×


Ինչպես նորածին Մոնթեն խայտառակ չարեց Նարբեին եւ Աստղիկին :)

Կանանց մեկամսյակի առթիվ առաջին անգամ հյուրընկալվել էինք Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի տանը, երբ դերասան-ռեժիսորը բացի համեղ ուտեստ պատրաստելուց, հայտնեց կնոջ հղիության լուրը: Այս անգամ նրանց այցելելու առիթը նորածին Մոնթեի առաջին ֆոտոշարքն իրականացնելն էր: Փոքրիկը, հնչող երաժշտությունը, մանկական խաղալիքները փոխել էին տան մթնոլորտը: Լուսանկարվելուց հետո երջանիկ ծնողները BRAVO.am-ին պատմել են իրենց առաջնեկի մասին:

Աստղիկ Ալավերդյանը, Նարբե Պողոսյանը եւ Մոնթեն


Աստղիկի հղիության լուրն իմանալուն պես Նարբեն զանգահարել է հեռու-մոտիկ բարեկամներին եւ ընկերներին :)

Աստղիկ. Հունվարի մեկն էր, առավոտյան ժամը 10-ին իմացա, որ բալիկի եմ սպասում, մտա հյուրասենյակ եւ դեմքի ուրախ արտահայտությամբ հայտնեցի Նարբեին: Նա դեռ մեկ ամիս առաջ կանխատեսել էր, որ այս լուրը լսելու է տարեմուտին, նաեւ վստահ էր, որ որդի եմ ունենալու, հետո ճիշտ գուշակեց ծննդյան օրը: Հենց այդ նույն վստահությամբ հայտարարում է, որ մեր տղան նախագահ է դառնալու:): Եվ երբ այդպես է ասում, Մոնթեն դադարում է լացել:

Նարբե. Հենց ասում եմ` իմ նախագահ տղան չի լացում, հանգստանում է:): Կենսուրախ մարդ եմ, սիրում եմ ամեն ինչին թեթեւ նայել, իսկ Մոնթեն շատ լուրջ է, հայացքն էլ է այդպիսին, մտածեցի` եթե հիմա այսպիսի դեմք ունի, վաղը նախագահ կդառնա… Իհարկե, դա երազանք չէ. ինչ ուզում է, թող դառնա:

Աստղիկ Ալավերդյանը, Նարբե Պողոսյանը եւ Մոնթեն


Մոնթեի համար առաջին գնումը

Աստղիկ. Երբ երեխայի սեռը պարզեցինք, առաջինն, ինչ գնել ենք, վերարկուն էր, որն, իհարկե, դեռ չի կրել: Շատ իրեր ենք գնել, միայն որդուս մասին էի մտածում, անգամ մոռացել էի իմ մասին…

Նարբե. Նաեւ ամուսնու մասին էր մոռացել:): Կինս, ի տարբերություն ինձ, շատ ռոմանտիկ է, ուզում էր հղիության ընթացքում ամեն ամիս հետաքրքիր մի թեմայով լուսանկարվենք, ինչն իմ պատճառով չիրականացրինք: Բայց երբ հաստատվեց, որ տղա է, միասին գնացինք նշելու: 

Աստղիկ Ալավերդյանը` որդու հետ


Անվանակոչման հարցում չեն երկմտել

Աստղիկ. Մոնթե Մելքոնյանի մասին վավերագրական ֆիլմ էինք դիտում, երբ Նարբեն առաջարկեց մեր տղային հենց Մոնթե անվանակոչել, ես էլ առանց երկար մտածելու համաձայնեցի: Նա Մոնթեն է, այլ կերպ չէր կարող լիներ:

Նարբե. Առաջարկում եմ սեւը, Աստղիկն ընտրում է սպիտակը, եթե ես սիրում եմ դառը, ապա Աստղիկը` քաղցր, եւ սա միակ դեպքն էր, երբ տարաձայնություններ չունեցանք: Առաջինը ես եմ լուսանկարվել որդուս հետ. երբ ծնարանից բերեցին, լուրջ հայացքով նայում էր ինձ:):

Նարբե Պողոսյանը` որդու հետ


Նորածինը հուսախաբ չի արել :)

Նարբե. Երազում էի, որ որդիս ծնվի սեպտեմբերի 1-ին: Մեր ընտանիքները ծննդատան բակում սպասում էին երեխայի ծնվելուն, հետո եկան ընկերներս: Տղաս ինձ խայտառակ չարեց եւ ծնվեց ժամը 23:51 րոպեին, չէ՞ որ արդեն 8-9 րոպեից օրը փոխվելու էր:

Աստղիկ. Մեր բնակարանամուտը Նարբեն շատ գեղեցիկ էր կազմակերպել. տունը զարդարված էր, ամեն ինչ շատ հեքիաթային էր:

Նարբե. Բալիկիս ծնունդից երեք օր հետո մատաղ արեցինք նրա համար: Խնջույքին ներկա էր 70 հոգի:

Ախ, այդ անքուն գիշերները :)

Նարբե. Հայր դառնալով` զրկվել եմ քնից:): Երբ գրկում եմ նրան, անցնում է հոգնածությունս, վերանում է բացասական էներգիան… Նրան սովորեցրել ենք քնել երաժշտության ներքո, հակառակ դեպքում չի քնում: Մոնթեն տասը տարեկանից պետք է աշխատի. նա պետք է հասկանա, որ դա առաջնային է տղամարդու համար:

Աստղիկ: Մայր լինելն իմ ամենալավ դերն է: Մտածում եմ՝ ինչպես էի ապրում առանց նրա: Անգամ անքուն գիշերները հաճելի են եւ անցողիկ, ինչպես ծննդաբերության ցավերը, սակայն այդ գիշերների պատճառով Նարբեն երբեմն կատակով ասում է` երեւի մեկ երեխայով սահմանափակվենք:): Միշտ որդուս կողքին եմ, ուզում եմ տեսնել նրա յուրաքանչյուր քայլը: Զգում եմ, որ նրան պետք եմ, իմ կողքին իրեն ավելի հանգիստ է զգում:

Աստղիկ Ալավերդյանը, Նարբե Պողոսյանը եւ Մոնթեն


Կյանքի նոր փուլ

Նարբե. Մոնթեով սկսվել է մեր կյանքնի նոր փուլը: Ես եւ Աստղիկն արդեն յոթ տարի է` գիտենք իրար, այլեւս միմյանց ապացուցելու ոչինչ չունենք: Եթե տղաս մեկ տարի էլ ուշանար, հնարավոր է` ամեն ինչ փոխվեր, բայց նաեւ կարծում եմ` զույգերը գոնե մեկ տարի պետք է վայելեն ամուսնական կյանքն առանց երեխայի, որովհետեւ նրա լացը փոխում է ամեն ինչ:): Երեխան է կյանքի այն կծիկը, որն անդադար առաջ է շարժվում… Դա է բնության օրենքը: 

Նոր նախագծեր

Նարբե
. Հիմա զբաղվում եմ հարսանեկան մեր բիզնեսով: Նոր տարուց հետո նոր նախագծով հանդես կգանք, մեր “հիվանդությունը” մեզ արդեն կանչում է. կրկին կլինենք հեռուստաէկրաններին:):

Զույգի հետ մեր զրույցն ավարտվեց այն խոսքերով, որոնք նրանք բազմիցս հնչեցրել են եթերում.

Նարբե. Ապրեք հաշտ եւ համերաշխ, խաղաղություն ձեր ընտանիքին:
Աստղիկ. Սիրեք եւ եղեք սիրված:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Նարբե Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին