×


Ինչպես է անցել “Ուրիշի փոխարեն” ռոմանտիկ կատակերգության պրեմիերան

Սեր, ընկերություն, հումոր, մարդկային փոխհարաբերություններ,  չարագործներ եւ բարի ավարտ: “Ուրիշի փոխարեն” ռոմանտիկ կատակերգության առաջին ցուցադրությունը երեկ` նոյեմբերի 19-ին, կայացել է “Մոսկվա” կինոթատրոնի կարմիր եւ կապույտ դահլիճներում: Նախքան պրեմիերան ֆիլմի ռեժիսորն ու դերասանները մամուլի ասուլիսի ընթացքում պատմել են որոշ մանրամասներ: Հյուրախաղերով Ֆրանսիայում գտնվելու պատճառով պրեմիերային ներկա չէր գլխավոր հերոսուհու դերակատար Թամարա Պետրոսյանը:

"Ուրիշի փոխարեն" ֆիլմի պրեմիերային


“Ուրիշի փոխարեն”-ը ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի դեբյուտային ֆիլմն է, իսկ որպես երկրորդ ռեժիսոր նրա հետ աշխատել են Եվգենի Չետվերիկովն ու Աննա Օզարը: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանն ու Սարգիս Մնոյանը, բեմադրող օպերատորն Արտյոմ Աբովյանն է,  զգեստների ոճաբանը` Ֆաինա Հարությունյանը:

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Թամարա Պետրոսյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Լեւոն Հարությունյանը, Վահագն Սիմոնյանը, Հասմիկ Ասլանյանը, Վասիլ Սարգսյանը, Մարինե Մխիթարյանը, Ալինա Մարտիրոսյանը, Սիրանուշ Լազյանը եւ ուրիշներ:

Միացյալ Նահանգներում բնակվող հերոսը` մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ Արսենը, չցանկանալով ամուսնանալ իր ծնողների պարտադրմամբ, աշխատանքի պատրվակով փախչում է Հայաստան` չպատկերացնելով, թե անօրինական ինչ գործարք ու արկածներ են իրեն սպասվում հայրենիքում:

Սոս Ջանիբեկյանը


Ռեժիսոր եւ համապրոդյուսեր Հրանտ Երիցկինյանը ֆիլմի ստեղծման համար շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմին.“Նաեւ մի տեսարանում նկարվել եմ որպես բժիշկ, քանի որ մայրս շատ էր ուզում, որ այդ մասնագիտությունն ընտրեի”:

Պրեմիերան նախատեսված էր նոյեմբերի 6-ին, սակայն Սոս Ջանիբեկյանի` Շրի Լանկայում գտնվելու պատճառով այն հետաձգվել էր.“Այնտեղ նկարահանվում էի կինոկատակերգությունում, որը էկրան կբարձրանա հաջորդ տարի: Առհասարակ, ինձ համար կապ ունի ոչ թե որտեղ, այլ ինչպես եմ խաղում: Ֆիլմում ավելի շատ առկա է իրավիճակային հումոր, գրոտեսկային տնազ անելուց խուսափում եմ` գերադասելով, որ դրությունն ու խոսքը հումորային լինեն: Հերոսին նմանություններ ունեմ` ընկերասիրությունը, սկզբունքայնությունը, սեր փնտրելու ցանկությունը: Արսենը Հայաստանում գտնում է իր սիրուն եւ ամուսնանում, իսկ ես նախընտրում եմ պատահականությունը, սիրտս այժմ ազատ է”:

Հարցին, թե որքան է կազմում ֆիլմի բյուջեն, Հրանտ Երիցկինյանը խուսափել է պատասխանել, Հովհաննես Ազոյանն էլ կատակել է, թե ամբողջ բյուջեն օգտագործվել է Հրանտի կոստյումի համար:): Դերասանի խոսքով` Հրանտը լավ ճաշակ ունի եւ նրա հետ հաճույքով է աշխատել.“Դեմքիս կիվիներ էին դրել, որոնք անընդհատ ընկնում էին. մի քանի դուբլից ստացվեց նկարել: Հետաքրքիր այլ պատմություններ չեմ կարող պատմել, ես էլ ձեզ նման եկել եմ ֆիլմը դիտելու”:

Հովհաննես Ազոյանը` կնոջ հետ


Դերասան Վահագն Գալստյանը գլխավոր հերոսի` Արսենի ընկերոջ կերպարում է, նա իր խաղով ու գործողությունների զարգացման շնորհիվ դառնում է առանցքային կերպարներից մեկը.“Բարի ու նվիրված ընկեր է, չնայած` խորամանկ է, գիտակցում է, որ կա սեր ու ընկերություն”:

Սաթի Ջանիբեկյանը, որն ազգակցական որեւէ կապ չունի Սոս Ջանիբեկյանի հետ, ըստ նախնական պայմանավորվածության` պետք է մարմնավորեր գլխավոր հերոսի սիրելիին, սակայն դառնում է Միացյալ Նահանգներից ժամանած գաղտնի գործակալ. “Նախքան նկարահանումը ռեժիսորը որոշեց, որ իմ արտաքին տեսքին եւ էությանն ավելի մոտ է Ժասմինի կերպարը”:

“Շարմ” ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի փոխանցմամբ` ֆիլմի գաղափարն ու իրականացումը պատկանում է Հարնտ Երիցկինյանին.“Այս անգամ ֆիլմի մտահղացումը մերը չէ, սա Հրանտի նախագիծն է, պարզապես լավ հարաբերությունների մեջ լինելով, նկարահանումից հետո մենք աջակցել ենք նրան: Դերակատարներին ընտրել է ռեժիսորը, նրա ցանկությամբ է կրկին Հովհաննես Ազոյանը նկարահանվել, բայց բացեմ մի գաղտնիք. այս պահին գրվում է նոր ֆիլմի սցենար, որի գլխավոր հերոսներից մեկը կլինի Հովոն, մենք մեր խոսքի տերն ենք”:

Արամոն, Էմմա Պետրոսյանը եւ Նուռը


Արամոն ֆիլմի բացասական կերպարներից մեկն է, երկրից աննկատ փախչելու նպատակով նա դիմում է պլաստիկ վիրաբույժի օգնությանը.“Երիտասարդների հետ աշխատելը շատ հաճելի էր, նկարահանող խումբն ինձ դուր եկավ, հուսով եմ` կշարունակեն նոր ֆիլմեր նկարել”:

“Ուրիշի փոխարեն” կատակերգության պաշտոնական սաունդթրեքը կատարում է Արամ MP3-ը, որը հեղինակել են Սիրուշոն եւ Ավետ Բարսեղյանը: Թե ինչպես է տաքսիում հերոսը հանդիպում իր սիրելիին, Արամոն ինչպես է կերպարանափոխվում, այսօրվանից կարող եք դիտել մայրաքաղաքի կինոթատրոններում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին