×


Լելոն՝ «LeloCity»-ի համերգների ու կյանքային երգերի մասին

Հայկական «Lelocity» ռոք-խումբը դրական տպավորություններով վերադարձել է Թբիլիսիում տեղի ունեցած «Tbilisi Open Air 2016» երաժշտական փառատոնից։ Այլընտրանքային ռոք ժանրում հեղինակային գործերով ներկայացող խումբը միջազգային եռօրյա փառատոնին հնչեցրել է անգլալեզու 8 երգ։

«Lelocity» ռոք-խումբը՝ «Tbilisi Open Air 2016» փառատոնին


Խմբի վոկալիստ Լելոն, որը կարմիր գույնի մեծ սիրահար է, թբիլիսյան ելույթի համար ընտրել էր ձմերուկի պատկերով շապիկ։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ փառատոնի տրամադրությունն ու կազմակերպվածությունը հավանել է, միակ խնդիրն այն էր, որ հայտնի երաժիշտները երկար են իրենց փորձերն արել, իրենք էլ ժամանակի սղության պատճառով առանց սաունդչեքի են բեմ բարձրացել. «Մասնակցում էին 50-ավելի երաժիշտներ։ Հայերից միայն մենք էինք, բայց ուրախալի էր հանդիսատեսի շարքերում հայերի տեսնել, որոնք ճանաչում էին մեզ կամ տեղում առաջին անգամ լսեցին ու մոտեցան»։

Լելոյի համար տպավորիչ էր գլխավոր հյուրերից Սթիվի Վայի հետ հանդիպումը. «Նրա հետ չէին թույլատրում նկարվել, բացարձակ շփվող չէր։ Երբ բեմից իջա, իր թիմից մի տարիքով ամերիկացի մոտեցավ՝ ասելով, որ Սթիվին ուզում է ինձ տեսնել։ Ուղեկցեցին նրա առանձնասենյակ, նա էլ ասաց, որ տպավորել եմ իրեն։ Առաջարկեցի լուսանկարվել որպես հիշատակ եւ փաստորեն միայն ես ունեցա լուսանկար:)»։

Սթիվ Վայը եւ Լելո Բալյանը


4 հոգուց կազմված ռոք-խումբը ստեղծվել է 4 տարի առաջ, նկարահանել են մեկ տեսահոլովակ, երկրորդը կպատրաստվի փառատոնի ելույթի կադրերի հիման վրա. «Նկարելը պետք է տեղին լինի, իհարկե, նախընտրելի է, որ հեռուստատեսությամբ ցուցադրվի, բայց համացանցն այնքան է զարգացել, որ առանց TV-ի էլ կարելի է հայտնի դառնալ։ Հաճախ նվագում ենք փաբերում, աշնանը նորից կշարունակենք կենդանի շփումներ ունենալ»։

Օրեր անց «LeloCity»-ն կրկին կմեկնի Վրաստան՝ այս անգամ էլ մասնակցելու «Մեկ Կովկաս» փառատոնին.«Տարբեր խմբերով պետք է միասին նվագենք։ Ամերիկյան մի խմբի հետ իմպրովիզներ ենք անելու՝ նոր ձեւով մատուցելու մեր տարբեր ոճերի երգերը։ Մեր երգերը շատ պատահական են ծնվում եւ ամենատարբեր թեմաների մասին են՝ լուսաբացի, քամու, արեւի… կյանքային են, ունենք ուրախ, նաեւ թեթեւ դեպրեսիվ երգեր»։

«Lelocity» ռոք-խումբը՝ «Tbilisi Open Air 2016» փառատոնին


Լելոն եւ ամուսինը նույն խմբում են հանդես գալիս, բայց ինչպես նշում է երգչուհին, երաժշտությունն իրենց չի կապել.«Մեր ծանոթության սկիզբը երաժշտական չի եղել, հետո սկսեցինք միասին նվագել, բայց երաժշտությունն իսկապես մեզ միասին է պահում:)»։

BRAVO.am
Լուսանկարները՝ «LeloCity»-ի արխիվից, Հայկ Ֆրանգուլյանի եւ George Gogua-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին