×


Ինչպես է անցել Հրաչյա Հարությունյանի եւ Լուիզա Ղամբարյանի կատակերգության պրեմիերան

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել “Համար 707” ներկայացման պրեմիերան, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։ Գլխավոր դերակատարներ Լուիզա Ղամբարյանն ու Հրաչյա Հարությունյանը հանդիսատեսին ներկայացրել են սիրային պատմություններ կատակերգության ժանրում, որոնք իրենց բնույթով ավելի շատ տրագիկոմեդիա են։

Լուիզա Ղամբարյանը եւ Հրաչյա Հարությունյանը` «Համար 707» ներկայացման պրեմիերային


“№707”-ը Հրաչյա Հարությունը բեմադրել է ամերիկացի ժամանակակից դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի ստեղծագործություններից մեկի հիման վրա։ Պիեսը հայկականացվել է, սակայն զգալի է ամերիկյան շունչը։ 3 դրամատիկ պատմություն, որոնք կատարվում են Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկի 707 համարում։ Այս սենյակում տարբեր ժամանակահատվածներում բնակվում են միմյանցից տարբեր, բայց միեւնույն ժամանակ նման զույգեր։ 

Առաջին պատմության հերոսները Բիլլին ու Հաննան են, ովքեր ամուսնալուծվել են, սակայն նրանց կապում է 17-ամյա դուստրը։ Երկրորդ պատմության հերոսուհին Լոնդոնի թատրոնի “հիստերիկ” դերասանուհի Էլիզն է, որն ամուսնու՝ Սիդի հետ ժամանում է ԱՄՆ՝ մասնակցելու “Օսկար”-ի մրցանակաբաշխությանը։ Երրորդ իրավիճակում շոշափվում է դավաճանության թեման, համեստ ու խոհեմ Միլլիի ամուսինը՝  Մարվինը, ամեն կերպ ջանում է փրկել ընտանիքը։

Լուիզա Ղամբարյանը` «Համար 707» ներկայացման պրեմիերային


Լուիզա Ղամբարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ “քննությունը”՝ ներկայացման հանձնումը, կրկնակի պատասխանատու է.“Պրեմիերաներն անցնում են ավելի լարված մթնոլորտում, այնուհետեւ մենք մեզ զգում ենք մեր ափսեում, կամ ինչպես ասում են՝ ձուկը ջրում։ Այս ներկայացումն ինձ համար հետաքրքիր է իր տեսակով, նաեւ հնարավորություն ունեմ շատ արագ կերպարանափոխվել ու միանգամայն տարբեր խառնվածքով կանանց մարմնավորել”:

3 գործողությամբ “№707” ներկայացման նկարչական ձեւավորումն արել է Շամիր Շախիրյանը, երաժշտական ձեւավորումը՝ Աշոտ Փափազյանը, զգեստների նկարիչը Մերի Սարգսյանն է։ Ներկայացումն արդեն դեկտեմբեր ամսվա խաղացանկում է։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին