×


Ինչպես է անցել Մաշա Մնջոյանի ծննդյան տարեդարձը:)

Մաշա Մնջոյանը երեկ՝ փետրվարի 7-ին, նշում էր ծննդյան տարեդարձն ու նկարահանվում իր նոր տեսահոլովակում։ Նախորդ տարի 20-ամյակի առթիվ երգչուհին մեծ խնջույք էր կազմակերպել, իսկ 21-ամյակը տոնել է աշխատանքային մթնոլորտում։ BRAVO.am-ը լուսանկարել է տորթի մոմերը փչելու պահը, ունենք նաեւ բեքստեյջ կադրեր տեսահոլովակի նկարահանման ընթացքից:

Մաշա Մնջոյանը


Հոբելյարին կեսգիշերին առաջինը նվեր է մատուցել հայոց բանակում ծառայող հարազատ եղբայրը՝ ուղարկելով սպիտակ վարդերի փունջ.«Դռան զանգը տվեցին, բացելով տեսա ծաղկեփունջը, որի մեջ երկտող կար՝ «Քո ծառայող եղբորից՝ Ռաֆիկից»։ Շատ հուզիչ էր ու անչափ հաճելի առաջինը հարազատ մարդուց ստանալ շնորհավորանք։ Նաեւ անսպասելի շնորհավորանքներ եմ ստացել վաղեմի ծանոթներիցս, իմ դասախոսներից, իմ Սոնայից, Ավստրալիայի հայ համայնքից»։

Խոսելով իր տարեդարձի մասին՝ “Հայաստանի ձայնը 1” նախագծի հաղթողը հայտնել է, որ կցանկանար որեւէ տարի օրն անցկացնել տաք երկրում.«Քանի որ ձմռանն եմ ծնվել, կուզեի տարեդարձիս ամառային եղանակ լիներ եւ կողքիս լինեին իմ սիրելի մարդիկ։ Կարծում եմ՝ յուրահատուկ ու հիշարժան տարբերակ կլինի»։

Մաշա Մնջոյանը դարձել է 21 տարեկան


Իսկ հիմա երգի ու տեսահոլովակի մասին. Այն կոչվում է «Ես քոնն եմ», ռեժիսորն Աշոտ Հովսեփյանն է, Մաշայի զգեստները տրամադրել է Վահան Խաչատրյանը.«Այս երգը տարիներ առաջ գրել է իմ համակուրսեցին՝ Հայկ Գուլյանը, որին ճանաչում էի մինչեւ Կոնսերվատորիա ընդունվելը։ Նրա կարծիքով՝ երգն ինձ համապատասխան է, ես էլ մեծ սիրով կատարում եմ: Մեղեդային գեղեցիկ գործ է, որին որոշեցինք կյանք տալ ԴերՀովայի առաջարկով»։

Նկարահանումներն իրականացվել են մի քանի վայրում, կան նաեւ բացօթյա կադրեր։ BRAVO.am-ը հետեւել է Դերհովայի ռեստորանում նկարահանման ընթացքին: Ի դեպ, նրան եւս կտեսնեք կադրերում.«Տեսահոլովակը երգին համահունչ է: Երեւի ոչ բոլորը, բայց շատերը կհավանեն։ Գլխավոր հերոսուհին ես եմ, ըստ սյուժեի` սպասում եմ իմ երազների սիրելի տղամարդուն։ Քանի որ սիրո մասին է, ուզում եմ պրեմիերան անել Սուրբ Վալենտինի տոնին»։

Մաշա Մնջոյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Մաշան խոստովանել է, որ օրվա ընթացքում չի հասցրել նույնիսկ սնվել, միայն օրվա ավարտին իր կենացն են խմել, ստացել է շնորհավորանքներ եւ հասցրել երազանք մտապահել. «Իմ առջեւ նպատակներ եմ դնում, որոնք փորձում եմ իրականացնել։ Օրինակ՝ նախորդ տարին ինձ համար բուռն էր գունեղ պահերով՝ իմ հարազատ «Տիրամայր» երգչախմբի հետ ապրիլին պատարագ մատուցեցինք Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում, այնուհետեւ իմ մենահամերգը Սիդնեյում, ԳՈՀԱՐ-ի համերգը Բեյրութում։ Ինձ համար բոլոր բեմերն էլ կարեւոր են, բայց ամենակարեւորն է՝ ինչ եմ երգում ու ինչպես եմ երգում»։

BRAVO.am-ը շնորհավորում է Մաշա Մնջոյանին` մաղթելով մասնագիտական վերելքներ եւ երջանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին