×


Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմական համերգը Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երեւանյան համերգին


Ինչպես համերգից առաջ լրագրողներին ասել է “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված այս յուրահատուկ միջոցառումը  մշակութային կամուրջ է ստեղծում պատմական նույն ողբերգությունն ապրած հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ:

Նշենք նաեւ, որ երեկ առավոտյան Իսրայելի նվագախմբի անդամներն իրենց ցանկությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան, իսկ արդեն երեկոյան Oպերային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում երաժշտական կատարումներով հիացրել հայ հանդիսատեսին` հնչեցնելով Շտրաուսի, Շյոնբերգի եւ Չայկովսկու ստեղծագործությունները:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երեւանյան համերգին


«Մեր նվագախմբի համար մեծագույն հաճույք է առաջին անգամ լինել Հայաստանում: Հայերի հետ իմ ծանոթությունը սկսվել է անվանի ջութակահար Իվան Գալամյանի միջոցով, ում մոտ հայրս Նյու Յորքում սովորել է 5 տարի: Ունեմ բազմաթիվ ծանոթներ հայ երաժիշտների շրջանում»,-ասել է Զուբին Մեթան: Նա նշել է, որ հայերը մեծ ներդրում ունեն համաշխարհային երաժշտության զարգացման գործում՝ հիշատակելով աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: 

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Զուբին Մեթան ասել է, որ հայ եւ հրեա ժողովուրդները կիսում են «նույն դառը ճակատագիրը». «Հաշվի առնելով այդ դառն անցյալը՝ հայերն ու հրեաները պետք է փորձեն ցույց տալ աշխարհին, որ մենք կանք, եւ մեր հոգիները շատ հզոր են ու խիզախ»,- ասել է լեգենդար դիրիժորը:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երեւանյան համերգին


Իսկ դրա լավագույն ճանապարհը, ըստ «Երեւանյան հեռանկարներ»-ի կազմակերպիչների, հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ մշակութային ամուր կամուրջի հաստատումն է: Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշել է , որ այս համերգից հետո կողմերը փորձելու են լուրջ հիմքերի վրա դնել հայ-իսրայելական մշակութային համագործակցությունը:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը համարվում է լավագույն նվագախմբերից մեկը, որը շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար մշակութային բեմերը: Զուբին Մեթայի ղեկավարությամբ նվագախումբը համերգներով հանդես է եկել աշխարհի հինգ աշխարհամասում: 

Նվագախմբի եւ դիրիժորի այցը Հայաստան իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: 

BRAVO.am-ը «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Եկատերինա Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW