×


Ինչպիսին էր 14-րդ «Արմմոնո»-ն

«Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնն արդեն պատմություն է. հինգ օր շարունակ մայրաքաղաքի թատրոններում ցուցադրվեց շուրջ 26 մենաներկայացում՝ մոնոպար, մնջախաղ, դրամա, սթենդ-ափ՝ ոչ միայն հայ, այլեւ Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Բելառուսի, Լեհաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Վրաստանի դերասանների մասնակցությամբ։

«Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը


Երեւանի տիկնիկային թատրոնում փառատոնը պաշտոնապես մեկնարկեց Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացմամբ, որի պրեմիերային BRAVO.am-ն անդրադարձել է։ Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին տարբեր թատրոնների դերասաններ ու բեմադրիչներ, ինչպես նաեւ թատերասեր հանդիսականներ։

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը բեմից հայտնեց, որ Արցախի պատերազմի օրերին երկընտրանքի առջեւ էին՝ իրականացնել փառատոնը, թե ոչ. «Կարծես, կյանքը մի պահ կանգ էր առել, ամեն ինչ անիմաստ էր։ Բայց մեր միջազգային հյուրերից ոչ ոք չհրաժարվեց Հայաստան գալ, մասնակցել ու մեզ հետ լինել, ինչը մեզ զգոնացրեց։ Հանուն մեր զոհված զինվորների` մենք պիտի մեր հայրենիքում ապրենք ու ստեղծագործենք»։ Ինչպես դերասանուհին նշեց, աշնանը մտադիր են նաեւ Արցախում կազմակերպել թատերական փառատոն.«Կյանքը շարունակվում է, հետաքրքիր օրինաչափություն է. տարիներ առաջ, երբ Հակոբ Ղազանչյանը հիմնադրեց այս փառատոնը, խաղաց նաեւ բոլորիս կողմից սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, այսօր էլ նրա որդին՝ Հայկ Պետրոսյանը, բացեց փառատոնը»։

Հայկ Պետրոսյանը


«Եթե ես լինեի ՊաՊա» հումորային-երաժշտական ներկայացումը հանդիսատեսը բարձր ծափերով ընդունեց։ Ներկայացման ավարտը Հայկ Պետրոսյանը փոփոխել էր՝ անդրադառնալով Արցախին.«Եթե ես լինեի պապա, քեզ իմ կյանքից շատ բան չէի սովորեցնի, ուղղակի կցանկանայի, որ իմ սխալները չկրկնես։ Ես քեզ կպատմեմ ուրիշ հայորդիների մասին, որոնց ուղին կարճ եղավ, բայց հավերժացավ։ Քո ուղին էլ հեշտ չի լինելու, քանի որ դու ծնվելու ես հայկական հողում եւ ի ծնե կրելու ես հայի խաչը, որը ծանր է, բայց պատվաբեր։ Ես այստեղ կանգնած խոսում եմ, որովհետեւ 18-20 տարեկան տղաները չհասցրին մտածել բանակից հետո ամուսնանալու, պապա դառնալու կամ էլ խոպան գնալու մասին, բայց նրանք հասցրին հերոսանալ»։

Հայկը մոնոներկայացումը եզրափակեց իր համար կարեւոր մի երգով. «Հայրս ինձ սովորեցրել է «Հայր մեր» աղոթքը եւ ֆիդայական երգ`«Տալվորիկի քաջ զինվոր»-ը: Ես այդ երգը երգելիս միշտ հիշում եմ, որ շատ դժվարությունների ու տառապանքների միջով անցած, բայց քաջ, պայքարող ու չխոնարհվող ժողովրդի մի փոքր մասնիկ եմ»։  

Հայկ Պետրոսյանի ներկայացումից հետո բացմանը նաեւ ցուցադրվեցին Շվեյցարիայից ժամանած Մարջոլայնե Oգերի «Կինը» մոնոներկայացումը եւ Արա Ասատուրյանի դերակատարմամբ «Զվարճալի ծերունին», որը հայ-լեհական նախագիծ է եւ այս տարի հրավիրված է Վրոցլավ՝ մասնակցելու «Վրոցլավը՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք» նախագծին:

«Արմմոնո» փառատոնի փակմանը


«Արմմոնո 2016»-ին արտերկրյա եւ հայկական մոնոներկայացումներից բացի, բեմ տրամադրվեց առաջին քայլեր անող երիտասարդ դերակատարներին ու բեմադրիչներին։ Փառատոնի փակման համար ընտրված էր դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի» պիեսի հիման վրա Կարինե Ջանջուղազյանի մոնոդրաման։ Ամուսնու կողմից լքված կինը գիշերը միայնության մեջ վերհիշում է իր կյանքի դրաման:

Պաշտոնական փակմանը բոլոր մասնակիցներն ու գործընկերները ստացան պատվոգրեր եւ հուշանվերներ, ինչպես նշեց Մարիաննա Մխիթարյանը, կարեւոր մասնակից են նաեւ հանդիսականները.«Առանց հանդիսատեսի չկա թատրոն ու արվեստ։ Ուրախ ենք, որ դիտողները գտան իրենց հոգեհարազատ ներկայացումներ, կամ էլ չհավանեցին, ամեն դեպքում անթերի բան չկա։ Նաեւ ուրախ ենք, որ արտերկրի հյուրերը գոհունակությամբ են հեռանում Հայաստանից, իսկ հայ դերասաններից մի քանիսն իրենց արտերկրի գործընկերներից հրավեր են ստացել մասնակցել եվրոպական թատերական փառատոնների»,-նշեց նա՝ ներկաներին հրավիրելով ավարտը եզրափակել տոնական տորթով ու կոնյակով։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ «Արմմոնո» փառատոնի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին