×


Ինչպես է անցել Ձախ Հարութի երեւանյան մենահամերգը

Մարզահամերգային համալիրը երեկ լեփ-լեցուն էր: Բազմաթիվ հանդիսականներ էին եկել ունկնդրելու լեգենդար Հարութ Փամբուկչյանի հին ու նոր սիրված երգերը: Ներկաների շարքում էին ե՛ւ ավագ, ե՛ւ միջին, ե՛ւ կրտսեր սերնդի ներկայացուցիչներ:

Ձախ Հարութի երեւանյան համերգին


«Իմ կյանքը» խորագրով երեկոն սկսվեց Ձախ Հարութի կենսագրական պատմությամբ, որն ուղեցկվում էր մանկության, պատանեկության եւ հասուն տարիքի տարբեր լուսանկարներով: Ապա նա բեմ բարձրացավ, եւ համերգի մեկնարկը տրվեց Ռազմիկ Ամյանի հետ «Գեղեցիկ է Երեւանը» երգի կատարմամբ:

67-ամյա երգիչը հուզված էր եւ երջանիկ, որ Երեւանում կրկին հնարավորություն ունի հանդիպել իր երկրպագուներին.«Ես երեւանցի եմ, սա իմ քաղաքն է, այստեղ է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը, այս քաղաքում եմ ունեցել իմ ամենահրաշալի համերգներն ամենահրաշալի հանդիսատեսի հետ»:

Ձախ Հարութը եւ Ռազմիկ Ամյանը


Հաջորդ կատարումը «Սիրում եմ քեզ»-ն էր: Ներկաները նրա հետ երգում էին. «Գնա, գնա, ուրիշին դու հավատա, գնա, էլ  քեզ չեմ մոռանա, ափսոս, կյանքս անցավ գնաց, սերս մնաց: Սիրում եմ քեզ»: Հանդիսատեսը մերթ հուզվում էր, մերթ սկսում պարել ու ուրախանալ: Տխուր երգերին հաջորդում էին հայրենասիրական եւ ուրախ երգեր: 

Ամենից տպավորիչը «Ես առանց քեզ» երգի կատարումն էր: Անգամ երգիչը չկարողացավ զսպել հուզմունքն ու արցունքները: Երգի ընթացում ցուցադրվում էին նրա եւ կնոջ՝ Ռուզանի ընտանեկան լուսանկարները.«Գիտեք, երբ կորցնում ես, նոր ես հասկանում կորցրածիդ արժեքը: Այս երգն ու համերգը նվիրում եմ կնոջս հիշատականին: Ես նրա երազանքն եմ իրականացնում»,-խոստովանեց Ձախ Հարութը: 

Հանդիսատեսը բարձր ծափողջույններով ընդունեց նաեւ Սիրուշոյի հետ «Տարիներ» երգի կատարումը: Ընդմիջմանը ելույթ ունեցավ Զարուհի Բաբայանը՝ «Հայի աչքեր» երգով, «4 տարբերակ» խմբի աղջիկները, ովքեր հատուկ համախմբվել էին այս համերգին ներկայանալու համար, եւ ուրիշներ:

Սիրուշոն


Հարութ Փամբուկչյանը երգեց իր գրեթե բոլոր ճանաչված երգերը, զուգերգ եղավ նաեւ Քրիստինե Պեպելյանի հետ: «50-ից հետո», «Էլ չեմ լինի ես 20 տարեկան», Ռուբեն Հախվերդյանի «Մեր սիրո աշունը, «Երեւանի գիշերներում» եւ այլ կատարումներով էր թնդում համալիրի մեծ դահլիճը: 

Վերջում նա շնորհակալություն հայտնեց համերգի կազմակերպիչ «Եղոյան Փրոդաքշն»-ին ու մյուս աջակիցներին, եւ, իհարկե, հանդիսատեսին` ներկայության եւ այդքան ջերմության համար:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի եւ Արշակ Կոստանդյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին