×


Ինչպես է անցել «Որոգայթ» ֆիլմի պրեմիերան

“Որոգայթ”-ն արդեն մեծ էկրանին է։ Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է քրեական դրամայի պրեմիերան: Ստեղծագործական կազմն ու դերասանները շփվել են լրագրողների հետ, ապա անցել կարմիր գորգով։ Միջոցառման հյուրերին կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Վարդան Հովսեփյանը, Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը` «Որոգայթ» ֆիլմի պրեմիերային


1 ժամ 45 րոպե տեւողությամբ ֆիլմը սյուժետային նոր գծերով տարբերվում է “Շանթ”-ի սերիալից. գլխավոր հերոսը` Հովիկը, թողնելով սպորտը, ցանկանում է նկարչությամբ զբաղվել, սակայն հանգամանքների բերումով իր ընկերուհու պատիվը պաշտպանելու համար հայտնվում է բանտում։ Այստեղից էլ ծավալվում են գործողությունները։ Ֆիլմի հերոսները քրեական աշխարհի մարդիկ են, սակայն նկատելի է ժարգոնի ու մականունների բացակայությունը։

Ֆիլմի դերասանական կազմը մեծ է, էպիզոդիկ դերերում եւս հայտնի դերասաններ են: Նկարահանվել են Հարություն Մովսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Արթուր Դարբինյանը, Սարգիս Գրիգորյանը, Գրիշա Աղախանյանը, Ստեփան Ղամբարյանը, Հովակ Գալոյանը, Արմեն Սողոյանը, Գարիկ Չեպչյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Սաթիկ Հախնազարյանը, Ելենա Բորիսենկոն, Մարջան Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը, Վարդան Հովսեփյանը, Սամվել Փիլոյանը, Բորիս Պեպանյանը, Արփի Գաբրիելյանը, Սոֆյա Պողոսյանը, Արթուր Բերժյանը, Արմեն Մարգարյանը եւ ուրիշներ։

Հարություն Մովսիսյանը` «Որոգայթ» ֆիլմի պրեմիերային


Ինչպես սերիալի դեպքում, ստեղծագործական կազմը նույնն է՝ ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը, գլխավոր օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը։ Ֆիլմի մոնտաժային աշխատանքներն իրականացվել են Ուկրաինայում։

Հարություն Մովսիսյանի խոսքով՝ ֆիլմն ու իր կերպարը դաստիարակչական տարրեր ունեն. “Հովոյի կերպարը ներառում է դրական հատկանիշներ։ Նա դեմ է ագահությանն ու կեղծիքին։ Որպես դերասան, ինձ ճկուն եմ համարում, բայց այս պարագայում ռեժիսորն ու սցենարիստը կողքիս են եղել, որ ճիշտ ուղով գնամ”։

Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը հայտնել է, որ ֆիլմի ստեղծման համար ծախսվել է շուրջ 400 հազար դոլար.“Հայկական իրականության պարագայում մեծ գումար է, դաշտում ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմերից է։ Ասելիքն ու կերպարները հիմնականում նույնն են, ինչ սերիալում, բայց այստեղ ներկայացվում է, թե ինչպես է Հովիկը հայտնվում բանտում, ինչպես է իր կամքից անկախ ապրում քրեական կյանքով։ Նա հայտնվում է որոգայթում եւ փորձում դուրս գալ այնտեղից։ Հավատարիմ ենք մնացել գեղարվեստական ֆիլմի բոլոր կանոններին”։

Գրիշա Աղախանյանը` կնոջ հետ


Գրիշա Աղախանյանը, նկարահանվելով սերիալի երկրորդ մասում մեկ այլ կերպարում, այս անգամ Հովոյի մտերիմ ընկերներից մեկի՝ Գարիկի դերում է.“Ես հումորի ասպարեզում եմ աշխատել, պրծան այդ ժամանակները: Առաջին անգամ դրամատիկ լուրջ դերում եմ, միանգամից համաձայնեցի, թե չէ ուրիշը կնկարվեր իմ փոխարեն:)։ Անսովոր էր, համոզված եմ՝ ժողովուրդն էլ ինչ-որ չափով զարմացած է, քանի որ նախորդ դերերիս հետ կապ չունի, բայց սա էլ էր պետք փորձել, եւ ուրախ եմ, որ ես եւս նկարվել եմ”։

Ելենա Բորիսենկոն Հովիկի սիրելի կնոջ կերպարում է: Նրա խոսքով` նկարահանող խումբը պրոֆեսիոնալ աշխատանք է կատարել.“Կանայք ֆիլմում ապահովում են հուզական դաշտը եւ ցույց տալիս գլխավոր հերոսի նուրբ լարերը։ Հովիկն ավելի ընկալելի է դառնում իր շրջապատի կանանց՝  մոր, նախկին կնոջ, աղջկա, ապագա կնոջ հետ հարաբերություններում”։

Ալեքսանդր Խաչատրյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում, չի նկարահանվել համանուն սերիալում, իսկ ֆիլմում Զավենի դերակատարն է.“Ինձ համար նկարվելու կարեւոր պատճառներից մեկն այն էր, որ վստահեցի ռեժիսորին ու սցենարիստին, նաեւ պարզապես ինձ հետաքրքիր էր, թե որքանով տարբեր կլինեմ նախորդ դերակատարից։ Թե ինչքանով է ստացվել, դիտողները կգնահատեն”։

Աննա Գրիգորյանը` «Որոգայթ» ֆիլմի պրեմիերայի առթիվ երեկույթին


“Շանթ” հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանը հիշել է, թե տասը տարի առաջ ինչպես են սկսել “Որոգայթի” նկարահանումները.“Ոչ ոք չէր հավատում, որ 40 դերասան կարող են երկար ժամանակ միասին աշխատել, ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է սերիալ նկարել, որի ծախսերը նույնացվում էին կինոարտադրության ծախսերի հետ։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ԱՊՀ-ում Հայաստանը երրորդ երկիրն է Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո, որտեղ կա սերիալների արտադրություն”։

Ի դեպ, ֆիլմն այսօրվանից ցուցադրվում է Լոս-Անջելեսում, նաեւ կցուցադրվի Մոսկվայում եւ հայաշատ այլ քաղաքներում։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին