×


Լեւոն Հովհաննիսյան.«Հայուհիներն առաջին հերթին կարեւորում են ֆիտնես-մարզչի մարմինը»

Սպորտային մարդ լինելու, մարզչային աշխատանքի, նկարահանումների, կյանքում հաղթահարած դժվարությունների, դրանց հետեւանքների եւ ընտանիքի մասին Լեւոն Հարությունյանը պատմել է BRAVO.am-ին:

Լեւոն Հովհաննիսյանը


- Լեւոն, սկսենք նրանից, թե ինչն է քո գործունեության հիմքում:

- Հիմնական գաղափարն է օգնել մարդկանց կենսակերպ դարձնել սպորտն ու ճիշտ սննդակարգը, առանց որոնց հետագայում չես կարողանում պատկերացնել քո առօրյան, քանի որ հենց դրանց շնորհիվ ունենում ես գեղեցիկ ու ձիգ կազմվածք: Ինձ համար մեծագույն հաճույք է մարդկանց մոտիվացնելը:): 

- Իգական սեռի շատ ներկայացուցիչների, որոնք հաճախում են մարզասրահ, երբեմն հետաքրքիր չէ մարզչի պրոֆեսիոնալիզմը, այցի նպատակն էլ բոլորովին այլ է: Ի՞նչ եք Դուք անում նման իրավիճակում:):


-Այո, ցավոք, մարզվել ցանկացողների գերակշիռ զանգվածի համար առաջնայինը մարզչի արտաքին տվյալներն են, ինչը վատ է: Ճանաչում եմ այնպիսի պրոֆեսիոնալ մարզիչների, որոնց արտաքին տվյալները, համենայն դեպս, կատարյալ չեն, բայց իրենց գործի վարպետն են։ Եթե ես լինեի մարզիչ, ում կգոհացներ այդ իրավիճակը, նպատակս էլ կլիներ միայն շատ մասնակիցներ ունենալը, գուցե լռեի այս երեւույթի մասին, բայց երեւի թե տեսակս էլ է ստիպում չլինել այդպիսին։ Ինչ վերաբերում է՝ ինչ եմ անում նման իրավիճակներում, շատ հանգամանալից բացատրում եմ եւ դա անում եմ առանց նեղացնելու։

Լեւոն Հովհաննիսյանը


-Ձեզ կարելի է տեսնել նաեւ հեռուստաէկրաններին։ Նկարահանումները մարզչի աշխատանքի հետ համատեղելը հե՞շտ է:

-Միշտ ասում եմ, որ կարող ես ունենալ տարբեր զբաղմունքներ, բայց պետք է հավատարիմ մնաս քո արմատներին. երբեք չեմ մոռանում իմ՝ սպորտային մարդ լինելու մասին եւ չեմ դավաճանում։ Համատեղել ստացվում է, բայց ընդամենը օրեր առաջ տեղի ունեցան բոդիբիլդինգի եւ ֆիտնեսի համահայկական առաջնությունները, եւ ես չորս ամիս շարունակ լրջորեն պատրաստվում էի մրցումներին՝ համատեղելով մարզչային գործունեության եւ անհատական մարզումների հետ, ու պարզապես չէի  կարող այլ գործով էլ զբաղվել։

-Աշխատանքի բերումով քիչ եք տանը լինում։ Կա՞ն դժգոհություններ։

-Ճիշտ է՝ տանը շատ քիչ եմ լինում եւ հիմնականում՝ էներգիասպառ։ Ապրում եմ մայրիկիս, փոքր եղբորս եւ մորական տատիկիս հետ։ Նրանք արդեն սովորել են դրան եւ չեն նեղանում, իհարկե, սրանից սերն ու ջերմությունը չի պակասում։ 5 տարեկան էի, երբ ծնողներս բաժանվեցին։ Առհասարակ, չեմ սիրում խոսել անձնական թեմաներով, հիմա էլ խոսում եմ, որովհետեւ կոնտեքստն է այդպես պահանջում։

-Երբեմն հաջողություններն ու ձեռքբերումները հետեւանք են անցյալում եղած դժվարությունների եւ բարդ ուղու։ Ձեր դեպքում դա իր ազդեցությունը թողե՞լ է։

-Կարծում եմ՝ այո. կյանքում այն, ինչ կատարվում է, իր հետքն ու ազդեցությունը թողնում է: Եթե մի քանի տարի առաջ այս հարցին պատասխանեի, միանշանակ այլ պատասխան կլիներ, որովհետեւ այն ժամանակ շատ ավելի երիտասարդ էի, շատ գունավոր էի տեսնում բոլորին… Այո, եղել են մարդիկ, որոնք հիմա չկան, գուցե մի փոքր համարձակ հնչի, բայց հիմա շատ քիչ բան կարող է ինձ ցավեցնել, հունից հանել, բարկացնել։ Ուրախ եմ, որ անցել եմ շատ բաների միջով, որովհետեւ դրանք նպաստել են նրան, թե ինչպիսին եմ հիմա:

Լեւոն Հովհաննիսյանը


-Այդ ճանապարհին մարդկանց մի մասը չարանում է, դառնում անհանդուրժող, ոմանք էլ հակառակը՝ավելի ըմբռնող, բարի։ Ինչպիսի՞ն է Ձեր դեպքը:

-Շատ անսպասելի հարց էր, առիթ տվեց մտածելու… Նախկինում շատ ագրեսիվ, անհանդուրժող եմ եղել, եւ երեւի թե դա կապված է եղել այն ամենի հետ, ինչի միջով ստիպված եմ եղել անցնել, բայց հիմա լրիվ այլ է. ես փորձում եմ օր օրի կատարելագործվել։ Վաղվա Լեւոնն ավելի լավը, ավելի կարդացած պետք է լինի, քան այսօրվա Լեւոնը։ Այսպես մտածելը շատ լավ է ու արդյունավետ, որովհետեւ այդ վաղը չի գալիս, եւ դու միշտ աճում ես, զարգանում, բարձրանում։

-Ի՞նչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար:

-Հավատ սեփական ուժերի հանդեպ։ Պետք չէ նստել ու բողոքել, ասել՝ ինչ քիչ է աշխատավարձս, ինչ վատն են Հայաստանի պայմանները, այլ պետք է օգտվել հնարավորությունից ստեղծել քոնը, նորը: Նստել ու բողոքելը հեշտ է, բա ո՞ւր մնաց բնավորությունը, տեսակը։):

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լեւոն Հովհաննիսյանի արխիվից, Էմին Արիստակեսյանի եւ PAN Photo-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին