×


Ինչպե՞ս վարվել, եթե սեռական կյանքում “ամպամած եղանակ” է

Այսօր` սեպտեմբերի 4-ին, Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այս առիթով BRAVO.am-ը զրուցել է բժիշկ-սեքսոպաթոլգների հետ` տալով մեկ հարց` որո՞նք են վերջին ժամանակներում հայ զույգերի շրջանում ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատները: Մասնագետների պատասխաններն ու խորհուրդները ներկայացնում ենք ստորեւ:


Վրեժ Շահրամանյան. ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս.

Եթե փորձեմ խմբավորել ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատները, ապա  տղամարդիկ ավելի շատ դիմում են պոտենցիայի, սեռական ցանկության բացակայության, սեռական ակտի տեւողության, սեռավարակների խնդիրներով, իսկ կանայք` օրգազմի բացակայության, սեռական ցանկության բացակայության եւ սեռական բավարարվածության խնդիրներով:

Բայց նախեւառաջ պետք է նշեմ, որ  զույգերի շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից մեկն էլ դիմելիությունն է: Անգամ լուրջ խնդիրներ ունենալու դեպքում նրանք հաճախ խուսափում են դիմել մասնագետի օգնությանն ու այդ քայլով ավելի բարդացնում վիճակը: Զույգերը պետք է հստակ գիտակցեն, որ անկողնային անախորժությունները վաղ, թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ, այդ իսկ պատճառով էլ նրանք պետք է ձգտեն այնպես անել, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ներդաշնակություն:

Խորհուրդ եմ տալիս սեռական կյանքում “ամպամած եղանակ” առաջանալու դեպքում անմիջապես անկաշկանդ դիմել մասնագետի օգնությանը. չէ՞ որ կայուն ընտանիքը առողջ պետության գրավականն է:


Սեւադա Հակոբյան. ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ.

Ինչպես հայ, այնպես էլ այլազգի շատ զույգերի շրջանում ամենից հաճախ հանդիպող սեքսուալ խանգարումը սեքսուալ աններդաշնակությունն է` տղամարդու դեպքում պայմանավորված էրեկցիայի խանգարմամբ եւ վաղաժամ սերմնաժայթքմամբ, իսկ կնոջ դեպքում` օրգազմի ֆունկցիայի խանգարումներով: 

Նման խնդիրներն անհապաղ կանխարգելելու նպատակով` խորհորդ եմ տալիս զույգերին ավելի հաճախ խոսել միմյանց հետ` բարձրաձայնելով սեռական խնդիրները, քանի որ դրանց քողարկումն ավելի է խորացնում խնդիրն ու բարդացնում այն բուժման տեսանկյունից:


Ռուզաննա Ազատյան. . ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, “Սեքսուալ առողջության պաշտպանություն” ՀԿ տնօրեն

Վերջին շրջանում տղամարդկանց մոտ ավելի հաճախ հանդիպում է վաղաժամ սերմնաժաթյքում, էրեկցիայի խանգարում, իսկ կանանց մոտ` հաճույքի վերապրման` օրգազմի եւ սեռական զիկլի ցավային խանգարումներ: Զույգերի մոտ հաճախ նկատվում է նաեւ սեքսուալ աններդաշնակություն` կապված ինչպես վերոնշյալ խնդիրների, այնպես էլ` միջանձնային որոշակի կոնֆլիկտային իրավիճակների հետ, որոնք իրենց անմիջական անդրադարձն են ունենում սեռական կյանքի վրա:

Խորհուրդ եմ տալիս զույգերին ճիշտ ժամանակին ճանաչել իրենց խնդիրները ու ճիշտ ժամանակին դիմել մասնագետի օգնության, քանի որ ամոթ չէ լուծել առկա խնդիրներն ու շարունակել հանգիստ ապրել:


Նարինե Ներսիսյան. ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս.

Վերջերս կանանց շրջանում ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատը վագինիզմն է, իսկ տղամարդկանց շրջանում` էրեկցիայի թուլությունը: 

Սեռական գանգատներն առաջանում են սեռական տգիտության հետեւանքով: Այդ ամենը կանխարգելելու համար ուղղակի պետք է գրագետ լինել: Իսկ գրագետ չեն դառնում` կարդալով ամսագրեր կամ համացանցում առկա թեմային վերաբերող նյութեր: Գրագիտությունը ենթադրում է լուրջ կրթություն, որը Հայաստանում դեռեւս չկա:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին