×


Լիդիա Գրիգորյան.«Սկզբում շատ էի վախենում»

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը հանդես կգա գլխավոր կերպարում՝ խաղալով «Անկոչ Աննան» դրամայում, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 24-ին: Ֆեոդոր Դոստոեւսկու անավարտ ռոմանը թարգմանել ու բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը, նկարչական ձեւավորումն արել է Արեգ Միրիջանյանը, իսկ դերերում են Արթուր Մանուկյանը, Լուսինե Հարությունյանը, Նարինե Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը եւ այլք:

Լիդիա Գրիգորյանն՝ «Անկոչ Աննան» դրամայի փորձին


Լիդիան BRAVO.am-ին հայտնել է, որ փորձերն ընթանում են արդեն երեք ամիս. «Գրիգորը վաղուց էր ցանկանում այս գործը բեմադրել, ես էլ պիտի խաղայի, բայց չգիտեր՝ որ կերպարում։ Առաջարկեց գլխավոր դերը, սկզբում շատ էի վախենում, բայց նա ինձ հավատացրեց, որ կարող եմ: Փորձում եմ արդարացնել սպասումները։ Հպարտ եմ, որ այնպիսի խաղընկերներ ունեմ, որոնց օգնությամբ կարողանում եմ իմ կերպարը գտնել։ Հերոսուհու կյանքի երեք փուլի մասին է՝ 9-17 տարեկանը, բայց այնպես է գրված, որ ես չեմ ձգտել փոխել ձայնս, անգամ ներկայացման ողջ ընթացքում միեւնույն հագուստով եմ եւ բոբիկ։ Պատմությունը պտտվում է իմ հերոսուհու շուրջ, բայց տեսարանների զարգացումը նրանից կախված չէ»:

«Անկոչ Աննան» դրամայի փորձերին


Դերասան-ամուսինները զուգահեռ աշխատում են իրենց տատու-սրահում։ Զույգի որդին՝ 3-ամյա Էդուարդը, վաղուց հաճախում է մանկապարտեզ։ Լիդիան օրակարգն այնպես է կազմում, որ հնարավորինս շատ բան հասցնի անել, բայց երեխային քիչ ժամանակ տրամադրելն իր համար ամենացավոտ հարցն է.«Զգում եմ, որ կարոտում է, ուզում է մեզ հետ աշխատանքի ժամին էլ լինել, բայց շատ ակտիվ է, անհամբեր, երբ կողքիս է, ուշադրություն է պահանջում։ Ես էլ, Գագոն էլ ակտիվ ենք եղել, բայց իրեն ոչ ոք չի հասնի։ Շատ երաժշտական տղա է, լավ լսողություն ունի, մեկ տարեկանից արդեն ինքնուրույն ընտրում է երաժշտությունն ու երգում է, ես էլ մեկ-մեկ զարմանում եմ:)։ Նաեւ մեծ սեր ունի քաղաքի արձանների նկատմամբ. պաշտում է Սասունցի Դավթի քանդակը։ Եթե մենք քայլելիս երբեմն չենք նկատում արձանները, նա ցանկացած փոքր արձան նկատում ու ցույց է տալիս»։

Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Գրիգորյանն՝ իրենց որդու հետ


Դերասանուհին այժմ խաղում է միայն թատրոնում, իսկ հեռուստատեսությունում դեռեւս չի ցանկանում աշխատել.«Այսօր էլ մի առաջարկով զանգեցին՝ վստահ լինելով, որ միանգամից կհամաձայնեմ, բայց չհետաքրքրեց ու մերժեցի։ Սերիալում մի դաժան փորձից հետո որոշել եմ չնկարվել, հետագայում միգուցե մտափոխվեմ։ Երբեմն լավ ֆիլմեր նկարահանվում են, բայց տարբեր պատճառներով իմ մասնակցությունը չի ստացվել, կամ էլ ես ներգրավված չեմ եղել»։

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լիդիա Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW