×


Ինչպե՞ս վերականգնել «սեռական ախորժակը»

Մարդու կյանքում իր ուրույն եւ կարեւոր տեղն ունի սեռական էներգիան` լիբիդոն: Դա այն ուժն է, որը դրդում է սեռական ապրումների եւ սեռական ակտիվության: Սեռական ցանկությամբ է պայմանավորված անձի սեռական կյանքի ռիթմը, հետեւաբար, դրա բացակայությունը, այլ կերպ ասած` սեռական «ախորժակի» կորուստը կարող է զգալի ազդեցություն ունենալ նրա կենսակերպի վրա: Լիբիդոյի կարեւորության, դրա բացակայության պատճառների, ինչպես նաեւ այն վերականգնելու հնարավոր միջոցների մասին զրուցել ենք բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ:


Ինչպե՞ս է առաջանում եւ դրսեւորվում  լիբիդոն

Մասնագետի խոսքով` լիբիդոյի առաջացումը կապված է ուղեղի կենտրոնների ակտիվացման հետ: Սեռական ցանկության ակտիվացման ժամանակ անձը զգում է ներքին սեռական գրգռվածություն, երեւան է գալիս հետաքրքրություն սեռական կյանքի նկատմամբ, նա տրամադրվում է դրան կամ, պատկերավոր ասած, կորցնում է ներքին հանգիստը: Հիշյալ զգացողությունները դադարում են սեռական բավարարումից հետո: Իսկ եթե ուղեղի կենտրոններն ակտիվ չեն կամ գտնվում են արգելակող մեխանիզմների ազդեցության տակ, ապա մարդ կորցնում է  հետաքրքրությունը էրոտիկ թեմաների նկատմամբ կամ պարզապես դառնում է ասեքսուալ:

Նշենք, որ լիբիդոն հաճախ ակտիվանում է ցանկալի անձի ներկայությամբ, ինչպես նաեւ հիշողության, սեքսուալ երեւակայական պատկերների ազդեցությամբ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ուղեղը «որոշում» է, որ իրավիճակը չի համապատասխանում սեռական մերձեցմանը, լիբիդոյի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներն արգելակվում են: Այսպիսով` լիբիդոն մեծապես կախված է կենսաբանական, հոգեբանական եւ սոցիալական գործոնների բարդ համադրումից եւ դրանց փոխազդեցությունից:

Տղամարդկանց եւ կանանց լիբիդոն

Ապացուցված է, որ լիբիդոյի հորմոնն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում արական սեռական հորմոնն է` տեստոստերոնը: Առանց տեստոստերոնի բավարար մակարդակի սեռական ցանկությունը ճնշվում է, քանի որ խանգարվում է նյարդային կենտրոնների գործունեությունը: Լիբիդոյի ակտիվացման գործում կարեւոր դեր են խաղում զգայարանները. հոտը, տեսքը, շոշափումն այն հզոր ազդակներն են, որոնք կարող են անմիջապես արգելակել կամ խթանել սեռական ցանկությունը:


«Կլինիկական դիտարկումները վկայում են, որ գոյություն ունի լիբիդոյի` ուղեղի կենտրոնների սեռային տարբերություն. տղամարդկանց լիբիդոն առավելապես պայմանավորված է տեսողական գրգիռներով, իսկ կանանց սեռական ցանկությունը «բորբոքվում» է լսողական գրգիռների ազդեցությամբ, որի վկայությունը «կանայք սիրում եմ ականջներով» հայտնի արտահայտությունն է»,-բացատրում է սեքսոպաթոլոգը: 

Մի հետաքրքիր փաստ եւս. սեռական վարքի դրդապատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե սեռական կյանքի սկզբում մերձեցման հիմնական դրդապատճառը սեռական բավարարվածություն ստանալու անհաղթահարելի պահանջն է, ապա տարիքի հետ անձը կարող է պահպանել սեռական կյանքի ռիթմը ոչ թե ներքին պահանջմունքի, այլ սովորության ուժի շնորհիվ:

Երբ եւ ինչու է կորում սեռական «ախորժակը»

Կան մարդիկ, ովքեր նախընտրում են որեւէ հարաբերություն չունենալ հակառակ սեռի հետ, խուսափում են մտերմությունից եւ անում են հնարավորը, որպեսզի բանը չհասնի ինտիմ հարաբերությունների: Այս երեւույթը կարող է հանդիպել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում:

Վրեժ Շահրամանյանը նշում է, որ սեռական ցանկության բացարձակ բացակայության դեպքում անձն ընդհանրապես չունի սեռական հետաքրքրություն որեւէ մեկի նկատմամբ: Էրոտիկ ցանկությունները, երեւակայական պատկերները եւ մտքերը բոլորովին դադարում են դեր խաղալ նրա կյանքում, կարող են անհետանալ նաեւ առավոտյան էրեկցիաները: Լիբիդոյի բացարձակ կորուստը սովորաբար զուգակցվում է դեպրեսիվ իրավիճակների հետ, ուղեկցում է սուր սթրեսներին կամ ֆիզիկական պատճառների հակազդեցությանը:

«Ամենատարածված կլինիկական տարբերակը իրավիճակային ցածր սեռական ցանկությունն է: Սա սեռական ցանկության փսիխոգեն արգելակման դասական օրինակն է: Բնորոշ է այն, որ անձը սեռական ցանկություն է զգում միայն այն իրավիճակներում, որոնք «ապահով» են: Հետաքրքիր է, որ հաճախ ամենացանկալի զուգընկերն է «վտանգ» ներկայացնում, ինչն էլ բերում է սեռական ցանկության արգելակման: Տղամարդը ցանկություն է ունենում եւ սեռապես ակտիվ է մարմնավաճառի, օտար կնոջ կամ այն կնոջ հետ, որն իր հետ հարաբերվում է սադիստորեն կամ ցածր է իր սոցիալական դասով, սակայն այդ նույն տղամարդու սեռական հակումը արգելակվում է գրավիչ եւ խելացի զուգընկերուհու նկատմամբ, ում հետ իրապես կցանկանար լինել ինտիմ հարաբերությունների մեջ»,-բացատրում է բժիշկը:


Հաճախ մարդիկ լիբիդոն՝ սեռական ցանկությունը, շփոթում են սեռական կարողության կամ անկարողության հետ: Սակայն դա այդպես չէ: Լիբիդոն ցանկությունն է, իսկ սեռական կարողությունը՝  ֆիզիոլոգիապես սեռական ակտն իրականացնելը:

Մասնագետի խոսքով` սեռական ցանկության բացակայությունը մահացու չէ, դա հնարավոր է վերականգնել մի շարք միջոցներով: Բայց նախ փորձենք առավել մանրամասն ներկայացնել, թե ինչը կարող է սեռական ցանկության պատճառ դառնալ:

Սեռական ցանկության անկման կամ բացակայության հիմնական պատճառները

1. Սեռական ցանկության անկումն ուղիղ կապ ունի անձի հոգեբանական վիճակի հետ: Հիմնականում այն առաջանում է նյարդային համակարգի հետ խնդիրների դեպքում, հոգեբանական ճնշվածության պատճառով, ինչպես, օրինակ, սթրեսը, լարված աշխատանքը, ընտանեկան խնդիրները, անհաջողությունը եւ գերհոգնածությունը։

2.Սեռական ցանկության բացակայության կամ անկման պատճառ կարող են դառնալ այն հիվանդությունները կամ առողջական խնդիրները, որոնք իջեցնում են օրգանիզմի տոնուսը, ինչպես նաեւ որոշ դեղամիջոցների օգտագործածումը: Դրանց կողմնակի ազդեցությունը կշարունակի խանգարել սեռական կյանքին նույնիսկ դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո:

3. Երրորդ ամենատարածված պատճառը պասիվ ապրելակերպն է, քնի պակասը եւ անառողջ սնունդը:

4.Մեծ դեր ունի նաեւ ընտանեկան խիստ, ավանդական դաստիարակությունը, որի հետեւանքով ապագա կինը կամ տղամարդը դառնում են ներփակված, հոգեբանական խնդիրների պատճառով «ամաչում են» սեքսուալ հարաբերություններից:


Ինչպես վերականգնել լիբիդոն կամ նպաստել դրա բարձրացմանը

Լիբիդոն վերականգնելու համար կան տարբեր միջոցներ, բայց բժիշկը խորհուրդ է տալիս սկսել առողջ սննդից, քանի որ որոշակի սննդատեսակներ ուղղակի կապ ունեն սեռական ցանկության ու սեռական ֆունկցիայի ակտիվացման հետ:
Առաջին հերթին դրանք այն մթերքներն են, որոնք պարունակում են վիտամին A: Դրանք են լյարդը, ձիթապտղի յուղը, կաթը: Հաջորդ անհրաժեշտ վիտամինը C-ն է: Այն պարունակում են, իհարկե, ցիտրուսային մրգերը, ինչպես նաեւ բրոկոլին, հազարը։ Հաջորդ խթանիչը ֆոսֆորի պարունակությամբ մթերքներն են, այնուհետեւ` ցինկը:

Լիբիդոն բարձրացնելու հաջորդ լավ միջոցը, ըստ Վրեժ Շահրամանյանի,  ֆիզիկական ակտիվության ապահովումն է, մասնավորպես մարզանքներն են եւ սպորտը: «Ֆիզիկական ակտիվությունը օգտակար է ոչ միայն լիբիդոյի համար, այլ նաեւ ամբողջ օրգանիզմի: Այս դեպքում, ինչպես ասում են, երկուսը մեկում են: Օրը 7 րոպե տրամադրեք վարժանքներին եւ կլուծեք առողջական եւ նույնիսկ հոգեբանական բազմաթիվ խնդիրներ: Ֆիզիկական ակտիվությունը հավասարակշռում է ամբողջ օրգանիզմը»,-խորհուրդ է տալիս բժիշկը:

Տեքստը` Ա.Ս.-ի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին