մարդկային փոխհարաբերությունները հետաքրքիր են բոլոր ժամանակաշրջաններում.«Քանի որ կուրսում միայն աղջիկներ էին, սկզբում ընդամենը մի հատվածի վրա էինք աշխատում, հետո հասկացանք, որ կարելի է ընդլայնվել եւ խաղալ նաեւ տղաների դերեր։ Քննական աշխատանքը թատրոնում խաղացին, բայց ուսանողուհիներիցս մի քանիսն ամուսնացան կամ այլ աշխատանքի անցան, ուստի, որոշեցինք նոր աղջիկներով համալրել կազմը եւ պաշտոնապես ներառել խաղացանկում»։

21-ամյա Տաթեւ Հոռոփյանը շուրջ 3 տարի աշխատում է նույն հարկի տակ գործող Խամաճիկների թատրոնում։ Նա պրեմիերայից հետո հուզված էր, BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ չի գոհանում իր խաղով, յուրաքանչյուր անգամ շտկումներ է անում. «Մենք հիմնվել ենք նովելների վրա, բայց կան միջանցիկ տեսարաններ, որոնք մենք ենք հնարել: Հիմնվել ենք մեր զգացողությունների վրա, դրա համար անկեղծ ենք խաղում։ Մեր շրջապատում, հասարակության մեջ կան ավազակներ, թաքնված սրբապիղծներ, եւ բեմից այդ ամենը ներկայացնելն արդիական է։ Թվում է, թե հանդիսականներից մեկը կկանգնի ու կասի, որ ինքն էլ գիտի նման պատմություն» ։

«Դեկամերոն» ներկայացման պրեմիերային


Սյուզաննա Կոստանյանն էլ միաժամանակ մարմնավորում է եւ կնոջ, եւ տղամարդու. «Մեր խաղը համեմել ենք հումորով, քանի որ գործը մեծահասակների համար է, բաց տեսարաններին էլ հումորով ենք վերաբերվել։ Փորձերը շատ հետաքրքիր էին անցնում, կերպարներին համապատասխան ինչ-որ բաներ էինք հայթայթում։ Երբ վերջնաժամկետ էր դրվում, բոլորս լրջանում էինք, բայց հոգնելիս օգնության էր հասնում հումորը, էներգիա էինք հավաքում ու նորից անցնում փորձերին»։

«Դեկամերոն»-ը թատրոնում կարող եք դիտել չորեքշաբթի օրերին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին