×


Իտալական ֆիլմերը դիտեք անվճար

Երեւանում մարտի 7-ից 11-ն իտալական ֆիլմերի շաբաթ է: Այս տարի կինոփառատոնը նվիրվում է Կանանց միջազգային օրվան։ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն իտալական ժամանակակից ֆիլմեր` մեծ մասամբ նկարահանված կին ռեժիսորների կողմից։


Փառատոնային 5 ֆիլմերը 2010-ից 2014 թվականների արտադրության են, որոնցից երեքը կատակերգություն են, երկուսը՝ դրամատիկ։ Այսօր Հայաստանում Իտալիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները ներկայացրել են փառատոնի մանրամասները։

Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաուրեցիո Կրոչատելլին հայտնել է, որ բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է.«Հուսով ենք` այս տարի էլ հանդիսականների պակաս չենք ունենա։ Եթե նախկինում գալիս էին իտալախոս մարդիկ` հիմնականում դասախոսներ եւ ուսանողներ, ապա տարեցտարի նկատվում է լսարանի փոփոխություն՝ կինոսերներ, կինոգետներ, որոնք սիրում են որակյալ ֆիլմեր դիտել»։

Երեւանում մարտի 7-ից 11-ն իտալական ֆիլմերի շաբաթ է


Դեսպանության մշակութային ծրագրերի պատասխանատու , ԵՊՀ-ում իտալերենի դասախոս Լաուրա Պաչենտիի խոսքով, քանի որ այս տարի փառատոնը համընկնում է կանանց տոների հետ, ֆիլմերը կանանց մասին են.«Կտեսնեք կնոջն իր ապրումներով, խնդիրներով ու հուզող հարցերով։ Ընտրված ֆիլմերում կանայք չեն ներկայացվում պարզապես որպես մայր, քույր կամ տնային տնտեսուհի, նրանք ուժեղ են, պայքարող, նաեւ փխրուն ու թույլ։ Հայաստանում ապրում եմ մոտ 6 տարի եւ մեծ մասամբ շփվում եմ հայ կանանց հետ, գիտեմ նրանց հետաքրքրող թեմաների մասին, դա էլ հաշվի առնելով` կազմել ենք ֆիլմացանկը։ Մենք նպատակ չունենք հայ կանանց ինչ-որ բան սովորեցնել, պարզապես դիտողը կարող է ինքն իրեն ճանաչել եւ հասկանալ, որ իրեն հուզող խնդիրները գրեթե չեն տարբերվում իտալուհիների խնդիրներից։ Կարծում եմ՝ տարբեր ազգերի կանանց հետաքրքրող թեմաներն ու խնդիրները նույնն են»։

Մաուրիցիո Կրոչատելլին նաեւ նշել է, որ այս տարվա ընթացքում նախատեսում են բազմաբնույթ մշակութային ծրագրեր իրականացնել։ Հունիսի 1-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ հոբոյահար Ջանֆրանկո Բորտոլատոյի համատեղ համերգը, հոկտեմբերին նախատեսված է իտալերեն լեզվի շաբաթ, որն անցկացում է աշխարհի մի շարք երկրներում։

Փառատոնի ֆիլմերը կցուցադրվեն իտալերեն լեզվով եւ անգլերեն ենթագրերով, սկիզբը՝ ժամը 18:00-ին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW