Աշխարհահռչակ “Queen”-ն այլեւս նոր վոկալիստ ունի: Փոփ-երգիչ Ադամ Լամբերտը, որը ճանաչում է ձեռք բերել “American Idol” հեռուստաշոուին մասնակցելու շնորհիվ, հաստատել է իր համագործակցությունն այս խմբի հետ եւ 2012-ի գարնանն ու ամռանը պատրաստվում է համերգային շրջագայության մեկնել վերջինիս կազմում:
Ադամ Լամբերտը
Նշենք, որ Լամբերտն արդեն համագործակցության փորձ ունի “Queen”-ի անդամներից Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի հետ. 2009-ին նրանք համատեղ ելույթ են ունեցել “American Idol”-ի` “Հայսուպերսթար”-ի ամերիկյան տարբերակի շրջանակներում, որից հետո երիտասարդ երգիչը հայտարարել էր` չի պատրաստվում դառնալ խմբի անդամ:
2011-ի նոյեմբերին կայացել է եռյակի համատեղ երկրորդ ելույթը. նրանք միասին հանդես են եկել “MTV European Music Awards” մրցանակաբաշխության շրջանակներում: Դրանից հետո Ադամը հայտնեց, որ համատեղ աշխատելու բանակցություններն այնուամենայնիվ տարվում են:
"Queen” ռոք-խմբի կիթառահար Բրայան Մեյն ու Ադամ Լամբերտը
Մեկնաբանելով իր համագործակցությունը լեգենդար այս խմբի հետ` Լամբերտը շեշտել է, որ չի հավակնում դառնալ Փրեդի Մերկուրիի լիարժեք փոխարինողը: Երգչի խոսքերով` իր համար պատիվ է ելույթ ունենալ “Queen”-ի հետ, նաեւ հստակ գիտակցում է, որ չի կարող դառնալ նոր Ֆրեդին:
“Queen”-ի եւ Ադամ Լամբերտի համագործակցության ժամկետները հստակեցված չեն: Խմբի առաջին վոկալիստ Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերին` 45 տարեկանում: Նրա վախճանից 13 տարի հետո խմբին միացել է Փոլ Ռոջերսը, որը մինչ վերջերս կատարում էր վոկալիստի պարտականությունները:
Ստորեւ ներկայացնում ենք "We Are The Champions" երգը` Ֆրեդի Մերկուրիի, ինչպես նաեւ Ադամ Լամբերտի կատարմամբ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Lenta.ru


×
3,366






