×


Լեւոն Լաճիկյանի «Պոլիսը»` Ստամբուլում

 «Պոլիսը` մոտ ու հեռու»` այս խորագիրն էր կրում գեղագետ, արվեստաբան-լրագրող եւ գծանկարիչ Լեւոն Լաճիկյանի 10-րդ անհատական ցուցահանդեսը, որ հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը կազմակերպվեց Ստամբուլում, ի մասնավորի՝ դրան մերձ գտնվող Գնալը հայահոծ կղզում:

Լեւոն Լաճիկյանը


Հոբելյանական ցուցահանդեսը ներառում էր շուրջ 3 տասնյակ գրաֆիկական աշխատանքներ, որոնցում ցոլանում էին Պոլսո հայկական եւ ոչ միայն հայկական հիշատակները: Մեծ տեղ էր հատկացված նաեւ Գնալը հայաշունչ կղզուն, որտեղ ամառային այս օրերին շուրջ 30 հազար հայ է հավաքվում աշխարհի տարբեր ծայրերից: «Այս կերպ ցանկացա վերահաստատել Կ.Պոլսի անփոխարինելի տեղը հայերիս կյանքում` որպես մեկը հայ մշակույթի մայրաքաղաքներից,- ասում է արվեստաբան-նկարիչը եւ շարունակում,- Գաղտնիք չէ, որ Պոլիսը Պոլիս են դարձրել մեր հայրենակիցները, ուստի հարկ համարեցի այդ ամենամեծ քաղաքի հիշարժան վայրերն ու գեղակառույցները պատկերել իրենց անցյալի գեղեցկությամբ եւ ներկա անանց հմայքով: Ի վերջո, չպետք է մոռանալ նաեւ, որ Պոլիսը եղել է մեր շատ ուրախ ու տխուր օրերի վկան ու ականատեսը»:

Ինչպես հատուկ այս առիթով հրատարակված գրքույկում գրում է պոլսահայ գրականության գիտակ, պրոֆ. Սուրեն Դանիելյանը.«Լեւոն Լաճիկյանը 2 ժամանակների Պոլիսները կամրջելու իր շնորհն է բերել այս զարմանալի, տաք գծանկարներում: Դրանց ենթաբնագրերում նա վերակազմում է այդ 2 Պոլիսների պատմամշակութային շաղախը»: Իրոք, հայաստանցի արվեստագետի աշխատանքներում ներդաշնակվում են պատմականն ու այժմեականը, իրականն ու երեւակայականը:

Լեւոն Լաճիկյանի աշխատանքները ներկայացվել են Ստամբուլում


«Հպարտությունից բացի նաեւ զգուշությամբ էի քայլում Պոլիս-Ստամբուլի  փողոցներով` չտրորելու համար Գրիգոր Զոհրապի ու Սիամանթոյի, Դանիել Վարուժանի ու Ռուբեն Սեւակի ոտնահետքերը»,-պատմում է Լեւոն Լաճիկյանը եւ ավելացնում, որ Գնալը կղզին եւս մշակութային հարուստ ավանդույթներ է ունեցել եւ այսօր հարկ է դրանք շարունակել: Այդ կղզում են ապրել ու ստեղծագործել Վահրամ Փափազյանն ու Զապել Ասատուրը, Կոմիտասը, Հակոբ Մնձուրին ու Զահրատը:

«Պոլիսը՝ մոտ ու հեռու» ցուցահանդեսի այցելուների թվում են եղել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը, Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը, ինչպես հայ, այնպես էլ թուրք հայտնի արվեստագետներ, գրողներ, երգիչներ եւ այլք: Հայաստանցի արվեստագետի աշխատանքները բարձր է գնահատել նաեւ «Պոլսո աչք»-ի համարում ունեցող հանրահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը:

Արա Գյուլերը եւ Լեւոն Լաճիկյանը


Լեւոն Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսին պատշաճ արձագանքել են տեղի հայկական («Մարմարա», «Ժամանակ», «Ակօս», «Փարոս») թերթերն ու ամսագրերը, ինչպես նաեւ թուրքական «Taraf» օրաթերթը: «Մարմարա»-ն, օրինակ, մեծ հաջողություն է որակել ցուցահանդեսի կազմակերպումը, իսկ «Ակօս»-ն այն դիտել իբրեւ «հաղթանակ»՝ գրելով. «Յաղթանակ կը կոչենք արուեսագէտի այս հանդիպումը, քանի ան յաջողեցաւ իր գործով հմայել ցուցահանդէսը այցելողները»:

Տեքստը եւ լուսանկարները տրամադրել է Լեւոն Լաճիկյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին