×


Լեւոն Նազարյանի 15-ամյակը նշանավորվել է «Հայաստան» տեսահոլովակի շնորհանդեսով :)

Պատանի երգիչ Լեւոն Նազարյանը ներկայացրել է իր առաջին՝ «Հայաստան» երգի տեսահոլովակը։ «Կամի» ակումբում հավաքվել էին նրա ընկերներն ու հարազատները՝ նշելու միանգամից երկու առիթ. դեկտեմբերի 25-ը Լեւոնի համար կրկնակի տոնական էր, քանի որ ծննդյան 15-ամյակն ու դեբյուտային հոլովակի շնորհանդեսն էր։

Իրինա Թովմասյանը եւ Լեւոն Նազարյանը


Նշենք, որ «Հայաստան» երգը «Մուլտիկնիկ-2016» ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ճանաչվել է լավագույն hայրենասիրական երգ: Լեւոնի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստանի մասին երգով է ներկայանում հանրությանը. իր մեծ ցանկությունն էր, կարեւոր ուղերձ ունի եւ նվիրում է ՀՀ անկախության 25-ամյակին. «Երգիս միջոցով կոչ եմ անում դրսում ապրող մեր հայրենակիցներին վերադառնալ Հայաստան»:

Երգի հեղինակը Սուսաննա Բարսեղյանն է, գործիքավորումն արել  է Վահան Նահապետյանը, իսկ ռեժիսորը Երվանդ Ռումյանն է: Վերջինս նշել է, որ Լեւոնի հետ աշխատանքը հաճելի ու հեշտ է եղել.«Ստացանք այն, ինչն ի սկզբանե պլանավորել էինք։ Վստահ եմ, որ տարիներ հետո նրան կտեսնենք ավելի մեծ բեմերում, եթե շարունակի այսպես աշխատել»։

Լեւոն Նազարյանի «Հայաստան» տեսահոլովակի շնորհանդեսին


Միջոցառման հաղորդավար Արսեն Խաչատրյանը ներկայացրել է Լեւոնի կատարած աշխատանքի հետաքրքիր մանրամասներն ու ստեղծագործական կազմը։ Պատանի երգիչը մակագրել է իր տեսահոլովակի սկավառակի առաջին օրինակները, ելույթ է ունեցել, իրենց կատարումներով նրան շնորհավորել են նաեւ ընկերները՝ Մեգին, Էլինա Չոլախյանը, Կարեն Օհանյանը:

Լեւոնը սովորում է «Գլոբալ Բրիջ» դպրոցում, հաճախում է վոկալի դասերի, կիթառ ու շեփոր է նվագում, նաեւ ուսանել է Թումոյում։ Նա «21TV»-ի «Kids Time» հեռուստածրագրի հաղորդավարներից մեկն է: Ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ի հետ զրույցում, արդեն պատրաստ է իր երկրորդ երգը, որի պրեմիերան կլինի մեկ-երկու ամիս անց. «Սկսել եմ հաղորդավարությունից, այնուհետեւ անցել երգին: Ապագա մասնագիտության հարցում դեռ չեմ կողմնորոշվել, բայց շարունակելու եմ երգել»,-վստահորեն ասել է նա:

Երգահան Սուսաննա Բարսեղյանն էլ ողջունել է ակումբում ներկա Լեւոնի տատիկներին ու պապիկներին.«Աշակերտներիս միշտ ասում եմ՝ թող բոլոր երեխաները հասնեն իրենց տատիկ-պապիկների երազանքներին, որովհետեւ նրանց ցանկությունները մայրերի ու հայրերի ցանկությունից տարբերվում են։ Ուզում եմ, որ Լեւոնն էլ հասնի այդ երազանքներին, նրա ուղեղը շատ լիքն է, կիրթ տղա է։ Մեր համատեղ հաջորդ երգը պատրաստ է: Տղաներն այս տարիքում սկսում են սիրահարվել, եւ հաջորդ երգն այդ թեմայով կլինի»։

Լեւոն Նազարյանը՝ ծնողների հետ


Գործիքավորող Վահան Նահապետյանը Լեւոնին մաղթել է նորանոր բազմաթիվ հաղթանակներ.«Այս աշխատանքը նրա հաղթանակներից մեկն է, քանի որ քչերին է հաջողվում զգալ ու մատուցել երգը։ Նրա դեպքում ստացվել է այս երգը հասցնել մարդկանց սրտերին»։

Շնորհանդեսի կազմակերպիչն ու խորհրդատուն Իրինա Թովմասյանն էր։ Լեւոնը նշել է, որ Իրինան տարբեր հարցերում աջակցում է իրեն ու մասնագիտական խորհուրդներ տալիս։ Իրինան էլ շեշտել է, որ Լեւոնի հետ համագործակցությունն արդյունավետ է եղել, աշխատանքը նպաստել է, որ մտերմանան.«Մեր համագործակցությունը կշարունակվի, քանի որ Լեւոնը սկսած գործը կիսատ չի թողնում: Հետագայում լինելու են տարբեր ոճերի երգեր։ Նրա հետ շատ հաճույքով եմ աշխատում»։

Լեւոն Նազարյանի 15-ամյակը նշանավորվել է «Հայաստան» տեսահոլովակի շնորհանդեսով


Էլ ի՞նչ շնորհանդես եւ տարեդարձ՝ առանց խորհրդանշական տորթի: Իսկ թե ինչ էր պատկերված տորթի վրա եւ ովքեր էին եկել շնորհավորելու հոբելյարին, կտեսնեք մեր լուսանկարչի հեղինակած ֆոտոշարքում:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին՝ պատանի երգիչ Լեւոն Նազարյանին մաղթելով ստեղծագործական բեղուն ուղի եւ երազանքների իրականացում:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին