×


Լիզիի եւ Վալենտինայի սիրավեպը Երեւանի հետ

“Ճանապարհը կյանք է’’. Լիզին եւ Վալենտինան անգլիացի գրող Ջեք Քերուակի հայտնի խոսքերն իրենց համար դարձրել են կյանքի փիլիսոփայություն եւ ապրելակերպ, ճանապարհորդում են “Chippy WorldWide Racing’’ գրությամբ “Մինի կուպեր”-ով, արդեն հասցրել են լինել 50 երկրում, օրերս էլ ժամանել էին Երեւան: BRAVO.am-ը աղջիկներին հյուրընկալել է խմբագրությունում, հետաքրքիր զրույց ունեցել եւ լուսանկարել:

Վալենտինան եւ Լիզին


Մոլուցքը` ճամփորդել

Վալենտինան Ռուսաստանից է, Լիզին` Հոլանդիայից, ծանոթացել են 7 տարի առաջ` Շվեյցարիայում, ընկերացել են եւ որոշել միասին շարունակել ճանապարհորդությունը` մեկնելով Իտալիա: Հաջորդ արձակուրդը կրկին միասին անցկացնելու նպատակով աղջիկները հանդիպում են մեկ տարի անց եւ 10 օրում այցելում 28 երկիր:

“Սկզբում մեզ միավորեց ճանապարհորդելու մոլուցքը. հաճելի էր միասին ժամանակ անցկացնել: Հետո էլ հասկացա, որ լավ մարդ է, եւ կարող եմ վստահել նրան”,- ասել է Լիզին, իսկ Վալենտինան հավելել է, որ համերաշխ ընկերուհիներ են.“Հարգում ենք միմյանց: Իհարկե, տրամադրության անկում կամ խնդիրներ լինում են, բայց երբեք թույլ չենք տալիս մեր մեջի “դրամաների թագուհուն’’ փչացնել ընկերությունը’’:

Որոնելով քաղաքի իրական ոգին

Ընկերուհիները նախապես ոչինչ չեն պլանավորում, անծանոթ քաղաքում կողմնորոշվելու հարցում օգնում են քարտեզները եւ քաղաքացիները: Երբեմն Լիզին եւ Վալենտինան ընդամենը մեկ օր են ունենում նոր վայրը բացահայտելու համար. ժամանում են քաղաք, նախաճաշում են, այցելում գեղատեսիլ վայրերը, ծանոթանում տեղացիների հետ եւ իրականությունը փորձում տեսնել հենց նրանց աչքերով. “Տեղացին քեզ երբեք թանկարժեք ռեստորան չի տանի, ցույց կտա առաջին հայացքից աննկատ վայրերը, որոնք էլ ստեղծում են քաղաքի իրական ոգին’’:

Լիզին եւ Վալենտինան


Աղջիկները մեկ այլ նախասիրություն էլ ունեն. մանկական գրքեր են գրում, արդեն իսկ տպագրել են 10 էջից բաղկացած 10 գիրք, որոնց շնորհիվ երեխաները կարող են պատկերացում կազմել տարբեր քաղաքների մասին, ծանոթանալ ավանդույթներին եւ սովորել մի քանի արտահայտություն: Յուրաքանչյուր գրքում ներկայացված է նաեւ հետաքրքիր մի միջադեպ, որ պատահել է նրանց հետ ճամփորդության ընթացքում:

Հանդիպում Ջարեդ Լետոյի հետ

Ուղեւորություններից մեկի ընթացքում Վալենտինան ու Լիզին հանդիպել են “30 Seconds to Mars” աշխարհահռչակ խմբին.“Շատ էի ուզում շփվել բենդի ֆրոնթմեն Ջարեդ Լետոյի հետ: Համերգից առաջ նրան պատմեցի մեր ճամփորդությունների մասին, նա էլ հրավիրեց Սան Տրոպեում կայանալիք շոուին: Առաջին շարքում էին նստած… Հրաշալի էր’’,- պատմել է Վալենտինան:

Վալենտինան եւ Լիզին


Աղջիկների խոսքով` Ջարեդ Լետոն հիասքանչ եւ ուժեղ անձնավորություն է.“Խմբի հոգսն իր ուսերին է, նա է կայացնում ամենակարեւոր որոշումները: Մեր “Chippy WorldWide Racing” նախագիծը երազանքից է ծնվել, նույնն էլ Ջարեդի դեպքում է եղել: Նրա հետ երազանքներից խոսեցինք: Հիմա էլ նույնը ձեզ եմ ասում` երազեք ու հավատացեք ձեր ցանկություններին, կտեսնեք, որ կիրականանան”:

Սիրավեպ Երեւանի հետ

Ընկերուհիները խոստովանում են, որ հենց առաջին հայացքից սիրահարվել են Երեւանին.“Բոլորը շատ հյուրընկալ են: Երբ ինչ-որ վայր ենք փնտրում ու հարցնում անցորդներից, միանգամից առաջարկում են ուղեկցել, օգնություն են առաջարկում: Փոքրիկ խախտում էի արել ավտոմեքենայով, ոստիկանները մոտեցան եւ մի քանի րոպե անց արդեն առաջարկում էին ցույց տալ քաղաքն ու ծանոթացնել մշակույթին: Նման ջերմություն որեւէ այլ տեղ չենք տեսել’’:

Վալենտինան եւ Լիզին


Լիզին պատմել է, թե տարիներ առաջ մի հաղորդում է դիտել եւ տեղեկացել, որ հայերի ինտելեկտի գործակիցն (IQ) ամենաբարձրն է.“Շատ էի ուզում տեսնել աշխարհում ամենախելացի մարդկանց հայրենիքը: Երեւանը հենց այնպիսին է, ինչպիսին ակնկալում էի, շատ սիրեցինք ձեր քաղաքը: Տեսել ենք մի շարք եկեղեցիներ, այցելել ենք Մատենադարան, Ցեղասպանության թանգարան’’:

Գնահատելով կյանքի ամեն վայրկյանը

Այս տարի աղջիկներն արդեն չորս ամիս ճանապարհին են, նրանց հաջորդ կանգառը Վրաստանն է: Լիզին եւ Վալենտինան միասին իրականացնում են բոլոր երազանքներն ու գնահատում կյանքի ամեն վայրկյանը.“Հեռախոսով համացանց մտնելու փոխարեն ձեր կողքին նստած մարդու հետ զրուցեք: Քաջ եղեք, հավատացեք ձեր երազանքներին: Եվ միշտ հիշեք` ցանկացած միտք կարող է իրականություն դառնալ’’:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին