×


Լեոն Գրիսը` երազանքների գիրկը չընկնելու, հայտնիների հետ համագործակցությունների մասին եւ ոչ միայն :)

Լեւոն Դավթյանը, նույն ինքը` DJ Լեոն Գրիսը, ծնվել է Երեւանում, դպրոցին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի սաքսոֆոնի բաժնում, որը գերազանց ավարտելուց հետո ընդունվել է Սլավոնական համալսարանի տնտեսագիտության բաժին: Նա իր բեմական անվան ընտրությունն այսպես է մեկնաբանում.“Անվանս Լեոն տարբերակն ավելի հաճելի է հնչում, իսկ Գրիս թարգմանաբար նշանակում է մոխրագույն, որն իմ ամենասիրած գույնն է”: Հենց մոխրագույն շապիկով էլ դիջեյը ներկայացավ BRAVO.am-ի համար ֆոտոշարքի նկարահանմանը` չմոռանալով իր հետ բերել աշխատանքային պարագաներից:):

Լեոն Գրիսը


Երաժշտությամբ հետաքրքրվում եմ մանկուց: Չորս-հինգ տարեկանից սկսել եմ մեր տան դաշնամուրով փորձեր անել, նվագել հայտնի մեղեդիներ, նաեւ հորինել: Առանց երաժշտության չեմ կարող ապրել անգամ մեկ օր: Ցավոք, մեր երկրում միայն դիջեյությամբ գումար չես վաստակի: Աշխատում եմ նաեւ բանկում. սպասարկման ոլորտում առաջատար մասնագետ եմ, սիրում եմ գործս, մարդկանց հետ շփվել, ինչո՞ւ չէ, նաեւ հաստատուն եկամուտ ունեմ:

Պատանեկան տարիներին եղել եմ շատ համեստ եւ զուսպ: Հիմա իրավիճակը փոքր-ինչ այլ է, մեր օրերում պետք է լինել ավելի համառ, համարձակ եւ անվախ, այլապես նպատակներդ հօդս կցնդեն եւ, ինչպես ասում են, կմնաս կոտրած տաշտակի առջեւ:  Անկեղծ ասած` երբեք չեմ ընկել երազանքների գիրկը, ունեմ նպատակներ եւ քայլերս ուղղում եմ դրանց իրագործմանը:

Տանել չեմ կարողանում ստախոս եւ երախտամոռ մարդկանց: Ռուսերենում ընկեր բառը երկու իմաստ ունի` “друг” եւ “приятель”: Իմ մտերիմներն էլ շատ են, բայց ընկերներս մի քանիսն են, նրանք այն մարդիկ են, որոնց կարող եմ վստահել, կիսվել, ովքեր անշահախնդիր միշտ իմ կողքին են:  

Լեոն Գրիսը


Շատ եմ սիրում համագործակցություններ:  2009 թվականից աշխատում եմ հայ եւ արտասահմանցի երաժիշտների հետ: 2011-ից մինչ օրս համագործակցում եմ տաղանդավոր երաժիշտ, DJ եւ լավ մարդ Դիփ Դենիի հետ. հենց առաջին փորձից հասկացանք, որ պետք է միանանք: Նախորդ տարվանից իրականացնում ենք նոր նախագիծ` “Supacooks”-ը, որը ոճային առումով տարբերվում է իմ եւ Դենիի ստեղծած երաժշտությունից:

Աստղիկ Սաֆարյանի հետ թողարկել ենք երկու երգ, որոնք կարող եք լսել ինչպես տեղական եւ արտասահմանյան հեռուստառադիոալիքներով, այնպես էլ հայտնի “Ello.TV” “յութուբյան” էջում: Համագործակցության առաջարկը մենք ենք արել, իսկ նա առանց երկմտելու համաձայնել է: Տարբեր վոկալիստների հետ ենք աշխատել` Նարինե Դովլաթյան, Սոնե Սիլվեր, Կարինե Առուստամյան, նաեւ արտիստներ Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Անգլիայից… Շուտով նոր համագործակցություն կլինի Լուի Արմսթրոնգի թոռան հետ:

Նախորդ տարի Հունաստանում էի, նվագեցի երկու ակումբում, առաջարկ ստացա մնալ եւ դառնալ այնտեղի բնակիչ, բայց հայրենիքում շատ բան ունեմ թողած եւ դեռ շատ բաներ ունեմ անելու:  

Լեոն Գրիսը


Հարսանիքներին, ծննդյան տոներին նվագելու հրավերները շատ են: Ունենք նոր նախագծեր, աշխատում ենք “Supacook”-ի առաջին ալբոմի վրա, որը, հուսով եմ, լույս կտեսնի 2015 թվականի սկզբին:

Առաջին հերթին սիրում եմ երաժշտությունը, որը ծնվում է հանկարծակի, օրվա ցանկացած պահին…  Ձայներն ու գեղեցիկ տեսարանները կարող են ինձ ոգեշնչել: Սիրում եմ նաեւ ճամփորդել, բնություն եւ առիթը բաց չեմ թողնում շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ դուրս գալ քաղաքից` մաքուր օդ շնչելու: Զայրանում եմ մարդկանց բացասական տրամադրությունից, չարությունից, պետք է լինել պոզիտիվ:):

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին