×


Լարիսա Հովհաննիսյանը՝ հարսանիքի, Սերժ Թանկյանի հետ զուգերգի եւ արցախաիռլանդական արմատների մասին

Լարիսա Ռայանի անունն ու ձայնը երաժշտասերներին հայտնի դարձավ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ «Արի իմ Սոխակ» կատարումից, բայց քչերը գիտեն, որ Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների որդու՝ Կարինի կինը «Teach For Armenia» կրթական ծրագրի հիմնադիրն ու ղեկավարն է։ Լարիսան ամուսնությունից հետո կրում է ամուսնու ազգանունը։ Ապրելով ու կրթություն ստանալով արտերկրում՝ երկու տարի աշխատել է Արիզոնա Նահանգի Ֆենիքս քաղաքում` որպես հատուկ կրթության ուսուցիչ, «Կրթություն Ամերիկա» ծրագրի շրջանավարտ է, 2013-ին վերադարձել է Հայաստան ու ստեղծել համաշխարհային ճանաչում ունեցող կրթական ծրագրի հայկական մոդելը։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր արմատների, նորաստեղծ ընտանիքի, աշխատանքի մասին եւ ոչ միայն։  

Կարին եւ Լարիսա Հովհաննիսյանները


Հարսանիքը` Միացյալ Նահանգներում

Ես ու Կարինն ամուսնացել ենք այս տարվա հունիսի 26-ին՝ Ֆրեզնոյում։ Հարսանիքի վայրն ու եկեղեցին պատմական է. Կարինի գերդաստանը՝ նախապապը, պապիկը, հայրը, հորեղբայրները պսակադրվել են հենց այդ եկեղեցում։ Հարսանիքը փոքր-ինչ արագ պլանավորեցինք. քանի որ եկեղեցում միակ ազատ օրը հունիսի 26-ն էր, մենք էլ միանգամից օրը նշանակեցինք։ Մայրիկիս հետ հիշեցինք, որ տատիկիս ծննդյան օրն է, ինչ-որ խորհրդանշանական բան կար։ Իսկապես հրաշալի անցավ, երգեցի «Սարերի հովին մեռնեմ»-ը, զարմացա, որ երեխաներից սկսած բոլորը գիտեն… Հեքիաթային պահ էր, սպասում եմ, որ տեսանյութերը դիտեմ ու վերապրեմ այդ հիանալի օրը։ 

Սերժ Թանկյանի հետ երգելու մասին

Թանկյանի հետ ծանոթացել եմ Կարինի միջոցով, երբ նա նկարահանում էր «1915» ֆիլմը, Սերժն էլ սաունդթրեքի հեղինակն է։ Կարինն առաջարկեց հեռախոսով ձայնագրել իմ ձայնը, որ ուղարկի նրան, ես էլ երգեցի «Արի, իմ Սոխակ»-ը։ Ինձ համար անսպասելի էր, որ հավանելով իմ կատարումը, Սերժը հիմնվեց վոկալիս վրա, որովհետեւ պրոֆեսիոնալ երգչուհի չեմ։ Հետո Լոս Անջելեսի նրա ստուդիայում ձայնագրեցինք: Երեւի Աստծո կողմից այդպես էր որոշված, Կարինի թիմն էլ նկարահանեց հոլովակը։ Չեմ կարծում, թե պրոֆեսիոնալ երգչուհի կդառնամ, բայց շատ եմ սիրում երգել եւ կցանկանամ համատեղել հիմնական գործիս հետ։ Սիրում եմ հայկական ու իռլանդական հին երգերը։ Այնքան ոգեւորված եմ, որ մարդիկ, եւ ոչ միայն հայ, հավանել են մեր կատարումը, նույնիսկ ազգությամբ ղազախ ընկերուհիս ասաց, որ իր բալիկը սիրում է «Արի, իմ Սոխակ»-ի ներքո քնել։

Լարիսա Հովհաննիսյանը եւ Սերժ Թանկյանը


Անժելա Թանկյանի մասին

Հարսանիքին Սերժ Թանկյանը ներկա էր կնոջ՝ Անժելայի հետ, որն ինձ լավ ընկեր է, օրինակելի կին ու մայր։ Ծննդով Վանաձորից է, շատ լավ գործեր է անում իր հայրենի քաղաքում, նաեւ աջակցում է «Օրրան»-ին։ Նրա նախաձեռնությամբ ԱՄՆ-ում ապրող վանաձորցի ընկերուհու հետ ամեն տարի հավաքում են խաղալիքներ ու հագուստ, ուղարկում Վանաձորի ու հարակից գյուղերի երեխաներին։ Գիտեք, պարտադիր չէ, որ Հայաստանում ապրես՝ երկրիդ օգտակար լինելու համար, հեռվից էլ կարող ես լավ գործեր անել, եւ Անժելան իսկական օրինակ է ինձ համար։  

Արցախաիռլանդական արմատների մասին

Հայրս իռլանդացի-ամերիկացի է, մայրս՝ արցախցի։ Իմ արցախաիռլանդական արմատներիս մասին մտածում եմ ամուսնուս համար, որովհետեւ բարդ խառնուրդ եմ:)։ Պապիկս՝ Լեոնիդ Հուրունցը, գրող ու լրագրող էր, ասում են՝ նրան շատ նման եմ արտաքնապես եւ հոգեպես։ Նրան երբեք չեմ տեսել. նախքան ծնվելս է մահացել։ Տատիկս էլ պրոֆեսոր ու մանկավարժ է եղել, նրանց զգում եմ իմ մեջ եւ ուզում եմ գործը շարունակել։

Կարին եւ Լարիսա Հովհաննիսյանների հարսանիքին


Հեղինակային երգեր

Երաժշտության հանդեպ մեծ սերս ժառանգել եմ հորիցս. երբ փոքր էի, միասին իռլանդական երգեր էինք կատարում։ Արտո Թունջբոյաջյանի երաժիշտների հետ մի քանի գործ եմ ձայնագրել, իմ հեղինակած երգերից կատարել է Արթուր Իսպիրյանը, բայց չեմ փորձել իմ անունը հայտնի դարձնել։

Կարինի եւ իր նմանությունների ու տարբերությունների մասին

Ես ծնվել եմ Երեւանում, այնուհետեւ ապրել Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում։ Ամուսնացել եմ այնպիսի մարդու հետ, որն ինձ նման սահմաններ չի դնում գործի ու անձնական կյանքի միջեւ։ Երկուսս էլ ապրում ենք մեր առաքելությամբ, չենք ասում՝ գնում ենք գործի. աշխատելը մեր ապրելակերպն է, ամեն բան մինչեւ վերջ անում ենք, որ գործը ստացվի, բայց նաեւ իրարից շատ տարբեր ենք։ Կարինը ստեղծագործող է, աշխատամոլ ու պարտաճանաչ, տարված է իր գործով: Հայաստանի ապագայի հետ կապված մեր նպատակներն ու տեսակետները նման են, ամեն ինչի մասին խոսում ու կիսվում ենք, իմ կյանքի ընկերն է։ Միեւնույն ժամանակ մենք իրարից անկախ ենք, յուրաքանչյուրս մեր տարածքն ունենք ու իրար չենք խանգարում։

Կարին եւ Լարիսա Հովհաննիսյանների հարսանիքին


Ամուսնացել է սկեսրոջ «պատճառով» :)

Երբ ապագայում երեխաներ կունենանք, պետք է կարողանամ օրակարգս ավելի լավ կազմակերպել, բայց ինձ համար լավ օրինակ ունեմ՝ Կարինի մայրիկը, որն ունի հինգ երեխա եւ միշտ աշխատել է։ Նրա համար ընտանիքը կարեւոր է, բայց նաեւ կարեւորում է ուրիշ երեխաներին, այնպես չէ, որ նրա համար հեշտ է եղել միշտ բարի ու սիրալիր լինել։ Կյանքը տրված է, որ մեր ապրելու ընթացքում գոնե մի քանի լավ բան անենք ուրիշների համար։ Միշտ կատակով ասում եմ, որ Կարինի հետ տիկին Արմինեի «պատճառով» եմ ամուսնացել։ Նրանից սովորում եմ՝ ինչպես է հնարավոր բարի մնալ, ձգտում եմ նրան նմանվել։ Նա իսկական հայ գործունյա կնոջ տեսակ է, կարծում եմ՝ Հայաստանը բախտավոր է, որ տիկին Արմինեի նման խելացի կնոջ ունի։  

Հիմնադրած ծրագրի մասին

«Teach For Armenia» ծրագրի  հիմնական գրասենյակը Երեւանում է, բայց աշխատում ենք մարզերում, սահմանների գյուղերում, որտեղ ուսուցիչների թափուր տեղերը շատ են, տնօրենները դժվարանում են լավ մասնագետ գտնել. իսկապես դժվար է, շատերը չեն ուզում այնտեղ ապրել։ Մենք ամերիկյան կազմակերպություն չենք, այլ ամերիկյան հայտնի ձեւաչափը վերցրել ենք ու հայերով ստեղծել հայկական ծրագիր։ Նաեւ աշխատում ենք սփյուռքի հետ, բայց այժմ մեծամասնությունը Հայաստանի ուսուցիչներն են, որոնք նվազագույնը երկու տարի աշխատում են մարզերում։ Այս տարի ստացել ենք 350-ից ավելի հայտ, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնակի է, ընտրել ենք ամենանպատակասլաց ու հայրենիքը սիրող մարդկանց։ Տիկին Արմինեն սկզբում ինձ շատ գաղափարներ էր տալիս, ծանոթացնում մարզապետարանների հետ, երկար տարիների փորձ ունի կրթական ոլորտում, իմ ավագ ընկերն ու գործընկերն է։ «Teach For Armenia»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն է։ Նպատակ ունենք այս ծրագիրը զարգացնել նաեւ Արցախում։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լարիսա Հովհաննիսյանը

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW